Ի՞նչ կլինի, եթե Վրաստանում ընթացող բողոքի շարժումը ձախողվի. կարծիք
Ինչ կլինի Վրաստանում, եթե բողոքի ակցիաները ձախողվեն
Ընտրությունների փաստացի չեղարկում, Արևմուտքից մեկուսացում, կողմնորոշում դեպի ռուսական շուկա, կրթության համակարգում հատուկ ծառայությունների լիարժեք վերահսկողություն, ինտերնետային գրաքննություն: Քաղաքական վերլուծաբան Դավիթ Զուրաբիշվիլին ներկայացրել է իր ենթադրություններն այն մասին, թե ինչ իրավիճակում կարող է հայտնվել Վրաստանը, եթե բողոքի ակցիաները հաջողության չհասնեն և ներկայիս «Վրացական երազանքի» կառավարությունն ամրապնդի իր իշխանությունը:
Մեկնաբանություն
Քաղաքական վերլուծաբան Դավիթ Զուրաբիշվիլի
- Վրաստանը կմեկուսացվի Եվրամիությունից, Ամերիկայից և ամբողջ արևմտյան աշխարհից, Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը կչեղարկվի:
- Կդադարեցվեն Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից երկրում իրականացվող բոլոր ծրագրերն ու նախագծերը: Այդ ֆինանսավորման 90%-ն ուղղվում է սոցիալական աջակցությանը, պետական կառույցներին և ինքնակառավարման մարմիններին, այլ ոչ թե ոչ կառավարական հատվածին, ինչպես կարծում են «Վրացական երազանք»-ի շատ կողմնակիցներ:
- Կիրականացվի պետական կառույցների ամբողջական կադրային մաքրազերծում: Ռեժիմին հավատարմությունը կդառնա աշխատանքի ընդունման անհրաժեշտ պայման ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում:
- Ընդդիմությունն ու անկախ ԶԼՄ-ները կվերանան՝ պահպանելով միայն իրենց խորհրդանշական կողմը: Նույնը տեղի կունենա նաև մասնավոր հատվածի հետ:
- Վրաստանի զինված ուժերը զգալիորեն կկրճատվեն և կվերազինվեն ռուսական ու չինական արտադրանքով:
- Կներդրվի գրաքննություն ինտերնետում, տպագիր մամուլում և տեսահաղորդումներում:
- Դպրոցներում քաղաքացիական կրթության փոխարեն կներդրվի կրոնական կրթություն, և ուսուցիչ աշխատելու համար կհրավիրվեն անձինք, որոնց տվյալները նախապես ստուգված կլինեն անվտանգության ծառայությունների կողմից:
- Բարձրագույն ուսումնական հաստատությունները լիովին կհայտնվեն հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, իսկ դասախոսները կընտրվեն՝ ելնելով իրենց քաղաքական հավատարմությունից:
- Վրաստանը այլևս չի լինի Եվրոպայի խորհրդի անդամ, հետևաբար չի կատարի Ստրասբուրգի դատարանի որոշումները: Կարող է նաև առաջ քաշվել մահապատժի վերականգնման հարց:
- Ընտրությունները՝ որպես իշխանության փոփոխության մեխանիզմ, փաստացի կչեղարկվեն, իսկ իշխող կուսակցությունը բոլոր ընտրություններում կստանա ձայների 80-90 տոկոսը:
- Վրաստանը կանդամակցի այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնցում գերիշխող դեր ունի Ռուսաստանը:
- Վրացական բիզնեսն ու շոու-բիզնեսը կուղղորդվեն դեպի ռուսական շուկա:
- Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության բարձրագույն մարմինը կլինի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին:
- Այդ բարձրագույն անձի կամքի վրա ազդեցություն ունենալու միակ միջոցը կլինի Կրեմլ ներթափանցելն ու Մոսկվայից զանգահարելը: Բաքվից, Ստամբուլից և Պեկինից ստացված զանգերը կարող են ապարդյուն լինել:
Եթե այս կառավարությունը մնա իշխանության ղեկին, տեղի կունենան նաև այլ իրադարձություններ: Այստեղ թվարկված են միայն այն բաները, որոնք անկասկած կկատարվեն: Սա ոչ թե ենթադրություն է, այլ անխուսափելի իրողություն, և նման ապագայի ի հայտ գալը երկար չի տևի:
Հարց՝ արդյո՞ք մենք այդպիսի երկիր ենք ուզում: Ընտրությունը մերն է»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ինչ կլինի Վրաստանում, եթե բողոքի ակցիաները ձախողվեն