Հայ գրողների գրքերի վաճառքն աճում է․ ով և ինչպես է դրան աջակցում
Հայ գրողների գրքերի վաճառքն ակտիվացել է
Հայաստանյան գրախանութներում ավելացել են հայ հեղինակների գործերը՝ ինչպես հայտնի գրողների, այնպես էլ ժամանակակից: Եվ դրանցից շատերը դառնում են բեսթսելեր։
Գրախանութներն ու հրատարակչությունները սոցիալական մեդիայի էջերով հաճախ են տարածում հայ հեղինակների գրքերի մասին տեղեկություններ։ Դրանք այժմ ունեն լավ ձևավորում և շարվածք, մտածված շապիկներ: Այդ գրքերը գներով չեն զիջում արտասահմանյան հեղինակների հայերեն թարգմանություններին:
Հեղինակներից շատերն անձամբ են ներկայացնում իրենց գրքերը ընթերցողներին։ Տարբեր ձևաչափերով հնարավորություն են ստեղծում անկեղծ շփումների, քննարկումների, ներկայացումների՝ մեծացնելով ընթերցողների թիվը:
Հայ հեղինակների ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունը կարող է բացատրվել և այն հանգամանքով, որ նրանք՝ ի տարբերություն այլազգի գրողների, շոշափում են հայաստանցիների համար ավելի զգայուն թեմաներ, գրում են հայերեն, անձամբ զբաղվում են իրենց աշխատանքների առաջխաղացմամբ:
- «Գրադարակ»՝ ժամանակակից գրադարաններ Հայաստանի գյուղերի համար: Տեսանյութ
- Երևանյան սթրիթ արտ․ գրաֆիտիների հեղինակը, որը տարված է դիմանկարներով
- «Թատրոն տանիքում»․ ինչպես երազանքները իրականություն դարձան։ Տեսաբլոգ Հայաստանից
Մերօրյա հեղինակն ու նրա փորձառությունը
Արփի Մաղաքյանը մանկագիր է: Ունի տպագրված չորս գիրք՝ «Երևանյան հեքիաթներ», «Արևի համբուրած Շուշին», «Արտավազդ արքայի հեքիաթը», «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը»։ Վերջին երկուսը «Գաղտնագրեր անցյալից» հեքիաթաշարից են։
Արփին ակտիվ ներգրավվում է իր գրքերի հրատարակության գործընթացում։ Համագործակցում է նկարիչների, ձևավորողների և այլ մասնագետների հետ։ Անձամբ է զբաղվում դրանց հանրայնացմամբ:
Հաճախ նրան կարելի է տեսնել նաև գրքերի հրատարակությանն ու ընթերցանության կարևորությանը նվիրված միջոցառումներին՝ որպես բանախոս կամ կազմակերպիչ:
Իր գրքերն ընթերցողներին հասցնելու համար օգտագործում է սոցցանցային էջերը՝ կազմակերպում ուղիղ միացումներ, քննարկումներ և զրույցներ: Արփիի օրինակով կարելի է ենթադրել, որ լավ վաճառքների համար կարևոր է՝ ինքդ այն ներկայացնես լսարանին:
«Լավ վաճառվող հեղինակ եմ համարվում, որովհետև Հայաստանի նման փոքր շուկայի պարագայում կարողանում եմ գիրքս 3000 կամ 4000 օրինակով տպագրել: Սա շատ մեծ թիվ է հայաստանյան հեղինակի համար, մինչդեռ իրականում շատ փոքր քանակ է գրքի թողարկման համար»,- ասում է նա:
Վերջին օրերին տարբեր գրախանութներից զանգեր է ստացել։ Հեղինակին հայտնել են, որ սպառվել է «Տիգրան Մեծի հեքիաթը» գիրքը։ Դրա հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջացել։
«Դա հեղինակի համար շատ ոգևորիչ ու պարտադրող իրավիճակ է»,- համարում է նա:
Դպրոցական արձակուրդների ընթացքում է գիրքը սկսել մեծ քանակով վաճառվել։ Դպրոցականները փաստորեն ուզում են կարդալ այդ ստեղծագործությունը, եզրակացնում է Արփին.
«Զանգեր եմ ստացել ոչ միայն գրախանութներից։ Ծնողներն անձամբ էին ինձ հետ կապ հաստատում, որ գիրքս կարողանան ձեռք բերել: Շատ ուրախալի էր, որովհետև նման պահանջարկ երբևէ չէր եղել»:
Թե ինչու են իր գրքերը սիրվում և լավ վաճառքներ ունենում, բացատրում է մի քանի հանգամանքով՝ թեմատիկան, գրագիտությունը, նկարազարդումը և տպագրության որակը․
«Նաև կարծում եմ, որ հեքիաթներիս հիմքում եղած իրական փաստերն են մարդկանց գրավում։ Նրանք ուզում են կարդալ հետաքրքիր ստեղագործություն, որը նաև ուսուցանող կլինի»:
Արփին ունի ռեժիսուրական և լրագրողական կրթություն: Ու թեև այդ մասին չի բարձրաձայնում, գրքերի հաջողության գործում մեծ է իր դերակատարումը նաև որպես հաղորդակցության մասնագետ:
Գրախանութներում հայ գրողների ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրություն են նկատում
Վերջին տարիներին հայ գրողների ստեղծագործությունների վաճառքի աճը, իհարկե, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տեղական հրատարակիչներն ավելի շատ են տպագրում նրանց գործերը:
«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ ավելի հստակ պատկեր ստանալու համար, ցավոք, չունեն վիճակագրություն հայ հեղինակների ստեղծագործությունները նախընտրող գնորդների մասին․
«Միայն կարող եմ ասել, որ հայալեզու գրքերի վաճառքի թվերը գնալով աճում են: Հրատարակիչները կկարողանան տալ տվյալ, թե իրենց հրատարակած գրքերի վաճառքում քանի տոկոսն են կազմում հայ գրողների գործերը»։
Ըստ Վարդանյանի՝ «Բուկինիստ» գրախանութների ցանցը փորձում է օգտագործել հասանելի բոլոր միջոցները հայ գրողներին հանրահռչակելու համար: Պարբերաբար անդրադարձներ են անում սոցմեդիա հարթակներում, օժանդակում են նրանց ստեղծագործությունների շնորհանդեսների կազմակերպմանը, ներգրավում են տարբեր ցուցահանդես-վաճառքներում:
«Շատ լավ կլիներ, որ հայ գրողները հնարավորություն ունենային ներկայանալ լրատվամիջոցներին: Բայց գովազդի մասին օրենքը լրատվամիջոցներին թույլ չի տալիս անվճար եթեր տրամադրել թե՛ գրողին, թե՛ հրատարակիչին, թե՛ գրախանութին: Մինչդեռ, մեդիայով գովազդը կնպաստեր գրողների հանրահռչակմանը»,- նշում է Խաչիկ Վարդանյանը:
Շրջայց գրախանութներում, ընթերցողի կարծիք
Երևանյան մի քանի գրախանութներում ընթերցողների հետ հարցումների արդյունքում պարզ է դառնում, որ հայ ժամանակակից հեղինակներից բավականին շատ գործեր են կարդացել կամ մտադիր են ընթերցել: Հետաքրքրականն այն է, որ ժամանակակից գրողների մեծ մասը երիտասարդ են և արդեն մի քանի գործեր ունեն, որոնք հաջողությամբ վաճառվել են:
Հարցին, թե որտեղից գիտեն տվյալ ստեղագործողների և գրքերի մասին, մարդիկ պատասխանում են՝ հեղինակների սոցիալական մեդիա էջերից:
«Շատ տարված չեմ հայ ժամանակակից գրականությամբ և համարում եմ, որ այսօր ստեղծվում են միջակ գործեր։ Սակայն տպագրությունը խթանելու, նոր գրողների, նոր ավելի լավ գրական գործերի հայտնաբերման համար ժամանակ առ ժամանակ գնում եմ այսօրվա գրողների գրքերից: Մի երկու գործ էլ կարող եմ առանձնացնել որպես հաջողված»,- ասում է մասնագիտությամբ սոցիոլոգ Վաղարշ Բագրատունյանը։
Ընթերցանությունը նա ժամանակակից մարդու կյանքում կարևոր պահաջմունք է համարում: Ուրախ է, որ պարբերաբար տարբեր միջոցառումներ են անցկացվում ընթերցանությունը խթանելու նպատակով: Իր կարծիքով՝ դրանք ի վերջո հասնում են նպատակակետին։
Օրինակ է բերում՝ «Կարդալը նորաձև է» գովազդային արշավը Երևանում։ Ասում է՝ այն հաջողության հասավ մի քանի տարի անց, երբ նոր գրախանութներ բացվեցին, նոր ու ավելի որակյալ գրքեր թարգմանվեցին ու տպագրվեցին։ Չի տիրապետում վաճառքների մասին վիճակագրությանը, բայց գրախանութների աշխույժ անցուդարձը, ըստ նրա՝ շեշտակի աճի մասին է վկայում:
Ընթերցասերը համոզված է, որ ամենաքմահաճ մարդն էլ այսօր կարող է գտնել իրեն անհրաժեշտ մասնագիտական և գեղարվեստական գրականությունը մայրաքաղաքի մոտ երկու տասնյակ գրախանութներում։ Եվ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է գրավում ընթերցողներին, նկատում է Վաղարշը․
«Օրինակ, «Զանգակը» մշակույթ է ձևավորվել՝ գրախանութը դարձրել է նաև շփման, մտքերի փոխանակման, գրական քննարկումների և շնորհանդեսների կազմակերպման հիանալի միջավայր: Ինքս հաճախ եմ մտնում, որևէ գիրք վերցնում, և մի բաժակ թեյ խմելով՝ սկսում կարդալ՝ կտրվելով քաղաքային քաոտիկ միջավայրից»:
Նրա թերևս միակ ցանկությունն այն է, որ գրախանութները համալրվեն նեղ մասնագիտական գրականությամբ։ Ինքը նման գրքեր դժվարությամբ է գտնում Հայաստանում:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ գրողների գրքերի վաճառքն ակտիվացել է