«ԱՄՆ-ից զենքի վաճառք դեռ չկա, բայց մենք շահագրգռված ենք»․ ՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ գործակցության մասին
«Մենք գոհ ենք Հայաստան-ԱՄՆ համագործակցությունից: Առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա: Լիահույս ենք, որ 2024 թ․-ի ձեռքբերումները 2025 թ․–ին կշարունակվեն, կավելանան, և մեր գործակցությունն ավելի կամրանա»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությանը՝ նշել է՝ շատ ուրախ է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին: Նախարարի գնահատմամբ՝ պաշտպանության ոլորտում մինչ այս առկա գործակցությունը «ամբողջությամբ տեղավորվում է նոր փաստաթղթի շրջանակներում»։
Օրինակ է բերել խաղաղապահ ոլորտում հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» զորավարժությունները (Eagle Partner), ինչպես նաև ԱՄՆ ներգրավվածությունը ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացում։
Պաշտպանության նախարարն ամփոփել է նախորդ տարի իրականացված աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ընթացքում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ գործակցությանը, ՀՀ զենքի ձեռքբերումներին, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
«ԱՄՆ հետ կնքված փաստաթուղթը չի ենթադրում սպառազինությունների վաճառք»
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նախատեսում է զենքի վաճառքի հնարավորություն։ Սուրեն Պապիկյանը պատասխանել է՝ նման բան փաստաթղթում չկա․
«Բնականաբար, մենք շահագրգիռ ենք, որ գործակցությունը մի օր հանգի նմանատիպ համագործակցության»։
Նախարարի գնահատմամբ՝ հայ-ամերիկյան գործակցությունը կառուցված է ինստիտուցիոնալ և երկարաժամկետ հիմքերի վրա։
Արձանագրել է՝ մեկ գործընկերոջ կամ միայն Զինված ուժերի վրա պետք չէ դնել սահմանների անվտանգության «բեռը»։ Համոզված է՝ այն պետք է երաշխավորել բալանսավորված քաղաքականությամբ՝ ինչպես արտաքին, այնպես էլ տնտեսական։
«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ գործակցությունն ուղղված է ՀՀ պաշտպանական կարողությունների մեծացմանը»
Վստահեցրել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Պապիկյանի փոխանցմամբ՝ երկու երկրներն էլ «որպես խորհրդատու» աջակցում են նույն նպատակին՝ Հայաստանի Զինված ուժերի կերպափոխմանը․
«Այն հնարավորությունները, որ մեզ ընձեռում են, կարևոր են մեր բանակի ինստիտուցիոնալ բարեփոխման և նոր կառուցակարգերի ստեղծման համար»։
Նախարարը շեշտել է՝ առանցքային նշանակություն ունի, հատկապես ԶՈՒ-ում պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրումը։ Հենց դրան են ուղղված լինելու նախարարության առաջիկա ծրագրերը։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի մատակարարումներին՝ Պապիկյանը, հերթական անգամ, հայտարարել է՝ դրանք ձեռք են բերվում պաշտպանական նպատակներով և հավելել․
«Հայաստանի Զինված ուժերը որևէ մեկի հետ սպառազինությունների հարցում մրցակցելու խնդիր չի դրել»։
«Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն ՀՀ-ով և Ադրբեջանով»
Պապիկյանը նշել է, որ նոր էսկալացիայի հիմքեր չի տեսնում։ Ընդգծել է՝ ՀՀ-ը հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու նարատիվով, յուրաքանչյուր խնդրի մասով ունի առաջարկներ ու լուծումներ, որոնք ներկայացրել է ադրբեջանական կողմին։
«Կարծում եմ՝ երկխոսությամբ, մեր առաջարկները քննարկելով, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության ավելի հանրային դարձնելու միջոցով հնարավոր է՝ կարողանանք տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,- ասել է նա։
Մյուս կողմից նկատել է՝ անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն Հայաստանով և վերջինիս մեկ հարևանով (Ադրբեջանով), այլ ամբողջ տարածաշրջանով։
«Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- շեշտել է նա։
«Դե ֆակտո ՀԱՊԿ հովանու ներքո չլինելու ՀՀ որոշումը լեգիտիմ է»
«Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից»,– հայտարարել է Սուրեն Պապիկյանը։
Հիշեցրել է՝ Հայաստանը չի չեղարկել Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ, չի դադարեցրել անդամակցությունը նաև ՀԱՊԿ ռազմական դաշինքում։ Շեշտել է՝ «մենք չենք մեղավորը, որ ՀԱՊԿ-ում գեթ մեկ սպա չկա ՀՀ-ից»։
Պաշտպանության նախարարը նշել է՝ պաշտոնական Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա պահելու հարցում․
«Բայց երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին և փորձում ենք խոսել 2022 թ․-ի իրադարձությունների մասին ու միանգամից տեղափոխվել 2025 թվական, ասել, որ ամեն ինչ շատ լավ է, այդպես չէ։ Մենք հարցեր ունենք, որոնք օբյեկտիվ են»։
Պապիկյանի դիտարկմամբ՝ այդ հարցերը առողջ քննարկումների արդյունքում պետք է ստանան պատասխաններ, որոնցից էլ կախված կլինի ՀՀ-ՌԴ «հետագա համագործակցության խորությունն ու մակարդակը»։
«Չմատակարարած զենքի գումարը ՌԴ-ն կնվազեցնի Հայաստանի պարտքից»
Նախորդ տարվանից ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչ է լինելու ՀՀ վճարած գումարի հետ, որի դիմաց Ռուսաստանն այդպես էլ զենք չմատակարարեց։ Խոսքը շուրջ 250 մլն դոլարի մասին է։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ նախարար Պապիկյանը նշել է, որ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ գումարը պակասեցվելու է «միջպետական պարտքից»․
«Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ փուլում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել»։
Ընդգծել է՝ դա միակ պայմանագիրը չէ Հայաստանի և Ռուսաստանի միջև: Նրա փոխանցմամբ՝ կան պայմանագրեր, որոնք պատշաճ կատարվում են, կան նաև այնպիսիք, որոնք ուշացումների բերումով կարող են հանգեցնել «հետևանքների՝ տույժ-տուգանքների»։ Այլ մանրամասներ, սակայն, Պապիկյանը չի հայտնել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ գործակցության մասին