«ՀՀ-ն կարող է ձևակերպել հայելային պահանջ»․ քաղաքագետը՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզի մասին
«Արևմտյան ադրբեջանցիների» հետ բանակցելու պահանջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, թե Հայաստանը փորձում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը ներկայացնել որպես իր տարածքային ամբողջականության սպառնալիք, սակայն այդ համայնքի նպատակը «Արևմտյան Ադրբեջանից վտարվածների արժանապատիվ վերադարձն է իրենց պապենական հողեր՝ խաղաղ և ապահով պայմաններում»:
Պաշտոնական Բաքուն «ադրբեջանցիների պապենական հողեր» է որակում Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Տևական ժամանակ է, ինչ շրջանառում է «Արևմտյան Ադրբեջան» թեզը։ Բաքվում այժմ անցկացվում է այդ թեմայով երկրորդ համաժողովը։ Եվ դրա ընթացքում Ալիևը նույնիսկ հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ»։
Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։ Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից չեն հստակեցրել՝ արդյո՞ք սա նոր պահանջ է, որն ադրբեջանական կողմը դնում է բանակցային սեղանին։ Նշել են միայն, որ բանակցությունների և կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ոչինչ ասել չեն կարող՝ ելնելով խորհրդապահական բնույթից։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ գործ ունենք հռետորաբանության լուրջ էսկալացիայի հետ, որը նման է նոր պահանջի։ Կարծում է՝ պետք է սպասել և տեսնել՝ Բաքուն փորձո՞ւմ է հարցը բերել բանակցային օրակարգ, թե՞ ոչ։ Այդ պարագայում, ըստ նրա, Երևանը կունենա արձագանքի երկու տարբերակ՝ որևէ կերպ չպատասխանել և շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի ուղղությամբ կամ ձևակերպել հայելային պահանջ։
«Հայելային պահանջը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների վերադարձի իրավունքն է, այլ Բաքվի, Սումգայիթի և Ադրբեջանի մյուս հատվածների հայերի իրավունքների վերականգնման հարցն է։ Դրանից զատ՝ նաև արցախահայերի հարցը։ Առհասարակ, եթե նման թեմա բացվի, մեր հարցերը շատ ավելի շատ ու ավելի լուրջ են, քան Ադրբեջանի կողմից բարձրացվող հնարավոր հարցերը»,- «Ազատության» եթերում հայտարարել է Քոչինյանը։
«Բանակցությունները փակուղում չեն»
Լրագրողները խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀ իշխող ուժից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Ալիևի հայտարարությունները նշանակում են, որ բանակցությունները փակուղի են մտել և արդյո՞ք բանակցությունների օրակարգում է նաև «ադրբեջանցիների վերադարձի» հարցը։
Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ մինչ այս էլ Ադրբեջանից հնչել են տարբեր մեկնաբանություններ, բայց դա չպետք է ստեղծի տպավորութուն, թե բանակցությունները մտել են փակուղի․
«Բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար: Բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները»։
«17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են»
ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ որոշակի առաջընթաց կա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ․
«Մենք համաձայնության ենք եկել համաձայնագրի նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել»։
Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Երևանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Բաքվի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Վստահեցրել է՝ հայկական կողմը շարունակելու է ջանք գործադրել ցանկալի նպատակին հասնելու համար.
«Խաղաղությունն այլընտրանք չունի: Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն»։
Փորձագիտական կարծիք
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ Երևանն ու Բաքուն երբեք այնքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որքան այսօր։ Ասում է՝ այն հնարավոր է վերջնականացնել և ստորագրել 24 ժամվա ընթացքում։
«Եթե լինի բավականաչափ քաղաքական կամք ինչպես Երևանում և Բաքվում, այնպես էլ Սպիտակ տան նոր տիրոջ մոտ, որպեսզի նա շարունակի առնվազն նույն մակարդակի քաղաքական ուշադրություն և էներգիա ծախսել տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարցում, ապա շատ արագ հնարավոր է պայմանագիրը համաձայնեցնել»,- «Ազատության» եթերում հայտարարել է նա։
Քոչինյանի խոսքով՝ չհամաձայնեցված է երկու կետ։ Թե որոնք են դրանք՝ դժվարացել է ասել։ Նշել է միայն, որ չի կարծում, թե Հայաստանի Սահմանադրության հարցը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ։
«Սահմանադրական դատարանի որոշումը շատ բան փոխեց։ Ուղղակի զինաթափեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը կապված Հայաստանի Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության հետ։ Աշխարհում այս թեմայով զբաղվողների համար հասկանալի է՝ անլուրջ պահանջ է»։
Կարծում է՝ ամենայն հավանականությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա դեկտեմբերին։ Հենց այդ ժամանակ էլ պետք է հասկանալ՝ «ադրբեջանական կողմը շարունակում է Սահմանադրության վերաբերյալ իր պնդումները անել, թե ոչ»։
Քաղաքագետը խորհուրդ է տալիս հերթական հանդիպումն անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին, ավելի կոնկրետ՝ Տավուշ-Ղազախ սահմանազատված հատվածում։
«Սա երրորդ ուժերի ազդեցությունից հնարավորինս խուսափող տարբերակ է, ամենաչեզոք տարբերակը»,- պարզաբանել է նա։
Արեգ Քոչինյանն անդրադարձել է նաև «Արևմտյան Ադրբեջան» թեզի տարածմանն ու Ալիևի վերջին հայտարարություններին։ Նրա բնորոշմամբ՝ թեման Ադրբեջանում «եփվում» է պաշտոնական մակարդակով։ Հիշեցնում է՝ Ադրբեջանում արդեն կա խորհրդարանական հանձնախումբ, հեռուստաընկերություն, այդ հարցի քննարկմանը նվիրված համաժողովներ են անցկացվում։
Շեշտում է՝ այդ թեմայով արված հայտարարություններին Երևանը պետք է արձագանքի ոչ թե էմոցիաներից ելնելով, այլ սառը հաշվարկով։ Տարբերակներն, ըստ նրա, երկուսն են՝ հայելային պահանջ ներկայացնել կամ առհասարակ չարձագանքել։
«Եթե շարունակում ենք կարծել, որ մեր գերնպատակը խաղաղության պայմանագիր ստորագրելն է, այդ պարագայում պատասխանը պետք է լինի երկրորդը [չարձագանքել]։ Իսկ եթե մտածում ենք, որ պայմանագիրը այս պայմաններում անհնար է, և պետք է փորձել ինչ-որ բալանսի բերել այս «խաղատախտակը»՝ ուժային ճանապարհով չի ստացվում, փորձենք իրավականով, միջազգային դատարաններով, գործընկերներով և այլն, և այլն, նոր գնանք բանակցային դաշտ»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Արևմտյան ադրբեջանցիների» հետ բանակցելու պահանջ