ՀՀ-ում ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելն այսուհետ պարտադիր է
ՀՀ-ում ընտանեկան վեճերի համար կդիմեն հաշտարարի
Հուլիսի 1-ից Հայաստանում ընտանեկան որոշ վեճերի լուծման համար նախքան դատական գործընթաց սկսելը հաշտարարի դիմելը պարտադիր է։
Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել է Արդարադատության նախարարությունը։ Գերատեսչության գնահատմամբ՝ հաշտարարությունը կարող է լինել դատական գործընթացի արդյունավետ այլընտրանք, քանի որ ապահովում է վեճի արագ և պակաս ծախսատար լուծում։
«Խոսքը վերաբերում է ամուսնալուծության, երեխայի տեսակցության կարգի, ալիմենտի հետ կապված գործերին։ Բոլոր այն դեպքերում, երբ պետության միջամտությունը պետք կլինի, օրինակ՝ ծնողական իրավունքից զրկելը կամ որդեգրելը, ապա դրանք արդեն դուրս են մնում պարտադիր հաշտարարության շրջանակից»,- պարզաբանում է ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս դրույթի ուժի մեջ մտնելը մեծ աշխատանք է տարվել, որպեսզի գործընթացը սահուն իրականացվի։ Շեշտում է՝ պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրումը կարևոր առաջընթաց է դատաիրավական համակարգում։
- ՀՀ-ում կաջակցեն այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն անապահով մարդկանց
- ՀՀ-ում շատերն ուզում են երեք երեխա ունենալ, սակայն սահմանափակվում են մեկով
- Փաշինյանն ասում է՝ ՀՀ-ում ավելի լավ են ապրում, քան 2018-ին, քաղաքացիները համամիտ չեն
Ո՞ր գործերով է պարտադիր հաշտարարին դիմելը․ մանրամասներ
Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ հաշտարարությունն այսուհետ պարտադիր է հետևյալ դեպքերում՝
- ամուսնալուծության,
- երեխայի բնակության վայրի որոշման,
- ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման,
- ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման,
- երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման,
- երեխայի տեսակցության կարգ սահմանելու,
- ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ վեճի։
Կողմերը պետք է հաշտարարի ծառայությունից օգտվելու համար լրացնեն դիմում Հաշտարարության էլեկտրոնային համակարգի միջոցով։ Կարող են փոխադարձ համաձայնությամբ ընտրել իրենց հաշտարարին կամ այդ գործը վստահել համակարգին։
«Համակարգը ինքնաշխատ կերպով կնշանակի ձեր բնակության վայրին առավել մոտ գործող հաշտարարներից որևէ մեկին»,- հայտնում են գերատեսչությունից։
Հարկ է նկատել, որ հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք կողմերին օգնում են գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում:
Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։
«Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման»,- տեղեկացնում է նախարարությունը։
Կնպաստի դատարանների բեռնաթափմանը
Նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան Մարիա Պետրոսյանի խոսքով՝ որոշման ուժի մեջ մտնելու արդյունքում դատարանների ծանրաբեռնվածությունը կթեթևանա․
«Դատարաններից ստացված տվյալների համաձայն՝ 2023, 2024 թվականներին տարեկան 2800-3000 գործ է ստացվել, որոնք ենթակա կլինեին հաշտարարության միջոցով լուծման։ Ակնկալվում է, որ այդքան հոսք է սպասվում դատարաններից դեպի հաշտարարության ինստիտուտ»։
Փորձագետի խոսքով՝ հաշտարարությունը վեճերի լուծման ավելի կառուցողական մեթոդ է։ Ասում է՝ իրականացվող բարեփոխումները միտված են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը։
«Դա ենթադրում է, որ [ապագայում] ընդգրկվելու են ոչ միայն ընտանեկան գործերը, այլև բոլոր տեսակի քաղաքացիական, աշխատանքային վեճերը»,- նշել է Պետրոսյանը։
ՀՀ-ում գործող 123 հաշտարար կա
Այս մասին հայտնել է Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Գայանե Դեմիրչյանը։
Նրա խոսքով՝ հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ Գործունեությունը սկսելուց առաջ նրանք պետք է անցնեն որակավորման փուլ և արտոնագրվեն։ Վերապատրաստման դասընթացները կազմակերպում է Արդարադատության նախարարությունը։
«Դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերում բանակցային, հոգեբանական, կոնֆլիկտի կառավարման հմտություններ։ Դրանից բացի պետք է նաև տիրապետեն «Հաշտարարության մասին օրենք»-ին»,- նկատել է կազմակերպության նախագահը։
Հայտնի է, որ ներկա պահին գրեթե բոլոր մարզերում կան հաշտարարներ, որոնք գործելու են մշտական հիմունքներով։
«Այսինքն՝ իրենց հիմնական գործունեության վայրերը լինելու են մարզերը։ Նշեմ, որ հաշտարարները հնարավորություն ունեն նաև հեռավար աշխատելու»,- պարզաբանել է Դեմիրչյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում ընտանեկան վեճերի համար կդիմեն հաշտարարի