«Ժառանգություն Թրամփի վարչակազմին»․ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հաստատում
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրություն
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Փաստաթղթում ընդգծվում է, որ կողմերն ունեն փոխադարձ ցանկություն ամրապնդելու հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության։
«Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»,- ասված է կանոնադրությունում։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ փաստաթուղթը ձևավորում է հարաբերությունների ամուր հիմք և հավելել, որ «հավակնոտ նպատակներն» իրագործելու համար Երևանը ցանկանում է շարունակել գործակցությունը ԱՄՆ նոր վարչակազմի հետ։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է՝ փաստաթուղթը համաձայնեցվել է ԱՄՆ նոր վարչակազմի հետ, այն կառաջնորդվի ստորագրված կանոնադրությամբ։
«Դեմոկրատների վարչակազմն իր պաշտոնավարման վերջին շաբաթվա ընթացքում ինստիտուցիոնալացրեց այն ողջ ճանապարհը, որն անցել էր Հայաստանի հետ հարաբերություններում։ Մյուս կողմից դա՝ որպես քաղաքական ժառանգություն, թողեց հանրապետականներին, որոնք էլ վերցրին էստաֆետը»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է Մեհրաբյանը։
Հայաստանն ու ԱՄՆ-ն 2024 թվականին ակտիվացրել էին քաղաքական երկխոսությունը։ Ապրիլի 5-ին տեղի էր ունեցել ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպում։ Հունիսի 11-ին Երևանում կազմակերպվել էր Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստը։ Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։
3 կարևոր արձանագրում Միրզոյանի և Բլինքենի ելույթներից
Նախքան կանոնադրության ստորագրումը ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ արտգործնախարարը հանդես են եկել ելույթներով։ Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին Հայաստան է ժամանելու «մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ»։
«Այն աշխատելու է հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման և Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ` «Արծիվ գործընկեր»-ի նման զորավարժությունների միջոցով»,– հայտարարել է Բլինքենը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս համգամանքից բացի իր խոսքում նշել է, որ Հայաստանը՝
- մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով իր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին,
- սկսում է բանակցություններ ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։
«Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- մանրամասնել է նա։
Պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը կընդլայնվի
Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար։ Երևանն ու Վաշինգտոնը մտադիր են «ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը»։ Նախատեսվում է, մասնավորապես՝
- առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնել երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ,
- մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով աջակցել Հայաստանի զինված ուժերին,
- ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը,
- զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի շրջանակներում Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և ՊԵԿ կարողությունների զարգացմանը,
- շարունակել կազմակերպել առկա կամ նոր կիբերսպառնալիքների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ և այլն։
Ամուր քաղաքական աջակցություն Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Կանոնադրությունում շեշտվում է, որ Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար հիմնարար է «արժանապատիվ և հարատև խաղաղությունը»․
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։ Հիշատակվում է Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները, ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով»,- ասված է փաստաթղթում։
Կուսումնասիրվեն երկկողմ առևտրի և ներդրումների ավելացման հնարավորությունները
Երևանն ու Վաշինգտոնը կընդլայնեն համագործակցությունը նաև տնտեսության ոլորտում։ Կանոնադրությունում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերին:
Կողմերը մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդրումների ավելացման ռազմավարական հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները․
«Սա ներառում է նաև տարածաշրջանային ու եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածությանն ուղղված միջոցառումներ»։
Կանոնադրության առանձին բաժիններ նվիրված են մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանմանը, ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդմանը։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղին․
«Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ ԱՄՆ-ն նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն տարբեր երկրների հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն, կամ խարտիա։ Կարծում է՝ իրավական հարթության մեջ ոչինչ չի փոխում այն, որ ստորագրվեց կանոնադրություն, ոչ թե պայմանագիր։
«Դա չի նշանակում, որ գործընկերությունը ռազմավարական չէ, ինչպես որոշ ռուսասեր շրջանակներ փորձում են բառախաղերի միջոցով մանիպուլացնել»,- նկատել է նա։
Շեշտում է՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կարող էր ստորագրվել նաև ամիսներ առաջ՝ նոյեմբերին, եթե ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն այլ լինեին։ Ըստ նրա՝ «լրացուցիչ ժամանակ» է պահանջվել, որպեսզի փաստաթղթի բովանդակությունը համաձայնեցվի նոր վարչակազմի հետ, հաշվի առնվեն այդ վարչակազմի առաջարկությունները։
«Այս կանոնադրությունում չկա մի հարց, որի վերաբերյալ նոր վարչակազմը առարկություն ունի»,- շեշտել է Մեհրաբյանն ու հավելել՝ Թրամփի վարչակազմը կառաջնորդվի այս փաստաթղթով, քանի որ «ԱՄՆ-ում ինստիտուտներ են աշխատում»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ մինչ այս գործ ունեինք ամերիկյան օժանդակության հետ, հիմա՝ ռազմավարական նպատակների։
Անդրադառնալով պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան գործակցությանը՝ Մեհրաբյանը նկատել է, որ ստորագրված փաստաթղթով Երևանն ու Վաշինգտոնն արձանագրել են ռազմավարական նպատակներ և նախանշել քայլեր, որոնք պետք է արվեն «ՀՀ տարածքային ամբողջականության, անկախության, ինքնիշխանության ամրապնդման և երկրի պաշտպանության աստիճանը բարձրացնելու համար»։
Չի բացառել, որ պաշտպանության ոլորտում գործակցության ընդլայնմանը խոչընդոտում է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը։ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է՝ այդ խոչընդոտը շուտով կվերացվի․
«Այո, խորացնելու ենք ԱՄՆ հետ համագործակցությունը, Հայաստանի Զինված ուժերը անցնելու են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որովհետև ուրիշ ստանդարտ ուղղակի գոյություն չունի»։
Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամուր քաղաքական աջակցություն հայտնող այս կանոնադրությունն, ըստ նրա, թույլ է տալիս ևս մեկ անգամ արձանագրել՝ Վաշինգտոնը դեմ է միջանցքային տրամաբանությանը
«Այն, ինչ Ջեյմս Օ՝Բրայենը հայտարարեց Կոնգրեսի լսումների ժամանակ 2023 թ․-ի նոյեմբերին, ոչ թե իր մտահղացումն էր կամ Բայդենի վարչակազմի, այլ ԱՄՆ ձևակերպված ռազմավարական շահերը, որոնք վերկուսակցական են։ Այդ կուրսը որդեգրվում է նաև հանրապետական վարչակազմի կողմից։ «Միջին միջանցք» կոչվածը, այո, նախագիծ է ամերիկյան հովանու ներքո։ Դա նշանակում է, որ «միջանցքի» [«Զանգեզուրի միջանցք»] մասին ռուս-ադրբեջանական վարկածով ցանկացած խոսակցություն ուղղակի անտեղի է և անիմաստ։ Չի լինելու դա»,- պարզաբանել է քաղաքագետը։
Կարևորել է նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Ըստ նրա՝ խոսք է գնում միջուկային տեխնոլոգիաների փոխանցման մասին, ինչը հայկական կողմին հնարավորություն կտա «ամերիկյան ընկերությունների մոտ նոր ատոմակայանի պատվեր ձևակերպել»։ Հույս ունի, որ Հայաստանին կհաջողվի ԱՄՆ նոր վարչակազմի հետ ստորագրել այդ համաձայնագիրը։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ ի՞նչ կապ կա փաստաթղթի ստորագրման և ՀՀ-ի՝ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային» միանալու միջև, արդյո՞ք դա եղել է նախապայման։
«Պայման չէ, դա բխում է ՀՀ աշխարհայացքից, դա դաշտ է պաշտպանական ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության»,- պատասխանել է Մեհրաբյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ դրական զարգացում է նաև այն, որ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ։ Կարծում է՝ այդ թիմը կնպաստի ՀՀ սահմանապահ ծառայության կարողությունների մեծացմանը։ Դրա արդյունքոմ էլ Հայաստանն ի վիճակի կլինի «իր բոլոր սահմանները վերցնել սեփական հսկողության տակ, որպեսզի այնտեղ ռուսական անձնագրով որևէ մեկը չլինի»։
Ռազմավարական գործընկերության կանոնադրությունն, ըստ Մեհրաբյանի, դուռ է բացում շատ հարցերի լուծման համար, քանի որ դրված են հստակ նպատակներ, հանձնառություններ, նախանշված են ուղղություններ, որոնցում ՀՀ և ԱՄՆ շահերը համընկնում են։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրություն