«Մոսկվան փորձում է ՀՀ-ում «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել»․ հայ քաղաքագետ
ՌԴ-ն ու Սամվել Կարապետյանը
Հայաստանում շարունակում են ակտիվորեն քննարկել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը։ Օրերս Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը գործարարին երկու ամսով կալանավորելու որշում կայացրեց։ Կարապետյանի դեմ քրեական վարույթ էր նախաձեռնվել զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն, ՀՀ կառավարության լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու հիմքով։
Վերջին մի քանի օրերի ընթացքում պաշտոնական Մոսկվան բազմիցս մեկնաբանել է թեման և ընդգծել, որ Կրեմլը «ամենաուշադիր կերպով» հետևում է ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրաիճակին։
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պնդել է՝ «մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և պատերազմի հետևում են կանգնած»։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հրապարակել է հոդված, որում խոսել է հարևան Վրաստանում ՌԴ կիրառած քաղաքական տեխնոլոգիաների մասին և զուգահեռներ անցկացրել Սամվել Կարապետյանի ու Վրաստանի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլիի միջև։
«Կարելի է ենթադրել, որ Մոսկվայում տարածաշրջանի համակարգմամբ զբաղվող նոր դերակատարները որոշել են «հեծանիվ չհորինել» և գնալ արդեն մեկ անգամ անցած ճանապարհով կամ, այլ կերպ ասած, «Իվանիշվիլի-2» գործողություն իրականացնել, այս անգամ՝ Հայաստանում»,- ընդգծել է քաղաքագետը։
Սամվել Կարապետյանի կալանավորման համար հիմք էր ծառայել նրա հարցազրույցը։ Սամվել Կարապետյանն անդրադարձել էր եկեղեցի-իշխանություն հակասություններին և հայտարարել՝ ինքը եկեղեցու կողքին է։ Շեշտել էր՝ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի լուծել հարցը, իրենք իրենց ձևով կմասնակցեն «եկեղեցու դեմ արշավին»։ Իշխանությունները չէին բացառել, որ «մենք մեր ձևով» մասնակցությունը կարող էր ենթադրել զենքի գործադրում։
Գործարարի փաստաբանները, սակայն, պնդում են՝ հայտարարությունը եղել է եկեղեցուն և իշխանություններին հաշտեցնելու մասին։ Փաստաբանական թիմը բարձրաձայնում է Կարապետյանի նկատմամբ «քաղաքական հետապնդման մասին», կալանավորման որոշումն ապօրինի է համարում և արդեն իսկ բողոքարկել է այն։
Ռուսաստանաբնակ գործարարի անունը կապվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ։ Գործարարին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունը ՀԷՑ-ը ձեռք է բերել 2016 թվականին։ Վարչապետ Փաշինյանը պատահական չի համարում, որ Կարապետյանը սկսեց հայտարարություններ անել հենց այն ժամանակահատվածում, երբ կառավարության անդամները ստացան հանձնարարական՝ վերականգնել ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասները կամ պետականացնել կառույցը։
- «Դո՛ւրս Հայաստանից»․ Երևանում Վալենտինա Մատվիենկոյին դիմավորեցին բողոքի ակցիայով
- Լավրովի այցը Երևան. ավանդական ծրագիր և ոչ ավանդական ընդունելություն
- «Որոշ երկրներ շահագրգռված չեն՝ Հայաստանը նորից ՌԴ հետնաբակ դառնա»․ քննարկումներ Երևանում
«Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին»․ Կարապետյանի գրառումները
Գործարարի կալանավորման օրը ֆեյսբուքում բացվեց «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ» էջը։ Նշվում է, որ այն «ապօրինի հետապնդումների դեմ պայքարի» համար է։ Վերջին օրերին այս էջում փաստաբանական թիմը հրապարակում է գործարարի հայտարարությունները, որոնք առնչվում են նրա կալանավորման գործին և ոչ միայն։
Մասնավորապես, հրապարակվել է «Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին» վերնագրով երեք գրառում, որոնցում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «շուտով դատարաններն անկախ են լինելու, արդարությունն ու արդարադատությունը վերականգնվելու են»։ Նաև ակնկարել է, որ իրեն կալանավորել են «հարևան երկրի [Ադրբեջանի] նախագահի պահանջով», երկիր, որտեղ իր նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 4 տարի առաջ նույն օրը՝ հունիսի 18-ին։
Երրորդ գրառման մեջ ռուսաստանաբնակ գործարարը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններին հաջողվել է՝
- «ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը,
- ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի [ՌԴ-ի] հետ,
- ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքներ»։
«Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին՝ Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան»,- գրել է Կարապետյանը։
Նա ՀՀ իշխանություններին մեղադրել է «հայկական Արցախի կորստի, խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով ՀՀ տարածքներ հանձնելու, Զինված ուժերը քանդելու» մեջ։
«Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները»,- գրել է նա՝ նկատի ունենալով ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությանը։
Կարապետյանը նշել է, թե իշխանություններն «էժանագին կեցվածքով» վազում են հարևան երկրների ղեկավարների հետևից։ Վստահեցրել է՝ շուտով երկրի արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է»։
Թե ինչպես և ում օգնությամբ է պատրաստվում դա իրականացնել՝ գործարարը չի հստակեցրել։
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնություն
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կարապետյանի կալանավորումից երկու օր անց ևս խոսել է Մոսկվայի՝ ՌԴ քաղաքացուն աջակցելու պատրաստակամության մասին․
«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենաուշադիր կերպով հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին»։
Ավելի վաղ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել՝ ՌԴ քաղաքացին, ռուսաստանցի գործարարը միշտ օգնություն և աջակցություն կստանա երկրի իշխանությունների կողմից, եթե անձամբ կամ փաստաբանների միջոցով դիմի դեսպանատուն։
«Ազգային խայտառակություն է»․ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը որակել է որպես «գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողություն»։
«Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Քոչարյանի գնահատմամբ՝ «այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով»․
«Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»։
«Իշխանությունը փորձում է կանխել հանրության հնարավոր մոբիլիզացիան»
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը կարծում է՝ Կարապետյանին կալանավորելով իշխանությունը փորձում է կանխել եկեղեցու շուրջ հասարակության հնարավոր մոբիլիզացիան։
«Դա որևէ արդյունք չի տալու, որովհետև այն բառապաշարն ու գործողությունները, որոնց մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ պրոցեսներում, չեն կարող որևէ սցենարի դեպքում իշխանության համար օգտակար լինել»,- նկատել է Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ իրականացվում է ներքաղաքական հաշվարկի հիման վրա, և բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտ ստեղծել իշխանության համար, «փորձում են հանել խաղից»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Հայաստանը փորձում է հնարավորինս ավելի քիչ կորուստներով դուրս գալ աշխարհաքաղաքական ներկա իրադարձություններից։ Արցախի կորստից և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքներից հետո պարզ դարձավ, որ գոյություն ունեցող անվտանգային ճարտարապետությունը չի կարող վստահելի լինել փոփոխվող միջազգային հարաբերությունների պայմաններում։ Հայաստանում որոշում կայացվեց փնտրել և ներմուծել անվտանգային այլ հնարավորություններ։
Միաժամանակ, տեղի ունեցած իրադարձությունները մեծ ազդեցություն գործեցին տարածաշրջանում ուժային հավասարակշռության վրա։ Ռուսաստանը կորցրեց որոշումների կայացման հարցում գերակայությունը, ինչի արդյունքում այլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժեր իրենց ազդեցության մասնաբաժինը ավելացնելու հայտ ներկայացրին։ Նման զարգացումները որևէ կերպ չեն համընկնում տարածաշրջանում ռուսական շահերի և պատկերացումների հետ։
Ինչպես տարիներ առաջ Վրաստանում, այնպես էլ այսօր՝ Հայաստանում, ռուսական ազդեցության նվազումը Մոսկվան համարում է «իր իրավունքների նկատմամբ ոտնձգություն»։
Վրաստանի արևմտյան կողմնորոշումը մեղմելու, այնուհետև՝ ռուսական ազդեցության դաշտ բերելու նպատակով տարիներ առաջ վրացական արմատներով ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին գործուղվեց Վրաստան, որտեղ արդեն հաստատված ժողովրդավարական խաղի կանոններով կարողացավ հավաքել քաղաքական դաշտում ազդեցությունների «հսկիչ փաթեթը»։ Երբ անհրաժեշտ պահը, ըստ Մոսկվայի, հասունացավ, Իվանիշվիլին «բացեց խաղաքարտերը»՝ սկսելով աշխատել ռուսական տիրույթում և նվազեցնելով Արևմուտքի ազդեցությունը երկրում։
Թեև Իվանիշվիլու պարտիան ամբողջական հաջողություն չի կարելի համարել Ռուսաստանի համար, սակայն, հավանաբար, այս սխեման Մոսկվայում գնահատում են որպես հաջողված։ Դրանով կարելի է բացատրել նմանատիպ մեկ այլ փորձ՝ հայկական արմատներով ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի գործուղումը Հայաստան։
ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջև հակասությունների ֆոնին Սամվել Կարապետյանը կտրուկ հայտարարություններով հանդես եկավ, որից հետո կալանավորվեց։ Կալանավորմանն անմիջապես հետևեցին Ռուսաստանում գործող և Հայաստանում ռուսական շահերը սպասարկող տարբեր հանրային դեմքերի և քաղաքական գործիչների պաշտպանության կոչերը, իշխանություններին հակադրվելու ուղերձները, Կարապետյանի «իմիջի» վերաբերյալ իրական և միֆական պատմությունները և այլն։
Եթե համեմատում ենք Վրաստանում Իվանիշվիլու հայտնվելու հետ, ապա քաղաքական տեխնոլոգիաները չափազանց նման են տեղի ունեցողը պատահականություն համարելու համար։ […]
Ռուսաստանին կհաջողվի կասեցնել ՀՀ ինքնիշխանության վերականգնման ընթացքը, թե ոչ, կախված կլինի հայ հասարակության դիմակայունության աստիճանից և իշխանությունների վճռականությունից։ Սակայն պետք է նկատել, որ տեղի ունեցողը անկախության ճանապարհին ևս մեկ ծանր փորձություն է վերջին շրջանում այդքան աղետների մեջով անցած Հայաստանի համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՌԴ-ն ու Սամվել Կարապետյանը