Լիազորությունների սահմանափակումից հետո «Վրացական երազանքը» լքել է ԵԽԽՎ-ն
«Վրացական երազանքը» լքել է ԵԽԽՎ-ն
Վրացական պատվիրակության ներկայացուցիչ Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ «Վրացական երազանքը» «դադարեցնում է իր աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում»։ Այդ հայտարարությունը հաջորդել է հունվարի 29-ին Վրաստանի հարցով քվեարկության արդյունքներին, որոնց համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) սահմանափակել է «Վրացական երազանք» կուսակցության պատվիրակության լիազորությունները, սակայն առայժմ ուժի մեջ է թողել մանդատը՝ պայմանով, որ «մինչև 2025 թվականի ապրիլ երկրում ազատ կարձակվեն քաղբանտարկյալները և կնշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ»։ Բանաձևին կողմ են քվեարկել 114 եվրոպացի պատգամավորներ, դեմ՝ 13-ը։
ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ի նշան դատապարտման ուժային կառույցների դաժանության և մարդու իրավունքների տարբեր խախտումների, որոնց «Վրացական երազանքի» կառավարությունը չի արձագանքել։
«Վրացական երազանքի» պատվիրակության համար սահմանված սահմանափակումները ներառում է, մասնավորապես՝ պատվիրակության անդամներին ԵԽԽՎ հանձնաժողովների լիիրավ անդամների կամ պատգամավորների պաշտոններից հեռացնելը։
Մինչ այժմ եղել էր երկու նման նախադեպ, երբ ԵԽԽՎ-ն կասեցրել էր Ռուսաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների մանդատները։
ԵԽԽՎ-ն Վրաստանի կառավարությանը կոչ է անում «անհապաղ ներառական գործընթաց սկսել բոլոր շահագրգիռ կողմերի և հասարակական գործիչների մասնակցությամբ, ներառյալ իշխող մեծամասնությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը՝ վերջին խորհրդարանական ընտրությունների [2024 թվականի հոկտեմբերի 26-ի] ընթացքում բացահայտված թերությունները վերացնելու և ընտրական միջավայր ստեղծելու նպատակով, ինչը կնպաստի առաջիկա ամիսներին իրապես ժողովրդավարական նոր ընտրությունների անցկացմանը»։
Վեհաժողովը «Վրացական երազանքի» կառավարությունից պահանջում է նաև․
- Ձեռնարկել անհապաղ և արդյունավետ քայլեր, որոնք Վրաստանին թույլ կտան վերսկսել եվրաինտեգրման գործընթացը՝ համաձայն իր ժողովրդի եվրոպական ձգտումների, էականորեն արագացնել անհրաժեշտ բարեփոխումները,
- Անհապաղ դադարեցնել ոստիկանության դաժանությունն ու մարդու իրավունքների խախտումները, արդյունավետ հետաքննություն անցկացնել այդ պրակտիկայի վերաբերյալ և դադարեցնել դատական գործընթացների չարաշահումը՝ որպես ցուցարարներին, լրագրողներին և հասարակական գործիչներին զսպելու կամ նրանց նկատմամբ հաշվեհարդարի միջոց, ինչպես նաև լիովին հարգել խոսքի և հավաքների ազատությունը,
- Մինչև Վեհաժողովի 2025 թվականի ապրիլյան նստաշրջանն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
«Վրացական երազանքից» վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵԽԽՎ-ի բանաձևը «անհեթեթ է» և վկայում է այն մասին, որ «եվրոպական բյուրոկրատիայի իրավիճակը սարսափելի է»։ Այս մասին նա հայտարարել է վրացական քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
«Նման անհեթեթ որոշումները ցույց են տալիս, որ եվրոպական բյուրոկրատիայի իրավիճակը սարսափելի է։ Ի վերջո, դա էապես չի փոխում մեր երկրի ընդհանուր իրավիճակը։
Տիկին Թեա Ցուլուկիանիի կողմից պատվիրակության անունից, մեր թիմի անունից հնչեցրած որոշումը շատ կարևոր էր։ Նշված որոշումն այլընտրանք չուներ, և բնականաբար, նման իրավիճակում մեր պատվիրակությունը չէր կարող շարունակել աշխատանքը ԵԽԽՎ-ում և դադարեցնում է իր աշխատանքը, խորհրդարանը հետ կկանչի պատվիրակությանը։
Իհարկե, վրացական պատվիրակությունը կվերադառնա ԵԽԽՎ այն բանից հետո, երբ կփոխվի վերաբերմունքը վրաց ժողովրդի և մեր երկրի նկատմամբ։ Այն իրավիճակում, որը մենք տեսնում ենք հիմա, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատանքն անիմաստ է», — ասել է Կոբախիձեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Վրացական երազանքը» լքել է ԵԽԽՎ-ն