«Ոչ իրատեսական ակնկալիքներ չպետք է լինեն»․ ԵՄ-ՀՀ կոմիտեի նիստ Երևանում
ԵՄ-ՀՀ խորհրդարանական կոմիտեի 4-րդ նիստը
«Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարվա, ոչ էլ հաջորդ տարվա վերջում։ Այդ գործընթացը պահանջում է ժամանակ և որոշակի ջանքեր։ Սակայն ցանկացած բարեփոխում, որ Հայաստանը կձեռնարկվի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, ՀՀ-ն կդարձնի ավելի ուժեղ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը։
Նրա գնահատմամբ՝ եթե որևէ քաղաքական գործիչ խոստանում է, թե Հայաստանը կարող է մի քանի տարում անդամակցել Եվրամիությանը, դա ուռճացված ակնկալիք է։ Իրատեսական ժամկետն, ըստ նրա, 5, 7 կամ 10 տարին է։
ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին հաջորդած ասուլիսի ընթացում Ուշակովսը Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հետ և հայտարարել․ «Ընթացքը նույնքան կարևոր է, որքան արդյունքը»։ Նրա համոզմամբ՝ իրականացվելիք բարեփոխումները կուժեղացնեն երկիրն ու հնարավորություն կտան «ավելի վստահ որոշումներ կայացնել ապագայի վերաբերյալ»։
Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, դեսպաններ։ Գրեթե 4 ժամ մասնակիցները քննարկել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացված աշխատանքները, նախանշել առաջիկա անելիքները։
«50 տոկոսից ավելի կատարողական ցուցանիշ ունենք։ Իհարկե, սա լավագույն արդյունքը չէ, բայց մենք պետք է աշխատենք, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը լինի ավելին»,- համաձայնագրի մասին ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու տեղեկացրել, որ այս պահին մշակվում է նոր ճանապարհային քարտեզ։
Նիստի կարևոր դրվագները՝ ստորև
- «Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
- «ՀՀ-ն չի մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել այլ բանով, ուզում է լինել անկախ»․ էկոնոմիկայի նախարար
- «Եվրամիության համար ՀՀ-ն անդամության պոտենցիալ թեկնածու է»․ կարծիք Երևանից
Ի՞նչ փուլում է ԵՄ-ՀՀ երկխոսությունը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանն առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտներում։
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մասին՝ հիշատակել է ընդունված օրենքների, մշակված ուղեցույցների ու իրականացված հանրային իրազեկման աշխատանքների մասին։ Նշել է, որ դատաիրավական բարեփոխումներ են ընթանում, գերատեսչությունն ունի թվայնացման օրակարգ, որը պետք է նպաստի «մատչելի, արագ և արդյունավետ» արդարադատության իրականացմանը։
Արդարադատության, մասնավորապես՝ օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի շարքում թվարկել է՝
- ընտրական բարեփոխումները,
- օրենսդրության մոտարկումը ԵՄ օրենսդրությանը,
- անձնական տվյալների պաշտպանության ոլորտում տարվող աշխատանքները,
- սահմանադրական բարեփոխումները։
«Սահմանադրության հայեցակարգը կազմված է։ Այժմ աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որն ըստ ստանձնած հանձնառության՝ պետք է պատրաստ լինի մինչև 2026 թ․ ընտրությունները»,- հայտնել է նախարարը։
Արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանն ուզում է «տարածաշրջանում սահմանել անվտանգություն, որ հաստատի ՀՀ ճանապարհը դեպի Եվրոպա և ԵՄ»։
«Առաջընթացը, որը ԵՄ-ի հետ հարաբերություններում վերջին տարիներին գրանցվել է, ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ընդլայնելու մեր օրակարգը Եվրամիության հետ և տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»,- ընդգծել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը կլինի «մի փաստաթուղթ, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները», «կսահմանի նոր ուղենիշներ»։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիներն ուզում են շատ ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ։ Այդ մասին է վկայում նաև ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկն ազդարարող օրենքի ընդունումը։ Կարևոր է համարում Եվրամիության ձեռնարկած մի շարք քայլեր, մասնավորապես՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում ՀՀ-ին աջակցության տրամադրումը, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը․
«Դա Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում բերում է կայունություն և փոքրացնում է էսկալացիայի հավանականությունը»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ոստիկանական համակարգի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը։
Անդրադարձել է երկրի միգրացիոն քաղաքականությանը, այդ թվում՝ քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր տրամադրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու սահմանային կառավարման բարելավմանը։ Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում են բարեփոխումներ իրականացնել նաև Փրկարար ծառայությունում։
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն անդրադարձել է արտահանման ռազմավարությանն ու լաբորատոր կարողությունների զարգացմանը միտված աշխատանքներին։
ԵՄ դեսպանը՝ նվաճումների մասին
«Աշխատում ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի վրա, որի նպատակն է առևտրի, էներգետիկայի, կրթության ոլորտներում ունենալ ուժեղ համագործակցություն, որպեսզի երաշխավորենք, որ ՀՀ-ն կարող է օգտագործել իր բոլոր հնարավորությունները, որոնք մոբիլիզացվել են ԵՄ կողմից»,- խորհրդարանում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Մարագոսը նշել է, որ CEPA-ն ստորագրվել է 7 տարի առաջ, և այս տարիների ընթացքում մի շարք դրական փոփոխություններ են տեղի ունեցել արդարադատության, սոցիալական պաշտպանության, կրթության ոլորտներում, ոստիկանական համակարգում։
«Նվաճումների շարքում ես կնշեի նոր ինստիտուցիոնալ և իրավական շրջանակի ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարում, արբիտրացիոն կենտրոնի ստեղծումը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման տարբերակ, դատավորների բարեվարքության ստուգումները, միասնական սոցիալական ծառայության, նոր պարեկային ծառայության ստեղծումը»,- մանրամասնել է նա։
Մարագոսը ողջունել է նաև Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալու որոշումը։
«Շատ ավելին կարելի է անել ընթացիկ մարտահրավերները հասցեագրելու համար, կոռուպցիայի դեմ պայքարելու, օրենքի գերակայությունն ուժեղացնելու, մարդու հիմնարար իրավունքներին հետևելու համար»,- հայտարարել է նա և հավելել, որ կարևոր է քայլեր ձեռնարկել նաև երկրի տարածաշրջանային զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղություններով։
Դեսպանի համոզմամբ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ:
Շեշտում է՝ Եվրամիության նպատակն է աջակցել քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:
«Եվրամիությունը ՀՀ անվտանգությունը դիտարկում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մաս»
«Խաղաղության գործիքակազմից Հայաստանին աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ ԵՄ-ում կա կոնսենսուս` ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս: Որևէ անկայունություն, որը սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից: Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ: Կարծում եմ՝ ԵՄ-ն թույլ չի տա դրա կրկնությունը»,- շեշտել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Իշխող ուժի պատգամավորը կարևորել է նաև Հայաստանում՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը։ Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ մասին որոշում կայացվեց «ռեկորդային կարճ ժամանակում»՝ մի քանի շաբաթում, այնինչ սովորաբար նման որոշումների կայացումն ամիսներ է ձգվում։
2023 թ․-ի ձեռքբերումների շարքում Եղոյանն առանձնացրել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Շեշտել է՝ այդ որոշմանը Երևանը շատ-շատ երկար էր սպասել, տքնաջան աշխատել Եմ ինստիտուտների և անդամ երկրների հետ։
«Լիահույս եմ, որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումը կդառնա իրողություն: Համենայն դեպս, ՀՀ-ն իր կողմից անելու է ամեն հնարավորը դրան հասնելու համար»,- ասել է Եղոյանը:
Խոսելով ԵՄ հետ հարաբերությունների զարգացման մասին՝ Արման Եղոյանն ասել է՝ երբ 6 տարի առաջ ստանձնեց կոմիտեի համանախագահի պաշտոնը, երկկողմ հարաբերությունները լրիվ այլ մակարդակի վրա էին, իսկ Եվրոպական խորհրդարանն ուներ «այլ առաջնահերթություններ»։ Պատկերն, ըստ նրա, էականորեն փոխվել է վերջին 2-3 տարիների ընթացքում։
«Աջակցում ենք Հայաստանի որդեգրած խաղաղության օրակարգին»
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը խոսել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։
«Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը: Եվ մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,- շեշտել է նա։
Որպես ՀՀ հանձնառության օրինակ Ուշակովսը ներկայացրել է Երևանի՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկը։ Նշել է՝ Բաքուն մերժում է համագործակցությունը, բացի այդ, ուզում է դադարեցնել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը․
«Եվրամիության քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ ներկայացնում: Բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց համար ներկայացնել»։
Պատգամավորի փոխանցմամբ՝ ԵՄ-ն հետաքրքրված է Երևանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։ Ուշակովսի դիտարկմամբ՝ այն շատ կարևոր է թե՛ տարածաշրջանի, թե՛ Հայաստանի համար․
«Կարևոր է, որ ՀՀ-ն կարողանա ունենալ ազատ ընտրություն դեպի եվրոպական ապագա, ինչը ենթադրում է ունենալ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Սա ևս մի պատճառ է, որ մենք կենտրոնանանք կոմունիկացիաների բացման վրա»։
Նա աջակցություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Թուրքիային կոչ արել «սահմանային հարցերն առանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից»։ Նկատի ունի՝ հայ-թուրքական սահմանի բացումը պետք չէ կապել հայ-ադրբեջանական խաղաղության հետ։
«ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել»
Նիլս Ուշակովսը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը և հավելել՝ դա արտահայտում է այն, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար․
«Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել: Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրել իրենց ապագան»։
Նրա փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, սակայն ամեն բան կախված է նաև նրանից, թե ինչ տիպի հարաբերությունների է ձգտում հասնել Երևանը․
«Ակնհայտ է, որ ԵՄ-ին անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի՝ ըստ պահանջների, ըստ առաջնահերթության և ըստ չափորոշիչների»։
«Առաջիկայում ՀՀ-ԵՄ գործակցությունն ավելի սերտ ու արդյունավետ կլինի»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ առաջիկայում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը կլինի «ավելի սերտ ու արդյունավետ», քանի որ առկա է «ամուր քաղաքական կամք և հանրության պահանջ»։ Հայաստանն, ըստ նրա, իր պատմության մեջ նոր էջ է բացել․
«ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում ու հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է»։
Նկատել է՝ Երևանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: Հիշեցրել է Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։
Սիմոնյանի փոխանցմամբ՝ Հայաստանը փորձում է տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ վարել բալանսավորված քաղաքականություն, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտների դիվերսիֆիկացումն է:
Ընդգծել է՝ ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաև Եվրոպական միության անդամ երկրների հետ:
«Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին: Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակում»։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, որոնք ականջալուր են եղել Հայաստանի ահազանգերին, ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100.000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը:
«Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»,- արձանագրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ-ՀՀ խորհրդարանական կոմիտեի 4-րդ նիստը