Արբիտրաժային դատարանի որոշումը կարո՞ղ է չկատարվել․ ՀԷՑ-ի պետականացման մասին
ՀԷՑ-ի պետականացման համար փոխհատուցում կվճարվի
Եթե բանը հասնի ՀԷՑ-ի պետականացմանը, կամ ազգայնացմանը, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Civilnet-ի հետ զրույցում նման արձանագրում է արել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Տաշիր գրուպ»-ը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ղեկավարում է 2015 թ․-ից։ Այս տարվա հունիսից նա կալանավորված է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։ Իսկ հուլիսի սկզբին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ընկերությունը պետականացնելու մասին օրինագիծ։ Տասն օր առաջ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց։
Ընդդիմությունը պնդում է՝ իրականացվում է «ՀԷՑ-ը խլելու» գործընթաց։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու։
Ասում է՝ այն կարգավորումները, որոնք կիրառվել են, առնվազն այս փուլում պետականացման մասին չեն։ Ինչ վերաբերում է բուն պետականացման գործընթացին, ըստ նախարարի, դրա վերաբերյալ դրույթներ առկա են երկրի օրենսդրության մեջ։
«Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ազգայնացման [պետականացման] հնարավորություն, իսկ Սահմանադրությունը նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն։ Սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն հատուցելի տարբերակով»,- ևս մեկ անգամ շեշտել է Գալյանը։
Վստահեցրել է՝ պետության նպատակը սեփականատիրոջը վնասելը չէ, այլ «վնասները նվազեցնելը, ռիսկերը կառավարելը, հնարավոր կոլապսն ու սաբոտաժը կանխարգելելը»։
ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ի սեփականացման մասին օրինագիծն այն բանից հետո, երբ վարչապետը հայատարեց քաղաքացիների կողմից ընկերության աշխատանքի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ստանալու մասին։ «Իմ մարզային այցելությունների ընթացքում զարմանքով և զայրույթով արձանագրել եմ, որ, ըստ էության, ՀԷՑ–ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Իմ վերլուծությունը հիմք է տալիս մտածել, որ այդ ամենը արվել է և արվում է ՀՀ-ում ներքին դժգոհություն գեներացնելու համար»,- նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցազրույցում Արդարադատության նախարարն անդրադարձել է նաև ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշմանը։ Մանրամասները՝ ստորև։
- Նոր ուժ հին դեմքերո՞վ․ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը
- ՀՀ-ում հոսանքի անջատումների և էներգետիկ անվտանգության մասին. տեսակետներ
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
«Արբիտրաժային դատարանի որոշումը կարող է չկատարվել, եթե հակասի հանրային կարգին»
ՀԷՑ-ի պետականացման մասին օրինագծի ընդունումից հետո ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը ՀՀ կառավարության դեմ արբւտրաժային հրատապ գործ էր նախաձեռնել։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նկատմամբ վերջերս ընդունված օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից»։
«Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում»,- օրերս հայտարարել էր «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը»։
«Ազատության» փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունից արբիտրը պահանջել է ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակվել է, թույլ չտալ նրան գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Արբիտրը նաև պահանջել է չկասեցնել ընկերության լիցենզիաները ու որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի սովորական բիզնես գործառնությունները:
Սակայն կառավարությունն արդեն ժամանակավոր կառավարիչ է նշանակել է իր ներկայացուցչին։ Պաշտոնը ստանձնել է իշխող կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Ավելի վաղ Կարապետյանները հայտնել էին՝ պետական մարմիններին ծանուցում են ուղարկել ներդրումային վեճի վերաբերյալ, որը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 30 տարի առաջ ստորագրված համաձայնագրի վրա: Նրանք ՀԷՑ-ը տնօրինում են նաև Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited ընկերության միջոցով։
Կարապետյանի թիմակիցներն ու ոլորտի մի շարք մասնագետներ պնդում են՝ արտակարգ արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն, հայտարարել է՝ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։
«Արբիտրաժի կողմից կայացված որոշումները, այո՛, կատարման ենթակա են։ Սա հիմնական կարգավորումն է, որը պետք է գործի։ Բայց կա նաև Նյու Յորքի կոնվենցիան, որին միացած է ՀՀ-ն, որը տարբերակում է հրատապ ռեժիմով՝ որպես հայցի ապահովման միջոց կայացված արբիտրաժային որոշումները՝ գործը, ըստ էության, լուծող արբիտրաժային որոշումներից»,- մանրամասնել է նա։
ՀԷՑ սեփականատերերի օգտին կայացված արբիտրաժային որոշումը պարտադիր կատարելու համար հայցվող կողմը պետք է համապատասխան դիմում ներկայացնի հայաստանյան դատարան, որի վերաբերյալ որոշումից հետո միայն այն պարտադիր կատարման ենթակա կլինի։
Նախարարի պարզաբանմամբ՝ Նյու Յորքի կոնվենցիան ներպետական դատարաններին թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»․
«Մենք գործ ունենք օրենքի կիրառության հետ։ Այդ օրենքը ինչի՞ մասին է։ Այսինքն՝ ինքը ապահովում է, ըստ էության, հանրային կարգը կամ գոնե բխում է հանրային կարգի ապահովման սկզբունքից, և սա գուցե հիմք է, որպեսզի որոշումը կատարման ենթակա չլինի»։
Գալյանի համոզմամբ՝ կառավարությունը չի կարող կանխորոշել՝ արդյո՞ք ներպետական դատարանները կճանաչեն այդ որոշումը պարտադիր կատարման ենթակա, թե՞՝ ոչ։ Ասում է՝ կա հստակ սահմանված իրավական ընթացակարգ։
«Կամավոր կերպով չկատարելու պարագայում կողմը կարող է դիմել ներպետական դատարան, որպեսզի այդ որոշումը պարտադիր կերպով՝ հարկադրաբար կատարվի։ Եվ կա հիմք [հանրային կարգին հակասելը] կոնվենցիոն իմաստով, ըստ որի՝ այդ որոշումը կարող է նաև չկատարվել»,- ամփոփել է նա։
Հայաստանի կառավարության արձագանքը
Գործադիրը չի հերքում, որ Կարապետյանների օգտին որոշում է կայացվել։ Միայն պնդում է՝ քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները։
«Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի՝
- միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
- հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
- ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,- ասված է հայտարարության մեջ։
Արբիտրաժի հրատապ որոշում կա, վերջնական վճիռ՝ դեռ ոչ
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ արբիտրաժը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կողմերից մեկը պահանջում է շտապ ժամանակավոր միջոցներ՝ մինչև վեճի բուն քննությունը։ Հրապարակված վճիռ, ըստ էության, իրենից ներկայացնում է միջանկյալ կամ ժամանակավոր միջոց։
Արբիտրաժի կանոնակարգի համաձայն՝ հրատապ որոշումը չի համարվում վերջնական վճիռ, սակայն պարտադիր է կողմերի համար՝ սկսած ընդունման պահից։
Նույն կանոնակարգի համաձայն՝ կողմերից որևէ մեկը (ՀԷՑ-ը կամ ՀՀ կառավարությունը) պետք է սկսի լիարժեք արբիտրաժային վարույթ։ Եթե հրատապ որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում այդ վարույթը չի սկսվում, ապա որոշումը դադարում է պարտադիր լինել։ Եթե 90 օրվա ընթացքում գործը չի փոխանցվում հիմնական Արբիտրաժային դատարանին, ապա որոշումն ուժը կորցնում է։
Հրատապ որոշումը դադարում է պարտադիր լինել նաև այն պարագայում, երբ Արբիտրաժային դատարանը կայացնում է վերջնական վճիռը։
Դատարանն իրավասու է վերջնական վճռով հաստատել, փոխել կամ չեղարկել հրատապ որոշումը։ Քննությունը կարող է ամիսներ տևել:
«Մենք շատ համբերատար կսպասենք վեճի, ըստ էության, քննությանը, իհարկե, կառավարությունը կներկայացնի իր փաստարկները, ու կտեսնենք, թե երբ միջազգային արբիտրն անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա»,- ավելի վաղ հայտարարել էր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Մասնագետների պարզաբանմամբ՝ իշխանությունները կարող են նաև հրաժարվել որոշման կատարումից։ Այդ դեպքում, սակայն, կանխատեսում են ծանր հետևանքներ։ Ասում են՝ վերջնական վճռի հրապարակման ժամանակ Հայաստանը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ գումար փոխհատուցել Կարապետյաններին։ Չեն բացառում նաև արտերկրում գտնվող ՀՀ ակտիվների բռնագանձման հնարավորությունը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀԷՑ-ի պետականացման համար փոխհատուցում կվճարվի