Ադրբեջանում ևս երկու լրագրող է ձերբակալվել մաքսանենգության մեղադրանքով
Շահնազ Բեյլերգըզիի, Շամշադ Աղաևի ձերբակալությունները
Ադրբեջանում ևս երկու լրագրող է ձերբակալվել մաքսանենգության մեղադրանքով։ Դատարանը որոշում է կայացրել Շահնազ Բեյլերգըզիի և Շամշադ Աղաևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանքը։
- Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին
- «ՀՀ տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»»․ Փաշինյանի ասուլիսի կարևոր դրվագները
- Ի՞նչ կլինի, եթե Վրաստանում ընթացող բողոքի շարժումը ձախողվի. կարծիք
«Toplum TV-ի գործով» իններորդ ձերբակալությունը
Երեկ՝ փետրվարի 6-ին, Բաքու քաղաքի Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ ձերբակալվել է լրագրող Շահնազ Բեյլերգըզին (Հուսեյնովա)։ Այս որոշմամբ բավարարվել է քննչական մարմնի՝ Ադրբեջանի ՆԳՆ-ի պահանջը, և Շահնազ Բեյլերգըզիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 ամիս 15 օր ժամկետով կալանավորումը։
Նրա փաստաբան Բախտիար Հաջիևը դատարանում դատավորի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Շահնազ Բեյլերգըզին ունի երկու անչափահաս երեխա, որոնք գտնվում են նրա խնամակալության տակ, ունի առողջական լուրջ խնդիրներ (շաքարախտ և գերճնշում), և նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան, քանի որ նա չի կարող թաքնվել քննությունից, չի կարող նաև լքել երկիրը․ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ելքի արգելք է դրված։
Այնուամենայնիվ, դատավարությանը ներկա գտնվող քննիչ Ալիբալա Հաջիևը հայտարարել է, որ այս փաստի հետ կապված հարուցվել է նոր քրեական գործ, և լրագրողը կարող է ազդեցություն գործել «կազմակերպված խմբի այլ անդամների վրա»։
Փաստաբան Բախտիար Հաջիևի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ գործը, որով ձերբակալվել է Բեյլերգըզին, «Toplum TV-ի» քրեական գործից առանձնացվել է հունվարի 21-ին։
Շահնազ Բեյլերգըզին նույնպես ելույթ է ունեցել դատարանում և հայտարարել, որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ, իսկ իր ձերբակալությունը կապված է լրագրողական գործունեության հետ։
Ինչպես «Toplum TV-ի գործով» մյուս ձերբակալվածներին, նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 162-1.1 (աշխատողներին որևէ աշխատանք կատարելու ներգրավելը՝ առանց օրինական ուժի մեջ մտած աշխատանքային պայմանագրի), 192.3.2 (անօրինական ձեռնարկատիրություն՝ կատարված խոշոր չափերով), 193-1.3.1 (հանցավոր ճանապարհով ստացված ունեցվածքի օրինականացում), 193-1.3.2 (…կատարված խոշոր չափերով), 206.4 (մաքսանենգություն՝ իրականացված կազմակերպված խմբի կողմից) և 213.2.1 (հարկերից խուսափում՝ իրականացված կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով։
Այս հոդվածներով կարող է նախատեսվել մինչև 12 տարի ազատազրկում։
Շահնազ Բեյլերգըզին եղել է անկախ առցանց լրատվամիջոց Toplum TV-ի հասարակական-քաղաքական ծրագրի հաղորդավարը։ Նա մի քանի անգամ հարցաքննվել է որպես վկա այս լրատվամիջոցի գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում։
2024 թվականի մարտին Toplum TV-ի խմբագրություն էին մուտք գործել մի խումբ ոստիկաններ, գրասենյակի դուռը կնքել էին, տեխնիկական սարքավորումները՝ առգրավվել, այդ պահին խմբագրությունում գտնվող բոլոր աշխատակիցները տեղափոխվել էին ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ աշխատակիցների մի մասն ազատ էր արձակվել։ Toplum TV-ի դեմ քրեական գործով ի սկզբանե ձերբակալվել էր 7 մարդ, ևս երկու աշխատակից գտնվում էին ոստիկանության հսկողության ներքո։ Նրանցից մեկը՝ Ֆարիդ Իսմայիլովը, ձերբակալվեց 2025 թվականի հունվարի 17-ին։
Շահնազ Բեյլերգըզին ձերբակալվել էր փետրվարի 5-ին, նրա բնակարանում խուզարկություն էր իրականացվել, նրա հեռախոսը, համակարգիչը և որոշ անձնական իրեր առգրավվել էին։
Նրա ձերբակալությունից մի քանի ժամ առաջ կառավարամետ առցանց լրատվամիջոց Baku TV-ում տարածվել էր Toplum TV-ի մասին նյութ, որում հիշատակվել էր նաև Բեյլերգըզին։
Arqument.az-ի գլխավոր խմբագիրը, Toplum TV-ի հաղորդավարը ձերբակալվել է «Meydan TV-ի գործով»
Նույն օրը՝ փետրվարի 6-ին, դատարանի որոշմամբ մաքսանենգության մեղադրանքով 2 ամիս 1 օր ժամկետով ձերբակալվել է երկրորդ լրագրողը՝ Arqument.az կայքի գլխավոր խմբագիր Շամշադ Աղաևը։ Նա նույնպես հաղորդում էր վարում Toplum TV-ում։ Սակայն Աղաևը ձերբակալվել է «Meydan TV-ի գործով»։
Հարկ է նշել, որ անցած տարվա դեկտեմբերի 8-ին 4 ամիս նախնական ժամկետով ձերբակալվել էին Meydan TV-ի աշխատակիցներ Ռամին Ջաբրաիլզադեն (Դեկո), Այնուր Գամբարովան (Էլգյունեշ), Այթաջ Ահմեդովան (Թափդըգ), Այսել Ումուդովան, Հայալյա Աղաևան, Նաթիկ Ջավադլին և Բաքվի լրագրողական դպրոցի փոխտնօրեն Ուլվի Թահիրովը։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 (մաքսանենգություն՝ կատարված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հոդվածով։
Շամշադ Աղաևի փաստաբան Շահլա Գումբատովան դատարանում հայտարարել է, որ Աղաևի ձերբակալման հիմքեր չկան, իսկ երկրից դուրս գալն արդեն իսկ արգելված է, քանի որ լրագրողն անցնում է «Toplum TV-ի գործով՝ որպես վկա»։
Սակայն քննիչ Սամիր Իսմայիլովը նպատակահարմար չի համարել Շամշադ Աղաևին ազատության մեջ թողնելը։
Լրագրողն ինքը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ձերբակալությունը կապված է իր լրագրողական գործունեության հետ։
Աղաևը նույնպես ձերբակալվել էր փետրվարի 5-ին։ Ոստիկանության աշխատակիցները նրան տանից տարել էին գիշերը ժամը 2-ին։ Լրագրողի բնակարանում իրականացվել էր խուզարկություն, որի ընթացքում առգրավվել էին նրա անձնական իրերը, նրա և ընտանիքի անդամների հեռախոսներն ու համակարգիչը։
2023 թվականի նոյեմբերից մինչ օրս մաքսանենգության մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալվել են լրատվամիջոցների 24 ներկայացուցիչներ։ Նրանք անցնում են երեք՝ «Abzas Media-ի», «Toplum TV-ի» և «Meydan TV-ի» քրեական գործերով։ Նույն ժամանակահատվածում ճաղերի հետևում են հայտնվել ևս երեք լրագրողներ, սակայն այլ մեղադրանքներով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Շահնազ Բեյլերգըզիի, Շամշադ Աղաևի ձերբակալությունները