«Բարեփոխումներն Աբխազիայում անխուսափելի են, Մոսկվան պետք է դա հաշվի առնի». կարծիք
ՌԴ-ն կրկին էլեկտրաէներգիա է մատակարարում Աբխազիային
Ռուսաստանը, որը մի քանի ամիս առաջ Աբխազիային զրկել էր «մարդասիրական էլեկտրաէներգիայից» և որոշել էր էլեկտրաէներգիան վաճառել շուկայական գնով, զայրույթը փոխարինել է գթասրտությամբ: Դեկտեմբերի 23-ից Աբխազիան կրկին ստանում է անվճար ռուսական էլեկտրաէներգիա, ինչը հանրապետությանը թույլ կտա մասամբ ծածկել դեֆիցիտը և կրճատել հովհարային անջատումների գրաֆիկը՝ հասցնելով այն օրական չորս ժամվա (ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում այդ գրաֆիկը 10 ժամ էր):
«Աբխազիան մեզ հարազատ երկիր է: Մենք ճանաչում ենք այն՝ որպես պետություն: Նրանք մեր հարևաններն են: Մենք նրանց ցանկանում ենք կայունություն, բարգավաճում և երջանկություն: Բնականաբար՝ մեզ հետ միասին»,— աբխազական էներգետիկ ճգնաժամն այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի առատաձեռն ժեստին նախորդել էր Աբխազիայի նախագահի պարտականությունները կատարող Բադրա Գումբայի դիմումը: Սակայն JAMnews-ի աբխազական ծառայության խմբագիր Ինալ Հաշիգը կարծում է, որ այս երկու փաստերի միջև կապ չկա:
Ինալ Հաշիգ
«Կառավարամետ աբխազական լրատվամիջոցները միաբերան բացատրում են, որ Ռուսաստանը վերականգնել է Աբխազիայի էներգամատակարարումը հենց Բադրա Գումբայի շնորհիվ, ում վրա Մոսկվան խաղադրույք է անում 2025 թվականի փետրվարին կայանալիք նոր նախագահական ընտրություններում:
Ընդդիմությունը, իհարկե, վիճարկում է սա՝ հայտարարելով, որ Կրեմլի որոշումն ընդունվել էր ավելի վաղ՝ նախքան Գումբայի պաշտոնական դիմումը: Իմ կարծիքով՝ սա այնքան էլ համոզիչ չի հնչում:
Նախորդ՝ 2020 թվականի ընտրություններում, Կրեմլն ընդհանուր առմամբ անտարբեր էր, թե աբխազ ժողովուրդն ում կընտրի նախագահ, քանի որ Աբխազիայում չկան Ռուսաստանի նկատմամբ ոչ լոյալ քաղաքական գործիչներ: Սակայն այժմ իրավիճակն այլ է, Մոսկվայի մոտեցումն էականորեն փոխվել է, նա ակնհայտ ձևով խաղադրույք է անում հենց Բադրա Գումբայի վրա՝ համարելով նրան իրավահաջորդը նախկին նախագահ Ասլան Բժանիայի, ով Ռուսաստանին շատ բան էր խոստացել, սակայն այդպես էլ չկարողացավ իր խոստումները պահել:
Հավանաբար, Մոսկվան հույս ունի, որ Բադրա Գումբային կհաջողվի անել այն, ինչ չարեց Բժանիան՝ առաջ մղել Ռուսաստանի համար շահավետ, սակայն աբխազների շրջանում ոչ պոպուլյար համաձայնագրերն ու օրինագծերը:
Միաժամանակ չի կարելի ասել, թե Կրեմլը հաշվի չի առնում աբխազական հասարակությունում տիրող տրամադրությունները: Նույնիսկ եթե Բադրա Գումբան ընտրվի նոր նախագահ, նա չի կարողանա կառավարել այնպես, ինչպես դա անում էր Ասլան Բժանիան, ով կարծում էր, թե կարող է միանձնյա որոշումներ կայացնել, նույնիսկ եթե իրենից բացի ոչ ոք դրանց հետ համաձայն չէ: Գումբային չի հաջողվի առաջ մղել ժողովրդականություն չվայելող օրինագծեր, հակառակ դեպքում նրան էլ պաշտոնանկ կանեն այնպես, ինչպես Բժանիային:
Բայց խնդիրը նույնիսկ Գումբան չէ. ով էլ նստի նախագահական աթոռին, ոչինչ առաջվանը չի լինի: Աբխազիայում նախագահի ինստիտուտն ակնհայտորեն վերագործարկման կարիք ունի: Բարեփոխումներն անխուսափելի են: Դա հասարակական պահանջ է, որի հետ պարտավոր է հաշվի նստել նոր նախագահը: Այն պետք է հաշվի առնի նաև Մոսկվան»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՌԴ-ն կրկին էլեկտրաէներգիա է մատակարարում Աբխազիային