«ՀՀ-ն կարող է հաբ դառնալ, հարևաններն են մեկուսացնում». Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը՝ հաղորդակցությունների բացման մասին
Հայաստանը պետք է ռազմավարական մոտեցում որդեգրի տարածաշրջանի հաղորդակցությունների բացման հարցում, քանի որ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը լրջորեն բարձրացնելու է բացվելիք ճանապարհի աշխարհաքաղաքական գինը: 1inTV-ի եթերում նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Բաբայանն ասում է՝ խոսք չի գնում միջանցքի մասին, բայց ոչ էլ հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի: Հաղորդակցությունների բացման հարցում ևս նախկին պաշտոնյան ոչ պոպուլյար կարծիք ունի:
Կարծում է՝ Երևանը չի համաձայնում ապաշրջափակմանը, ոչ թե այն պատճառով, որ Մոսկվան և Բաքուն հղում են անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու արտատարածքային միջանցք պահանջում, այլ այն պատճառով, որ «կան այլ շահառուներ»: Ըստ նրա՝ խոսքը Իրանի և Վրաստանի մասին է, որոնք դեմ են Հայաստանը դառնա տարանցիկ երկիր, քանի որ դա հարվածում է իրենց տնտեսական շահերին:
«Ճանապարհը՝ Միջին միջանցքը պետք է Արևմուտքին, Թուրքիային»
Ադրբեջանի նախագահը տարեսկզբին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»: ԼՂ-ի ՊԲ նախկին հրամանատարը կարծում է՝ Իլհամ Ալիևի հայտարարությունն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանին և Իրանին, ոչ թե ՀՀ-ին:
«Մոռանում ենք, որ Ալիևը ուրիշ մտքեր էլ արտահայտեց։ Եվրոպացիներին ասաց՝ Ադրբեջանով պիտի Կենտրոնական Ասիա գնաք, չէ՞, հո թունել չեք ծակելու Ադրբեջանի տակով, մեզ հետ պիտի խոսեք: Դրանից հետո խոսեց ճանապարհից»,- հիշեցրել է նա:
Նրա խոսքով՝ հաղորդուղիների հարցի լուծումն ավելի շատ Թուրքիային և Արևմուտքին է պետք.
«Եթե իրենք խնդիր են դրել Կենտրոնական Ասիան, Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու, ապա պետք է լինի այդ ճանապարհը՝ Միջին միջանցքը: Դրա համար Ադրբեջանը [ՀՀ-ին] ասում է՝ այնպես ենք անելու, որ ձեր վրա ճնշում լինի ու դուք համաձայնվեք, որքան էլ դուք խոսք տաք Իրանին, Վրաստանին, որ չեք անելու դա»:
Բաբայանի գնահատմամբ՝ Միջին միջանցքը Հայաստանին մի քանի միլիարդ դոլարի օգուտ կարող է բերել:
Եվ նա հորդորում է Հայաստանի իշխանություններին ակտիվ գործել, սկսել կառուցել անհրաժեշտ ենթակառուցվածքները։
«Հիմա հարց եմ տալիս՝ ԱՄՆ նախագահը հայտարարում է՝ Պանամայի ջրանցքը պիտի մեր հսկողության տակ լինի։ Ո՞ւմ համար է այն վերցնում վերահսկողության տակ, Չինաստանի՞: Չինաստանին մնում է Կենտրոնական Ասիայով՝ այս միջանցքով դուրս գա Եվրոպա»,- ասում է նա և հավելում, որ ճանապարհներ կառուցելիս պետք է հաշվի առնել նաև դրանց թողունակությունը:
Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև տնտեսական կոնֆլիկտը (այսպես կոչված «առևտրային պատերազը») առաջ է եկել Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, շարունակվել նաև Ջո Բայդենի օրոք: 2024 թ.-ի մայիսին Բայդենը բարձրացրել է, մասնավորապես, էլեկտրական մեքենաների և չինական այլ ապրանքների մաքսատուրքերը` սահմանափակելու համար չինական ապրանքների ներհոսքը:
«Մեզ մեր ձեռքով մեկուսացնում են»
Անդրադառնալով հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Բաբայանը նկատել է՝ խոսքը Սոթքով, Կապանով, Գորիսով և այլ հատվածներով անցնող ճանապարհների մասին է, բայց ոչ տարանցիկ ուղու, ինչի մասին խոսում է ինքը:
«Գլխավորը դա չէ։ Այն է, որ Իրանն էլ ասում է՝ ՀՀ-ով մի մտեք, դա մեր շահերին դեմ է, կարմիր գիծ է, բայց մեր տարածքով այս 60 կմ-ը շրջանցեք, մտեք: Ես էլ ասում եմ՝ մեզ համար էլ դա է կարմիր գիծ: Այսինքն՝ դուք մեզ մեր ձեռքով մեկուսացնում եք միայն նրա համար, որ ձեզ համար լավ լինի»,- պարզաբանել է նա:
Ասում է՝ տնտեսական շահեր ունի նաև Հայաստանի մյուս հարևանը՝ Վրաստանը, որի բյուջեի ուղիղ 45 տոկոսը գոյանում է տարանցման գումարներից. Ադրբեջանը նավթի, գազի տարանցման համար է վճարում:
Մյուս կողմից նկատում է՝ եթե ապաշրջափակում տեղի ունենա, ավելի կարճ ճանապարհներ ի հայտ կգան, օրինակ՝ շատերը կնախընտրեն դեպի Թուրքիա՝ Կարս գնալ Հայաստանի, ոչ թե Վրաստանի տարածքով:
«Հարևաններն իրենց տարանցիկ երկիր են հռչակել»
Հարցազրույցում նման արձանագրում է արել Բաբայանը, որը կարծում է՝ Հայաստանը պետք է հետևի այդ օրինակին: Նրա խոսքով՝ Իրանն ուզում է, որ Կենտրոնական Ասիայի և Իրաքի նավթն ու գազը գան իր տարածք, այնուհետև Հայաստանով, Վրաստանով՝ Սև ծովով դուրս գան Եվրոպա:
«Իրանը համարում է, որ Կենտրոնական Ասիայի Կասպյան ավազանի հարստությունները ոչ թե պետք է անցնեն Ադրբեջանով Իրան, այլ պետք է գան իր մոտ, իր մոտից Հայաստանով գնան»,- մանրամասնել է նա:
Բաբայանի խոսքով՝ եթե ճանապարհը կառուցվի, Ադրբեջանն էլ այդտեղով նավթ ու գազ հասցնի Միջերկրական ծով, Իրանի ազդեցությունը Բաքվի վրա կզրոյանա: Բացի այդ, կորուստներ կկրի նաև Վրաստանը.
«Վրաստանի կկորցնի 3.5 մլրդ դոլար, եթե տրանզիտը անցնի Հայաստանով: Թուրքիան այսօր 55 մլրդի առևտուր է անում Ռուսաստանի հետ, 15 մլրդ՝ Կենտրոնական Ասիայի հետ, այդ ամբողջ բեռնափոխադրումը կանցնի մեր տարածքով»:
Ընդգծել է՝ Հայաստանը պետք է կարողանա այս հարցի շուրջ բանակցել, լուծումներ գտնել․
«Կարողանո՞ւմ ենք անել, թե՞ ոչ։ Ուզո՞ւմ ենք անել, թե՞ ուզում ենք ծառայել ուրիշի, ոչ թե մեր ժողովրդին: Մինչև այս հարցի պատասխանը չտանք, ինչքան ուզում է Եվրոպա ու Արևմուտք ասենք․․․»:
«ՀՀ-ն կարող է բարձրացնել իր դերն ու երաշխավորել երկրի անվտանգությունը»
Ընդգծում է՝ Հայաստանի բոլոր հարևանները տարածաշրջանի հաղորդակցությունների բացման հարցում ունեն հակադիր շահեր։ Իսկ Երևանը չի կարող անցնել մեկի կողմն ու նրա շահը պաշտպանել։ Պետք է փորձի գտնել ոսկե միջինն ու կարողանա ի շահ ՀՀ գործել: Չի բացառում, որ այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ հաբ, որտեղով անցնում են տարբեր կոմունիկացիաներ․
«Գոռոզ չհայտարարենք, բայց բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, այսինքն՝ ՀՀ-ով են անցնում ճանապարհները, խաչմերուկները։ Իսկ արդյունքում տարածաշրջանում մեր դերն է բարձրանում և մեր անվտանգությունն է ինչ-որ տեղ երաշխավորվում։ Անվտանգությունը միայն բանակը չէ»:
Փակագծեր բացել Բաբայանը չի ցանկացել, նշել է, որ ապաշրջափակման վերաբերյալ իր առաջարկները գրավոր ներկայացրել է ՀՀ գործող իշխանություններին:
Շեշտել է՝ կառավարությունը պետք է սկսի կառուցել այդ ճանապարհները, դրանք համապատասխանեցնի միջազգային չափանիշներին և ապահովի պատշաճ ծառայություններ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սամվել Բաբայանը՝ հաղորդակցությունների բացման մասին