Օրեր առաջ՝ ապրիլի 22-ին մահացավ վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Նրա անունը լայն ճանաչում է վայելում ողջ հետխորհրդային տարածքում, սակայն քչերը գիտեն, որ նա իր ստեղծագործական կարիերան սկսել է Աբխազիայի ավտոբուսի կանգառներից 1960-ական թվականներին:
«Ութոտնուկ», Պիցունդա
1967 թվականին աբխազական Պիցունդա քաղաքում ավարտվում էր մեծ առողջարանային համալիրի շինարարությունը, և երիտասարդ Զուրաբ Ծերեթելիին վստահեցին յոթ նոր բարձրահարկ պանսիոնատների ճակատային մասերի և տարածքի «բարեկարգման» աշխատանքները:
«Ես այն ժամանակ նույնիսկ չգիտեի, թե որտեղ է գտնվում Պիցունդան, այնտեղ ո՛չ ուսանողական տարիներին, ո՛չ ինստիտուտում աշխատելու տարիներին չէի եղել: Ի՞նչ ազգագրություն ռելիկտային անտառում: Այն ժամանակ Պիցունդան բոլորովին հայտնի վայր չէր»,- հետագայում հիշում էր Ծերեթելին:
Նա ստեղծեց մի քանի քանդակներ և պաննոներ, որոնք զարդարեցին նոր առողջարանը: Սակայն Աբխազիայում Ծերեթելիի գլխավոր ստեղծագործական «հետքը» դարձան ավտոբուսի կանգառները, որոնք ավելի շատ նման էին ֆանտաստիկ ֆիլմի դեկորացիաների:
Այս ինը ավտոբուսի կանգառները, որոնք ստեղծվել են ֆուտուրիստական ոճով, մինչ օրս իրենց տեղում են, թեև որոշները կիսալքված վիճակում են: Մասնագետների շրջանում դրանք համարվում են այս յուրահատուկ ժանրի լավագույն նմուշներից:
«Աքաղաղ», Պիցունդա
Ելնելով, հավանաբար, այն հանգամանքից, որ Աբխազիան գտնվում է ծովի ափին, սկսնակ քանդակագործը շատ կանգառների հաղորդել է «ծովային» ձևեր՝ խեցի, ալիք, ձուկ, ութոտնուկ, և պատել դրանք վառ խճանկարով:
«Ութոտնուկ-2», Պիցունդա
Այսպիսի, թվացյալ զուտ գործառնական օբյեկտները, ինչպիսիք են ավտոբուսի կանգառները, Զուրաբ Ծերեթելին վերածել է արվեստի գործերի, որոնք նույնիսկ ժամանակակից չափանիշներով տպավորիչ և ֆուտուրիստական են թվում: