10 մահ՝ 4 ամսում․ Հայաստանի բանտերում իրավիճակը մտահոգիչ է
Մահվան դեպքեր ՀՀ բանտերում
Ապրիլի 20-ին Հայաստանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է ինքնասպան եղել։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ 54-ամյա Զ․Խ․-ն ինքնաշեն պարանով կախվել է։ Սա այս տարի Հայաստանի բանտերում գրանցված 10-րդ մահվան դեպքն է և 5-րդ ինքնասպանությունը։
«Շարունակում եմ պնդել, որ քրեակատարողական հիմնարկներում վիճակը շատ է վատթարացել հենց այս իշխանությունների օրոք: Այսպիսի վիճակ ես չեմ հիշում ոչ մի ժամանակ»,- ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Անցած տարի երկրի բանտերում արձանագրվել էր 12 մահվան դեպք, հացադուլ էր հայտարարել 298, ինքն իրեն վնասել էր 200 բանտարկյալ։
Իրավապաշտպանների դիտարկմամբ՝ այս թվերը վկայում են, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում բանտերում մահվան, ինքնավնասումների դեպքերը նվազագույնի հասցնելու համար։ Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ խնդիրները լուծելու փոխարեն փորձ է արվում կոծկել դրանք։
- «Գյումրին՝ հակահեղափոխության պլացդարմ»․ ընդդիմության թեկնածուն քաղաքապետ ընտրվեց
- Ադրբեջանցի ակտիվիստը բանտից աջակցություն է խնդրել Հայաստանի վարչապետից
- ՀՀ-ն դադարեցրել է հայ ծերունու գլխատած ադրբեջանցու հետախուզումը․ կա՞ բացատրություն
«Դատապարտյալների ջարդ»
Վերջին շրջանում «Նուբարաշեն» ՔԿՀ անունը շատ է շրջանառվում։ Շաբաթներ առաջ էլ լուրեր էին տարածվել, որ այստեղ պահվող ցմահ բանտարկյալները ենթարկվել են դաժան ծեծի։
«5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել»,- ֆեյսբուքյան էջում գրել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների ներգրավմամբ ֆիզիկական ուժ էին գործադրել, քանի որ դատապարտյալներից մեկը սրել էր իրավիճակը։ Նա պահանջել էր մշտապես բաց պահել կերակրադռնակը, օրենքով հատկացված զբոսանքի ժամանակը երկարացնել և այլն: Բացի այդ, նույն դատապարտյալի դրդմամբ մյուսները զբոսանքի ժամին բարձր երգել են՝ խանգարելով ուրիշներին: Որոշում էր կայացվել պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ բանտ, ինչից հետո որոշ կալանավորներ ու դատապարտյալներ այրել էին ներքնակները, վնասել խցերի գույքը, հարվածել դռներին:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին ասել էր, թե «որևէ լիազորության վերազանցում» չի ֆիքսվել։
«Դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով՝ այրել են գույքը խցի։ Նրանք դրա իրավունքը չունեն, որին հետևել է համապատասխան վերաբերմունքը լիազորությունների շրջանակներում»,- մանրամասնել էր նա։
Ներքնակներ այրելու մասին պնդումը բանտարկյալները հերքել էին։ Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել էին, որ այրվել է ընդամենը մեկ սրբիչ։
Պատմել էին, որ Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողներն իրենց նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել, կոտրել են խցերի գույքը, վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցրել իրենց հասցեին:
«Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները»,- հայտնել էին ՄԻՊ գրասենյակից:
Մինչ այդ, սակայն, Արդարադատության նախարարը պնդել էր՝ «այս պահի դրությամբ որևէ հայտնաբերված վնասվածքով անձ մենք չունենք»։
Ի՞նչ էին արձանագրել անկախ դիտորդները
Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կա 391 կալանավոր, 183 դատապարտյալ: Դաժան ծեծի վերաբերյալ ահազանգերի ֆոնին բանտ էր այցելել դիտորդական անկախ խումբը։ Խմբի անդամներն արձանագրել էին անկհայտ դաժանության հետքեր։
«Դա պետք է հիմնավորվի ամեն մի դրվագով, որպեսզի դիտարկենք նաև ուժի կիրառման համաչափությունը»,- նշել էր խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։
Ասում է՝ բռնությունն այնքան դաժան է եղել, որ բանտի աշխատակիցներից մեկն իր մարմնով սկսել է պաշտպանել բանտարկյալին:
Դիտորդական խմբի գնահատմամբ՝ հատուկ ստորաբաժանման կողմից իրականացված գործողությունը չի կարելի իրավաչափ համարել։
Խմբի հրապարակած հրատապ զեկույցում կան նաև բռնության հետևանքով կապտուկների, ջարդված գույքի, հակահիգիենիկ, անխնամ խցերի լուսանկարները:

Կատարվածի, ինչպես նաև բանտի վատ պայմանների վերաբերյալ դիտորդները մի շարք հարցեր էին ուղղել Արդարադատության նախարարությանն ու Քրեակատարողական ծառայությունը։ Նախարարությունից ընդունել են՝ բանտը 40 տարի առաջ է կառուցվել, չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ Նշել են նաև, որ դրա նորոգման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, քննարկվում է նաև նոր բանտի կառուցման տարբերակը։
Ինչ վերաբերում է միջադեպին, գերատեսչության փոխանցմամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն, բանտարկյալների դեմ քրեական գործ է հարուցվել, մասնավորապես՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և բանտում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու հոդվածներով:
Մեկնաբանություն
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պայմաններն անտանելի են, բացակայում են սննդի, բուժօգնության, տարրական հիգիենայի պայմանները։ «Ազատության» հետ զրույցի պահին իրավապաշտպանին զանգահարել է հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներից մեկն ու տեղեկացրել՝ իրեն վատ է զգում, իսկ բուժանձնակազմն անտարբեր է, ընդամենը մեկ անգամ են իրեն այցելել։
«Մեկ այլ տեղեկություն էլ ունեմ՝ հացադուլի մեջ գտնվող անձը ևս փորձել է ինքնասպանություն գործել: Նրան փրկել են»,- հայտնել է Ալեքսանյանը։
Քրեակատարողական ծառայությունից հաստատել են՝ ինքնասպանության ևս մի փորձ կանխվել է: Այլ մանրամասներ, սակայն, չեն ներկայացրել։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սարսափելի իրավիճակ է․
«Ոչ միայն ցմահների, այլև ներքևի հարկերում։ Բիրտ ուժ է կիրառվում դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ: Այդպես չի կարող շարունակվել։ Չեք պատկերացնի՝ ինչքան ահազանգեր ենք ստանում։ Շատ-շատ։ Եվ հատկապես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վերաբերյալ»։
Ալեքսանյանն ասում է՝ երբ բարձրաձայնում են խնդիրների մասին, ասվում է, թե կառուցվելու է նոր բանտ։ Բայց հարցը միայն շենքային պայմանները չեն, այլ կալանավորների հանդեպ վերաբերմունքը։
«Սա գլխավոր հարցն է, որ պիտի հասկանան, որ այդ ՔԿՀ-ներում իրենց պատիժը մարդիկ են կրում»,- վրոդովվում է Ալեքսանյանը:
Քրեակատարողական հիմնարկներից պարբերաբար ահազանգեր ստացող իրավապաշտպանի խոսքով՝ փակ ռեժիմի տակ գտնվող անձինք արժանանում են խտրական վերաբերմունքի, բախվում անլուծելի խնդիրների, ինչի արդյունքում էլ ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի՝ հացադուլի, ինքնասպանության։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մահվան դեպքեր ՀՀ բանտերում