«ՌԴ-ից Հայաստանի ունեցած կախվածությունները դարձել են սպառնալիք»․ հետազոտություն
ՀՀ կախվածությունը Ռուսաստանից. վերլուծություն
Տարբեր ոլորտներում Ռուսաստանից ՀՀ-ի ունեցած կախվածությունները վերափոխվում են Հայաստանի ազատության աստիճանը սահմանափակող մարտահրավերի, որը «շատ արագ կարող է գործիքայնացվել ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի միջոցների»։ Նման արձանագրում է արված Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի իրականացրած հետազոտության մեջ:
Ուսումնասիրության հեղինակներն են քաղաքագետներ Արեգ Քոչինյանն ու Ռոբերտ Ղևոնդյանը: Նրանք արձանագրում են՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում մշտապես բնորոշիչ գործոն են եղել հայկական կողմի միակողմանի կախվածությունները։ Ասում են՝ դրանք սկսել են որպես սպառնալիք գնահատվել միայն վերջին տարիներին, մասնավորապես՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո։ Դա հնարավոր չէր չնկատել, երբ «Ռուսաստանը փաստացի հրաժարվեց կատարել ՀՀ անվտանգության ապահովման հարցում իր՝ պայմանագրային ու Արցախում ստանձնած խաղաղապահության և անվտանգության պարտավորությունները»։
Հետազոտության 60-ից ավելի էջերում առանձին անդրադարձ է կատարվում ՌԴ-ից եկող սպառնալիքներին տարբեր ոլորտներում՝ տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ, տեղեկատվական, ֆիզիկական, ռազմաքաղաքական, ահաբեկչական և ժողովրդագրական։
Հեղինակներն առաջարկում են սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Շեշտում են՝ վերջին տարիներին Հայաստանի գրանցած հաջողությունները, այդ թվում՝ ՌԴ-ից սպառազինությունների գնման ոլորտում կախվածությունների նվազեցումը ապացուցում են՝ քաղաքական կամքի, կարողությունների ու գիտելիքի համադրման դեպքում հնարավոր է հաղթահարել կախվածության գործիքները։
JAMnews-ն առանձնացրել է ՌԴ-ից եկող ֆիզիկական, ռազմաքաղաքական և ահաբեկչական սպառնալիքներն ու դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկները: Հետազոտության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։
- «Որոշ երկրներ շահագրգռված չեն՝ Հայաստանը նորից ՌԴ հետնաբակ դառնա»․ քննարկումներ Երևանում
- «Հայաստանը չպետք է վախենա»․ կարծիք Թրամփ-Պուտին հնարավոր գործարքի մասին
- «ՌԴ-ն չի ուզում թույլ տալ, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ ուղեծրից»․ կարծիք Երևանից
Ուղիղ հարվածի հավանականությունը փոքր է, բայց գործիքակազմ կա
Հետազոտության համաձայն՝ գլխավոր սպառնալիքներից է ՀՀ ինքնիշխանության, պետականության և տարածքային ամբողջականության նկատմամբ ՌԴ-ից եկող ուղղակի սպառնալիքը:
Նշվում է, որ ուղիղ հարվածի սպառնալիքի հավանականությունը բավական փոքր է, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման․
«Եթե Մոսկվայում իրավիճակը գնահատվի ծայրահեղ անբարենպաստ, հնարավոր է՝ ՌԴ-ն համարձակվի անմիջականորեն ուժ կիրառել՝ ուղիղ հարվածի համար օգտագործելով Հայաստանում ժամանակավորապես տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժերը»։
Հնարավոր ֆիզիկական սպառնալիքների շարքում հեղինակներն առանձնացրել են՝
- ՀՀ սահմաններին ադրբեջանական սադրանքները, առավելագույնը՝ Ադրբեջանի ինտերվենցիան,
- ներքին անկայունությունների հրահրումը, մասնավորապես՝ «5րդ շարասյան» ներկայացուցիչների միջոցով:
Կարծում են՝ ֆիզիկական սպառնալիք է նաև հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններին ռուսական սահմանապահ ծառայությունների ներկայությունը։
Հեղինակները հիշեցնում են՝ հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի անցակետում միայն ՀՀ հատուկ ծառայություններն են ներկա, սակայն սահմանի երկայնքով տեղակայված են ՌԴ սահմանապահ զորքերը: Չեն բացառում, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կամ դրա նախապատրաստման փուլերում սահմանային հատվածներում ՌԴ-ն կարող է սադրանքների գնալ, քանի որ «հայ-թուրքական սահմանի բացումը չի համապատասխանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերին»:
Ռազմաքաղաքական գլխավոր սպառնալիքը ՀՀ Զինուժի կախվածությունն է ՌԴ-ից
Այդ կախվածությունը, առաջին հերթին, պայմանավորված է ռուսական զենք-զինամթերքի և ռազմական տեխնոլոգիաների առկայությամբ.
«Ռուսաստանի կողմից ՀՀ ԶՈՒ մատակարարումների ընդհատումերն այն գործողություններն են, որոնք ցանկացած պահի կարող են խաթարել ՀՀ Զինված ուժերի կողմից իրենց գործառույթների իրականացման արդյունավետությունը»։
Վերջին տարիներին Հայաստանը զենք է ձեռք բերում նաև այլ երկրներից՝ Հնդկաստանից, Ֆրանսիայից: Սակայն հետազոտությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախինում ՌԴ-ից ձեռք բերած մեծածավալ զինտեխնիկայի միջոցով ևս Մոսկվան կարող է ազդեցության լրջագույն լծակներ պահպանել Երևանի նկատմամբ, այդ թվում՝ սպառազինության սպասարկման, մարտական պայմաններում զենքերի գործարկման, զինամթերքի և այլ բաղադրիչների մատակարարման հարցերի միջոցով:
ԱՔՀԿ քաղաքագետները որպես ռազմաքաղաքական սպառնալիք են դիտարկել նաև հայ-ռուսական համատեղ զորամիավորումերի, օրինակ՝ ՀՕՊ համատեղ զորքերի գոյությունը։
Ընդգծել են՝ վերջին տարիներին առնվազն մեկ անգամ նշված զորամիավորումը փաստացի չի կատարել Հայաստանի ՊՆ-ի կողմից առաջադրված մարտական խնդիրը՝ հիմնվելով Մոսկվայից հրամանի բացակայության վրա.
«Նման իրավիճակներն էականորեն ազդում են բանակի մարտական պատրաստվածության, ինչպես նաև ռազմական գործողությունների ծրագրման ու իրականացման արդյունավետության վրա»։
Նշվում է, որ պետք է հաշվի առնել նաև ԶՈՒ-ի վրա ՌԴ ունեցած փափուկ ուժի ազդեցությունը։ Հայկական բանակի կադրերը հիմականում միայն ռուսերենին են տիրապետում, սպայական անձնակազմի գերակշռող մեծամասնությունը ռուսական դպրոցի ներկայացուցիչներ են, վերապատրաստվել են ՌԴ-ում:
Աշխատության հեղինակների խոսքով՝ այս իրողությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ՀՀ բանակում միջին և բարձր մակարդակի սպայակազմի համար նորագույն տեխնոլոգիաներին հասանելիությունը կապվում է ռուսական համարժեքների կամ ռուսալեզու գրականության հասանելիության հետ։
Կա նաև ՀՀ առաջին դեմքի ֆիզիկական ոչնչացման վտանգ
Վերլուծության համաձայն՝ ուղիղ հարվածի տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև մեկ այլ սպառնալիք՝ ՀՀ ղեկավարության կամ անձամբ առաջին դեմքի ֆիզիկական ոչնչացումը։
Ներկայացված է, մասնավորապես՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրինակը: Այն, ըստ հեղինակների, հիմք է տալիս ենթադրելու, որ նման իրավիճակները չի կարելի բացառել։
ՌԴ-ն կարող է ՀՀ-ում որոշում կայացնողների ֆիզիկական ոչնչացումը որպես տարբերակ դիտարկել՝ հաշվի առնելով
- «Ալեքսեյ Նավալնու, Եվգենի Պրիգոժինի, Սերգեյ Սկրիպալի, Բորիս Նեմցովի և բազմաթիվ այլ՝ ՌԴ իշխանությունների քաղաքականությունը քննադատող դերակատարների հետ պատահած դեպքերը,
- վերջին տարիներին ՀՀ-ում պարբերաբար բացահայտվող զինված խմբավորումները»:
Հայաստանի ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ այդ խմբավորումներից մեկը ներդաշնակեցում էր անցել Ռոստով քաղաքում, որտեղ գտնվում է ՌԴ ռազմական հետախուզության հատուկ նշանակության ստորաբաժանման ճամբարը։ Աշխատության համաձայն՝ հասանելի տեղեկությունները վկայում են՝ ժամանակին նույն ճամբարում էին նախապատրաստվել նաև 1998 թվականին Էդուարդ Շևարդնաձեի մահափորձի մասնակիցները։
Ի՞նչ է պետք անել ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնն առաջարկում է․
Արագացնել Հայաստանի Զինված ուժերի վերափոխման տեմպերը
Նոր սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ անհրաժեշտ է ապահովել այդ սպառազինությունը սպասարկող անձնակազմի կարողությունների շարունակական բարելավում։ Կարևոր է միջազգային համագործակցային մեխանիզմների ընդլայնումը։
Հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ սահմանապահ ծառայության ուժերով իրականացնել ողջ սահմանի պաշտպանությունն ու վերահսկողությունը
Հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին ռուսական ներկայության հնարավոր բացասական հետևանքները կառավարելու նկատառումներով պետք է խթանել և զարգացնել 2025 թ. հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության շրջանակներում ամերիկյան կողմի օգնությամբ ՀՀ սահմանապահ ծառայության կարողությունների բարելավման գործընթացը։
Օր առաջ ներդնել և ընդլայնել բանակում անգլերենի ուսուցման գործընթացները
Այդ գործընթացներում անհրաժեշտ է ներառել զինված ուժերի ամբողջ անձնակազմը, մշակել բանակում պաշտոնների նշանակման և հետագա բարձրացման գործընթացում անգլերենի պարտադիր թեստավորման համակարգ։
Ձևավորել միայն ՀՀ իրավասության տակ գտնվող զորամիավորումներ
Հայ-ռուսական համատեղ զորամիավորումներից բխող կախվածությունը հաղթահարելու համար պետք է բոլոր մասնագիտական ուղղություններով ձևավորել նոր՝ բացառապես ՀՀ իրավասության տակ գտնվող զորամիավորումներ, ինչի արդյունքում համատեղ զորամիավորումները ժամանակի ընթացքում ավելորդ կդառնան և դուրս կգան ՀՀ բանակի համակարգից։
Ապահովել հետախուզական, հակահետախուզական և իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության շարունակական աճ
Այս գործընթացը պետք է ուղեկցվի հատկապես կարևոր պաշտոնյաների անվտանգության ապահովման համակարգի զարգացմամբ։ Կարևոր է Հայաստանում ձևավորել (Night watch protocol) գործադիր իշխանության իրավունքի ուժով փոխանցելիության՝ առնվազն առաջին 15 հոգուց բաղկացած ցուցակ, որը կնվազեցնի ՀՀ-ում պաշտոնատար անձանց ֆիզիկապես վերացնելու միջոցով պետության քաղաքական կողմնորոշման վրա ազդելու հնարավորությունը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ կախվածությունը Ռուսաստանից. վերլուծություն