«ՌԴ միջնորդությունը քիչ հավանական է, հետևանքները մեր մաշկի վրա ենք զգացել»․ ՀՀ ԱԺ խոսնակ
Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ միջնորդության մասին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը քիչ հավանական է համարում, որ Երևանը դիտարկի հայ-ադրբեջանական բանակցություններում Ռուսաստանի միջնորդության հնարավորությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է՝ եթե լինեն կոնկրետ առաջարկներ, հայկական կողմը կքննարկի դրանք։
«Սակայն անցյալի փորձը շատ վատ հուշեր է թողել։ Վերջիվերջո, կան չլուծված, մինչ օրս պատասխան չստացած հարցեր: Oրինակ՝ Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրի շրջանակներում»,- ընդգծել է խորհրդարանի խոսնակն ու հավելել՝ այդ ամենից հետո հայկական կողմը կարող է թերահավատությամբ ընդունել միջնորդության ռուսական առաջարկը։
Հիշեցրել է նաև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ու ռուս խաղաղապահների ստանձնած պարտավորությունների մասին և հռետորական հարց ուղղել՝ «հիմա ո՞ւր են ռուս խաղաղապահները, որտե՞ղ է այն հայ ժողովուրդը, որը բնակվում էր Լեռնային Ղարաբաղում»։
«ՌԴ միջնորդության հետևանքները մեր մաշկի վրա ենք զգացել, մեր երեխաների վրա ենք զգացել։ Այդ ցավը դեռ չի անցել։ Պետք է ահռելի ջանքեր ներդնեն, որ հայ ժողովրդին համոզեն իրենց անկեղծության մեջ։
Ամեն 100 տարին մեկ գալ ՀՀ-ն պաշտպանելու լոզունգով և հետագայում մեծ շահերի համար Հայաստանը, հայ ժողովրդին, մեր էրեխեքին մանրադրամ սարքել և հետո նորից գալ, դեմքի բարի արտահայտությամբ ասել՝ եկել ենք ձեզ նորից փրկելու, կներեք, բայց ինձ համար անընդունելի է։ Մենք այդ շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
Ճեպազրույցի կարևոր դրվագները՝ ստորև
- «ՀՀ տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»»․ Փաշինյանի ասուլիսի կարևոր դրվագները
- ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան ևս 2 տարի․ ի՞նչ զարգացումների սպասել
- «ՀՀ-ն պետք է առանց կոլապսի դեզինտեգրացվի ՌԴ-ից»․ կարծիք Երևանից
Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցային փաթեթը
Խորհրդարանի խոսնակի փոխանցմամբ՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչև օրս պատասխան չի ստացել: Սիմոնյանը ենթադրում է՝ միգուցե դա կապ ունի Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների սրման հետ։
Ըստ նրա՝ տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների «դրական կամ բացասական միջնորդությունների և առնվազն միջամտությունների փորձերի»․
«Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերի պարագայում դրանից հրաժարումը»։
Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնում է հայ-ադրբեջանական բանակցային փաթեթը։ Սիմոնյանը պատասխանել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ բացառել դա։
«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, ՀՀ անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան, այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են: Եվ դա մեր ձեռքում է»,- նկատել է նա և հավելել, որ այսօր կա «պատմական շանս»՝ այդ հարցը մեկընդմիշտ լուծել և սերունդներին թողնել խաղաղ համակեցություն։
«Ադրբեջանի կեցվածքը խիստ մտահոգիչ է»
Սիմոնյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են։ Ասում է՝ շարունակվում է սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
«Ճիշտ է՝ արդեն երրորդ ամիսն է, ինչ ադրբեջանական կողմը մեր առաջարկին [խաղաղության պայմանագրի] որևիցե արձագանք չունի: Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է, դրա մասին զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Կարծում եմ՝ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը»,- նկատել է նա։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ ՀՀ-ն որևէ մեկին մոլորեցնելու նպատակ չունի, և դա ակնհայտ է բոլոր միջազգային գործընկերների համար։
«Հայաստանը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին և պատրաստ է այդ մեխանիզմները քննարկել, որովհետև ՀՀ թե՛ իշխանության, թե՛ հանրության նպատակը հայտնի է. դա խաղաղության հաստատումն է»,- ընդգծել է նա։
«Ինչ էլ վերջում ստացվի, իրենք ասելու են՝ «միջանցքը» ստացանք»
Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը՝ Սիմոնյանը հայտարարել է՝ արտատարածքային, ՀՀ իրավասությունից դուրս ճանապարհ Ադրբեջանին չի տրամադրվելու։ Վստահեցրել է՝ բանակցություններն այն տրամաբանության մեջ են, որ ապաշրջափակումը լինի երկրների ինքնիշխանության ներքո:
Հիշեցրել է՝ 2024 թ․-ի աշնանը Կազանում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Երևանն ապաշրջափակման իր առաջարկներն է փոխանցել ադրբեջանական կողմին, արձագանք դեռ չկա։ ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար արվել են առանձին առաջարկներ և ՀՀ-ն այժմ էլ պատրաստ է քննարկել դրանք։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, ըստ նրա, ինչի շուրջ էլ կողմերը կարողանան համաձայնության հասնել, Բաքուն դա անվանելու է «միջանցք», ասելու է՝ «մենք մեր «միջանցքը» ստացանք․
«Ինչ ճանապարհ էլ լինի, մեր կողմից` ամենալավ պատկերացրած, իրենց կողմից` վատ պատկերացրած, իրենք դա անվանելու են «միջանցք»: Եթե անգամ 0 արտոնություն լինի, միևնույն է՝ իրենք քաղաքական առումով ասելու են՝ միջանցք»։
ԱԺ խոսնակի դիտարկմամբ՝ Երևանի դիրքորոշումն այս հարցում նույնն է՝ ՀՀ ինքնիշխանության, օրենսդրության շրջանցմամբ ճանապարհի տրամադրումն անընդունելի է։
Սիմոնյանի խոսքով՝ «միջանցքի» խոսակցությունը ծագել է, քանի որ եղել է ռուսական զորքերն այդտեղ բերելու նպատակ։ Ընդգծել է՝ վերահսկողությունը, որի մասին դրույթ կա նաև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ՌԴ-ն կարող է իրականացնել, օրինակ՝ տեսախցիկների օգնությամբ։
«Էսկալացիայի ռիսկը միշտ բարձր ենք գնահատում»
Լրագրողները Սիմոնյանին հարցրել են՝ արդյո՞ք կա էսկալացիայի վտանգ։ Ազգային ժողովի նախագահը նշել է՝ իշխանությունները 2020 թ․-ից ի վեր մշտապես աշխատում են «էսկալացիայի հավանականության տրամաբանության մեջ»։
«Մի քանի մեքենա ենք գնել, իրենք միլիարդներով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրների հետ պատերազմելու բավարար, և մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ»,- նկատել է Սիմոնյանը։
Շեշտել է՝ միշտ են բարձր գնահատում էսկալացիայի ռիսկն ու հավելել՝ «թուլանալու իրավունք չունենք»։
Սիմոնյանի խոսքով՝ որքան էլ ադրբեջանական կողմը փորձի միջազգային հանրությանը ներկայացնել, թե «ՀՀ-ն ինչ-որ ագրեսիա է մտածում», ամբողջը աշխարհն ասում է՝ «տեսնում ենք, գիտենք, որ նման բան չկա»։ Միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ խորհրդարանի խոսնակը տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի գործողությունների հետ կապված բավականին բացասական տրամադրություններ են առկա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ միջնորդության մասին