Պատվաստե՞լ երեխաներին վիրուսների դեմ, թե՞ ոչ․ ծնողների վերաբերմունքը Հայաստանում
Ծնողների վերաբերմունքը պատվաստումներին Հայաստանում
Պատվաստումների թեման Հայաստանում սովորաբար քննարկման նոր թափ է հավաքում ծանր ընթացք ունեցող վիրուսների ժամանակ: Աշնան վերջում և ձմռան ընթացքում հատկապես կրթական հաստատություններում երեխաներին սեզոնային գրիպի դեմ պատվաստելու կոչեր են հնչում:
Սակայն, թե բժիշկների, թե դպրոցների ուսուցիչների վկայությամբ՝ քիչ ծնողներ են ականջալուր լինում այդ հորդորներին։ Արդյունքում՝ աշակերտներից շատերը հիվանդանում են, օրերով բացակայում դասերից, հետ ընկնում ուսումնական ռիթմից։
JAMnews-ի թղթակիցը այցելել է պոլիկլինիկա և զրուցել բժիշկների ու ծնողների հետ, փորձել հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված պատվաստումներին կողմ կամ դեմ լինելը։
- Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է
- «Արհեստական բանականության սերունդ». ՀՀ-ում մեկնարկել է փորձարարական ծրագիր
- ՀՀ-ում բնակապահովման հարցում աջակցություն է ստացել շուրջ 10 հազար ընտանիք
Աշխատող մայրիկները միանշանակ կողմ եմ պատվաստումներին
Տարվա գրեթե բոլոր օրերին, բայց ավելի շատ վիրուսների ակտիվ շրջանում, տարատեսակ պաստառներ կարելի է հանդիպել պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում և կրթական հաստատությունների միջանցքներում: Բոլորի կոչը կանխարգելումն է, հիմնական ճանապարհը՝ պատվաստումը:
19 պոլիկլինկայում հերթի մեջ կանգնած ծնողների մեծ մասն ասաց, որ իրենց թաղամասային բժիշկն է զանգել և տեղեկացրել պատվաստանյութի առկայության և պատվասման կարևորության մասին:
«Ես և երկու բալիկներս ամեն տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պարտադիր պատվաստում ենք: Կապ եմ հաստատում մեր բժշկի հետ, ճշտումներ անում և օր պայմանավորվում: Երեք տարի ապրել ենք Հոլանդիայում, պարտադիր պատվաստվել ենք սեզոնային վիրուսների դեմ և թեթև անցկացրել տարին»,-պատմում է Գոհարը:
Նրա խոսքով, «Հայաստանում պատվաստումների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է գրագիտությամբ, տեղեկացվածությամբ»: Ասում է՝ հերթում կանգնած մայրիկներով խոսում են, բոլորը կիրթ կանայք են, աշխատող։ Նրանք չեն կարող հաճախ բացակայել աշխատանքից հիվանդ երեխային խնամելու համար, ծանոթ են պատվաստանյութերին, գիտեն կողմնակի ազդեցությունների մասին։
«Այն մարդկանց, ում խորհուրդ եմ տալիս գալ պատվաստման, տարբեր նյութեր եմ ուղարկում ուսումնասիրելու, որպեսզի իրենց որոշումը հիմնավորված լինի: Օրինակ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ ինքս մտավախություններ ունեի։ Նոր էին պատվաստանյութերը, պետք է ժամանակ անցներ, որպեսզի ավելի գիտական գնահատական լիներ բարդացումների և ազդեցությունների մասին: Գրիպի դեպքում հանգիստ եմ, որովհետև գրեթե յոթ տարի է պատվաստվում ենք»,- ասում է Գոհարը:
Պատվաստման հնարավորությունները և պայմանները
ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարեց, որ հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ, որն ազդում է չորս տեսակի գրիպի դեպքում։ Բժիշկները հորդորեցին պատվաստվելու համար դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:
Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
Իհարկե, ատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում, այսինքն անվճար` անկախ հաշվառումից և քաղաքացիությունից:
Հայտնի է, որ հոկտեմբերի 11-ի դրությամբ Երևանում և մարզերում ընդյանուր առմամբ պատվաստվել է 28 982 մեծահասակ: Սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 18-ը գրիպի դեմ պատվաստվել է 8426 մինչև 5 տարեկան երեխա։
Մանկապարտեզները առանձնապես խոցելի են վիրուսի դեմ պայքարում
Արաքսյան պատվաստման է եկել չորս տարեկան աղջկա և 81-ամյա սկեսրոջ հետ: Կորոնավիրուսի համավարակից հետո իրենց ընտանիքում պատվաստումը սովորույթ է դարձել։
«Մեզ այլևս համոզելու և բացատրելու կարիք չկա։ Գիտենք՝ վարակվելու դեպքում թեթև ընթացք կունենա և երկարատև ու հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի առաջանա: Անցած տարի մեկ անգամ միայն աղջիկս հիվանդացավ։ Ոտքի վրա երկու օր ջերմեց, կարիք չեղավ անգամ դեղ տալու։ Նաև տան մեծահասակները չհիվանդացան: Հիմա իրենք են ինձ ամեն օր հիշեցնում՝ չգնա՞նք պատվաստվենք»,- պատմում է Արաքսյան:
Նրա խոսքով, մանկապարտեզում իր աղջկա խմբում մի քանի օր է՝ տասից ավելի բացակա ունեն, բոլորը հիվանդ են․
«Երբ ծնողներին ասում ես պատվաստման մասին, ընդդիմանում են՝ թե անիմաստ է, ավելի լավ է երեխաներն ինքնուրույն իմունիտետ ձեռք բերեն: Այդ ծնողի որոշումը, որ ավելի լավ է իր երեխան վարակվի և իմունիտետ ձեռք բերի, քո երեխայի առողջության հաշվին է: Հաճախ նաև հիվանդ, ջերմող, քթերից հոսող երեխային բերում են մանկապարտեզ՝ պատճառաբանելով, թե աշխատում են: Ոչ բոլոր տնօրեններն են ուշադիր այդ հարցին: Այնպես որ վարակի շղթան մինչև ամառ հնարավոր չի լինում կտրել»։
Մեկ այլ ծնող՝ Ագնեսան, միջամտելով զրույցին, ներկայացնում է իր պատմությունը․
«2023թ-ի սեպտեմբերից երեխաս սկսեց հաճախել մանկապարտեզ։ Ու մինչև դեկտեմբերի վերջ ունեցել ենք 61 օր բացակայություն։ Գիտեք, դժվար է ծնողներին համոզել, որ չի կարելի հիվանդ երեխային մանկապարտեզ բերել: Դայակը, դաստիարակը չեն կարողանում հիվանդ երեխային տուն ուղարկել, որովհետև մայրն ասում է՝ խնամող չունեմ, ինքս աշխատում եմ: Ամեն անգամ հիվանդությունը հաղթահարելու համար տասը օր մնում էինք տանը: Տանում էի երեխային, նույն շաբաթվա մեջ այլ վիրուսով էր վարակվում»։
Ագնեսան ասում է՝ ծնողների վրա հույս դնել պետք չէ, տնօրինությունը պետք է որոշակի սահմափակումներ դնի և բոլորը հետևեն դրանց:
Օրինակ, այս տարի իրենց մանկապարտեզում մուտքի մոտ երեխաներին սկսել են ջերմաչափել:
«Պատահում է՝ ջերմություն չի ունենում բալիկը, բայց ինտենսիվ հազում է։ Այսինքն երեխան դեռ լիարժեք չի լավացել։ Ու ծնողները դաստիարակին ասում են՝ կարող է մի ամիս հազը պահպանվի, ուրեմն այդքան ժամանակ երեխան մանկապարտեզ չգա՞»,- պատմում է նա:
Ագնեսայի խոսքով, շատ երեխաների մոտ վիրուսը բարդ ընթացք է ունենում՝ աչքերի, ականջների բորբոքումներով․
«Երեխա կա՝ ամեն ամիս վիրուս է տանում։ Մայրն ասում է՝ հակաբիոտիկ եմ տալիս, հինգ օր հետո երեխաս առողջ է: Գիտելիքի պակասն է խնդիրը․ ինչ նախընտրել՝ այդքան շատ հակաբիոտի՞կ, թե՞ մեկ անգամ պատվաստում»։
Երիտասարդներն ավելի դրական են տրամադրված պատվաստումներին
Անահիտ Մկրտումյանը նույն պոլիկլինիկայում բազմամյա փորձառությամբ մանկաբույժ է։ Թեև տարեցտարի պատվաստումների աճ տեսնում է, սակայն դժվարանում է այն գոհացուցիչ համարել․
«Ծնող կա՝ բաց է գիտելիքի համար։ Կարողանում ես նրան բացատրել, համոզել։ Ծնող էլ կա՝ ոչ չի ցանկանում նույնիսկ լսել քեզ: Իրենց շրջապատի օրինակին ավելի կվստահեն, քան բժշկին։ Դրա համար այն ծնողները, որոնք բերում են երեխաներին պատվաստման, խնդրում եմ, որ դրա օգուտների մասին պատմեն հարևաններին, բարեկամներին և հարազատ մարդկանց։ Ցավալի է, սակայն, բժիշկների հանդեպ վստահության խնդիր կա։ Ու դա այն դեպքում, որ Հայաստանում բժշկությունը հաջողած և կայացած ոլորտ է»։
Բժշկի խոսքով՝ պատվաստումներին շատ են խանգարում հակապատվաստումային արշավները, որոնք տարբեր շարժառիթներ և ֆինանսավորում ունեն ամբողջ աշխարհում:
«Իհարկե, շատ բան է փոխվել կորոնավիրուսից հետո։ Շատ միֆեր կոտրվեցին, մարդիկ սկսեցին կարդալ, ուսումնասիրել և գիտակցված մոտեցում ունենալ այս հարցում: Ուրախությամբ կարող եմ ասել, որ երիտասարդ մայրիկներն ավելի հաճախ են կապ հաստատում ինձ հետ, քննարկում իրենց որոշումը: Շատ գրագետ ու բանիմաց մայրիկներ ունենք, որ մեծ հույսեր են ներշնչում։ Այնուամենայնիվ, այս հարցում մշտապես գիտելիքի, տեղեկատվության տարածման կարիք կա։ Կրթելով միայն կարելի է հասնել պատվաստումների մեծ դինամիկայի»,- կարծում է նա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ծնողների վերաբերմունքը պատվաստումներին Հայաստանում