ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի դեմ
ԱՄՆ պատժամիջոցները Իվանիշվիլիի դեմ
ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ: Նրա անունը հայտնվել է Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) ցուցակում դեկտեմբերի 27-ին՝ Թբիլիսիի ժամանակով 20:00-ին:
Ըստ OFAC-ի ցուցակի՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուղղված փաթեթի մաս են կազմում:
«Պատժամիջոցների տակ հայտնված անձի ամբողջ գույքը, որը գտնվում է ԱՄՆ-ում կամ պատկանում է կամ վերահսկվում է ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից, կսառեցվի:
Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ «Վրացական երազանք» կուսակցությունը առաջ է մղել Կրեմլի շահերը՝ խափանելով երկրի եվրաատլանտյան ուղին, ինչն ուղղակիորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և վրաց ժողովրդի ցանկություններին», — ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում:
«ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Բիձինա Գրիգորիս ձե [Գրիգորիի որդի — JAMnews] Իվանիշվիլիի՝ «Վրացական երազանքի» հիմնադրի և պատվավոր նախագահի դեմ: Նրա գործողությունները նպաստել են մարդու իրավունքների խախտմանը և խարխլել են վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ապագան՝ հօգուտ Ռուսաստանի Դաշնության», — X-ում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը:
Որոշումը կայացվել է նախագահ Ջո Բայդենի 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 14024 հրամանագրի հիման վրա, որն ընդունվել է ի պատասխան «Ռուսաստանի Դաշնության վնասակար գործողությունների»։
Համաձայն այս հրամանագրի՝ բոլոր անձինք, ում այն վերաբերում է, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլին, ենթարկվում են լայնածավալ պատժամիջոցների: Այս անձի ակտիվներն ու շահերը ԱՄՆ իրավասության ներքո սառեցվում են, իսկ ամերիկյան ընկերություններին և քաղաքացիներին արգելվում է նրա հետ ֆինանսական կամ առևտրային հարաբերություններ ունենալ:
Արդյունքում տվյալ անձը մեկուսացվում է ոչ միայն ամերիկյան, այլ հաճախ նաև համաշխարհային ֆինանսական համակարգից, քանի որ միջազգային հաստատությունները և ընկերությունները նախընտրում են պահպանել պահանջները՝ խուսափելու համար երկրորդային պատժամիջոցներից, որոնք կհարվածեն արդեն իրենց:
ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում այս որոշման կապակցությամբ հրապարակվել է հետևյալ հայտարարությունը․
«Միացյալ Նահանգները ցուցակում ներառում է Բիձինա Գրիգորիսի որդի Իվանիշվիլիին՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրին և պատվավոր նախագահին՝ Վրաստանի ժողովրդավարական և եվրոատլանտյան ապագան հանուն Ռուսաստանի Դաշնության շահերի խարխլելու պատճառով:
Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» գործողությունները խարխլել են ժողովրդավարական հաստատությունները, նպաստել են մարդու իրավունքների խախտմանը և սահմանափակել հիմնարար ազատությունների իրականացումը Վրաստանում: Ավելին, նրանք խափանել են Վրաստանի եվրաատլանտյան ապագան, որը վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ ցանկանում է և որը նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ:
Արդյունքում Վրաստանը խոցելի է դարձել Ռուսաստանի համար, որը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքի ավելի քան 20 տոկոսը:
Մենք վճռականորեն դատապարտում ենք Իվանիշվիլիի ղեկավարությամբ «Վրացական երազանքի» գործողությունները, ներառյալ Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և ընդդիմության գործիչների նկատմամբ շարունակվող դաժան բռնաճնշումները:
Միացյալ Նահանգները հավատարիմ է Վրաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները խարխլողներին պատասխանատվության ենթարկելու գործին:
Իվանիշվիլին ներառվում է պատժամիջոցների ցուցակում նախագահի 14024 հրամանագրի 1(a)(ii)(C) բաժնի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից կամ դրա շահերից ելնելով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Միացյալ Նահանգներում կամ արտերկրում ժողովրդավարական գործընթացները կամ հաստատությունները խարխլող գործողությունների կամ քաղաքականության համար պատասխանատու լինելու, կամ դրանց հանցակից լինելու, կամ դրանցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու կամ մասնակցել փորձելու համար»:
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների պատժամիջոցների տակ են գտնվում տասնյակ մարդիկ: Նրանց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ, մասնավոր անձինք, գործարարներ, խորհրդարանի պատգամավորներ և «Վրացական երազանքի» այլ անդամներ:
Պատժամիջոցները բազմազան են․
Ավելի քան 110 մարդ ունի ԱՄՆ վիզա ստանալու սահմանափակում: ԱՄՆ չեն կարողանա մեկնել ոչ միայն պատժամիջոցների ցուցակում գտնվող անձինք, այլ նաև նրանց ընտանիքի անդամները: Այսինքն սահմանափակումները վերաբերում են մի քանի հարյուր մարդու:
Այսպիսով, սահմանափակումներն ազդում են Վրաստանի իշխանությունների հետ առնչվող մի քանի հարյուր քաղաքացիների վրա:
Հարյուրավոր մարդիկ (ճշգրիտ ցուցակ չկա), որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր, այլևս չեն կարողանա առանց վիզայի ճամփորդել Եվրամիության երկրներով:
Վեց մարդ ներառվել է «Մագնիտսկու ցուցակում»: Դա ենթադրում է խիստ ֆինանսական պատժամիջոցներ, ներառյալ ցուցակում գտնվող անձանց ամբողջ գույքի, բաժնետոմսերի և ֆինանսների «սառեցում»: Ցուցակում գտնվող չորս մարդ զբաղեցնում են բարձր պաշտոններ:
Ավելի քան 40 մարդ հայտնվել է Բալթյան երկրների պատժամիջոցների տակ, ավելի քան 19-ը՝ Ուկրաինայի անհատական պատժամիջոցների:
Շատ պաշտոնյաներ միաժամանակ ներառվել են պատժամիջոցների մի քանի փաթեթի մեջ: Օրինակ՝ ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին: Նա հայտնվել է մի քանի երկրի պատժամիջոցների ցուցակներում, ինչպես նաև «Մագնիտսկու ցուցակում»:
Արևմտյան գործընկերները պատժամիջոցներ են սահմանել վրացի պաշտոնյաների դեմ ժողովրդավարությանը խոչընդոտելու, մարդու իրավունքները խախտելու, ապատեղեկատվություն տարածելու, կոռուպցիայի, ինչպես նաև ցուցարարների ու լրագրողների դեմ դաժան բռնաճնշումների համար:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԱՄՆ պատժամիջոցները Իվանիշվիլիի դեմ