«Սպուտնիկ Ադրբեջան» գործողությունը. Մոսկվա-Բաքու լարվածության նոր փուլ
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալություն
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել Ռուսաստանին պատկանող «Սպուտնիկ Ադրբեջան» տեղեկատվական գործակալության Բաքվի գրասենյակում: Պետական լրատվամիջոցները պնդում են, որ ձերբակալված աշխատակիցները Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ են:
Հունիսի 30-ին իրականացված գործողության ժամանակ ձերբակալվել են գործակալության երկու աշխատակիցներ՝ ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը:
ՆԳՆ պաշտոնական հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է «հավատարմագրման չեղարկումից հետո ապօրինի ֆինանսավորման հիման վրա գործակալության գործունեությունը շարունակելու մասին օպերատիվ տեղեկատվության հիման վրա»:
Նշվում է, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 մարդ: Նրանցից երկուսը կալանավորվել են, մյուս հինգը քրեական պատասխանատվության են ենթարկվել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պլանավորում է պաշտոնական Բաքվի հետ քննարկել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ձերբակալված աշխատակիցների հարցը:
«Հուսով ենք, որ մոտ ապագայում ադրբեջանական կողմի հետ ուղիղ կապերի ընթացքում մեզ հաջողվի հասնել նրանց ազատ արձակմանը»,- նշել է նա:
Սակայն տեղի ունեցածի հիմքում ընկած պատճառները, ինչպես նաև միջադեպի շուրջ ստեղծված տեղեկատվական ֆոնը արդիական են դարձնում իրադարձության գնահատումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական, դիվանագիտական և աշխարհաքաղաքական համատեքստում:
Հավատարմագրում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այս տարվա փետրվարին հայտարարել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի հավատարմագրման չեղարկման մասին: Որպես որոշման հիմնավորում նշվել էր «լրատվության ոլորտում փոխադարձ հավասարակշռության սկզբունքը», այսինքն՝ Բաքվում աշխատող ռուսաստանցի լրագրողների թիվը պետք է լինի նույնը, ինչ Ռուսաստանում «Ազերթաջ» գործակալության աշխատակիցների թիվը:
Նշվում էր, որ չնայած հավատարմագրման չեղարկմանը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը շարունակել է իր գործունեությունը. աշխատակիցները գնացել են աշխատանքի, իսկ խմբագրությունը գործել է իր բնականոն ռեժիմով:
ԱԴԾ-ի հետ կապերի մեղադրանքներ
Գործողության նախնական փուլում իշխանամետ լրատվամիջոցներում հայտնվեցին պնդումներ, թե ձերբակալված անձինք Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ են: Սակայն հետագայում «Սպուտնիկ» գործակալությունը հերքեց այդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ձերբակալվածները լրագրողներ են և կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները:
Միջադեպից անմիջապես հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվեց ՌԴ արտաքին գործերի նախարարություն: Կրեմլը բավարարվեց կարճ և դիվանագիտական հայտարարություն տարածելով.
«Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Ցավում ենք Եկատերինբուրգի իրադարձություններից հետո Ադրբեջանի կողմից ընդունված որոշումների համար»:
Եկատերինբուրգյան իրադարձությունների ֆոնին
Ուշագրավ է, որ միջադեպը տեղի է ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանական ծագում ունեցող անձանց դեմ ոստիկանական հարձակումների ֆոնին, որոնք ուղեկցվել են մարդու իրավունքների լուրջ խախտումներով:
Հունիսի 27-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մի քանի ադրբեջանցիներ սպանվել են, տասնյակ անձինք՝ ձերբակալվել և ենթարկվել բռնության: Սաֆարովների ընտանիքի վկայությունների համաձայն՝ ոստիկանությունը կիրառել է էլեկտրաշոկ, նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերել և ֆիզիկական բռնության ենթարկել։

Քաղաքագետ Էլհան Շահինօղլուն այս իրադարձությունների ֆոնին ընդգծում է, որ Կրեմլին մոտ կանգնած տեղեկատվական հարթակներում ուժգնանում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հռետորաբանությունը:
Նա նշում է, որ ռուսամետ լրատվամիջոցները Եկատերինբուրգի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը ներկայացնում են որպես «ոչ բարեկամական վարքագիծ» և երկրի հասցեին հնչեցնում են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սահմանափակումը և միգրանտների նկատմամբ քաղաքականության խստացումը:
«Այս իրավիճակից ելք կա: Եթե Կրեմլը քննություն իրականացնի Եկատերինբուրգում ոստիկանական բռնության վերաբերյալ և մեր հայրենակիցների սպանության մեջ մեղավորներին ձերբակալելու որոշում կայացնի, ապա հարաբերություններում լարվածությունը կարող է մասամբ նվազել:
Բայց այդպիսի զարգացումներ կանխատեսելը դժվար է․ Կրեմլի մեդիա ռեսուրսները շարունակում են տեղի ունեցածի մասին տարածել կեղծ տեղեկություններ, թե, իբր, մեր հայրենակիցները մահացել են սրտի կանգից, իսկ ձերբակալվածները Եկատերինբուրգում քրեական գործունեություն են ծավալել: Այդպիսի պայմաններում դժվար թե Կրեմլն ընդունի ճշմարտությունը՝ այնպես, ինչպես եղավ ինքնաթիռի կործանման պարագայում»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալություն