Ժառանգության արգելք Վրաստանի քաղաքացիների համար Աբխազիայում
Աբխազիան ընդունել է օրենք, որի համաձայն՝ 1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմին մասնակցած Վրաստանի քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները չեն կարող Աբխազիայի տարածքում անշարժ գույք ժառանգություն ստանալ:
Հաղորդվում է, որ այս նորամուծությունն ուղղված է «հանրապետությանը բարին չկամեցողների համար բոլոր սողանցքները փակելուն»:
1992-1993 թվականների վրացա-աբխազական պատերազմի արդյունքում 200 հազարից ավելի էթնիկ վրացիներ, ովքեր այդ պահին բնակվում էին Աբխազիայում, ստիպված եղան լքել այն: Նրանց պատկանող անշարժ գույքն աբխազական կողմն ազգայնացրել է, ապա բաշխել Աբխազիայի քաղաքացիների միջև, ովքեր պատերազմի արդյունքում մնացել էին առանց բնակարանի կամ տան կարիք ունեին:
Չնայած դրան՝ անշարժ գույքի մի մասի համար նոր տերերը ոչ պաշտոնական փոխհատուցում են վճարել նախկին տերերին: Իսկ որոշ վրացիներ իրենց բնակարանները վերաձևակերպել են այլազգի բարեկամների անունով:
Թեև վրացա-աբխազական հակամարտությունը մնում է չկարգավորված, գրանցվել են մի քանի դեպքեր, երբ Վրաստանի քաղաքացիներին հաջողվել է աբխազական դատարանում պաշտպանել իրենց կորցրած գույքի նկատմամբ իրավունքը:
Բացի այդ, ռուսական դատարաններ են ներկայացվել (մի մասը շահել է դատը) բազմաթիվ հայցեր` անշարժ գույքը վերադարձնելու այն մարդկանց, ովքեր ներկայումս Ռուսաստանի քաղաքացիներ են:
Հենց այդ միտման դեմ է ուղղված նոր օրենքը, որն ընդլայնում է ժառանգության սահմանափակ իրավունք ունեցող անձանց շրջանակը:
Այսպիսով, Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները չեն կարող Աբխազիայում անշարժ գույք ժառանգություն ստանալ, եթե նրանք՝
• «պայքարել են և (կամ) պայքարում են Աբխազիայի Հանրապետության անկախության և պետական ինքնիշխանության դեմ»,
• «ծրագրել, նախապատրաստել, սանձազերծել են պատերազմ Աբխազիայի Հանրապետության դեմ»,
• «1992 թվականի օգոստոսի 14-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Պետխորհրդի կողմից Աբխազիայի օկուպացիայի ժամանակ ներգրավված են եղել Վրաստանի զինված կազմավորումներում կամ այլ աջակցություն են ցույցաբերել Վրաստանի Պետխորհրդի օկուպացիոն ռեժիմին, այդ թվում՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետությանը և դրա կառույցներին, մասնակցել են Աբխազիայի Հանրապետության դեմ ռազմական, մարտական և ոստիկանական գործողություններին»: