«Արհեստական բանականության սերունդ». ՀՀ-ում մեկնարկել է փորձարարական ծրագիր
«ԱԲ սերունդ» ծրագիրը ՀՀ դպրոցներում․
2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի տարբեր մարզերի 15 դպրոցներում մեկնարկել է «Արհեստական բանականության սերունդ» փորձարարական ծրագիրը: Եռամյա կրթական ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Այն հնարավորություն է ընձեռում սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ։ Աշակերտները նաև կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում և կստանան անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում՝ այդ ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
Ծրագրին մասնակցող դպրոցների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հաշվի են առել ուսումնական հաստատությունում անգլերենի դասավանդումը՝ որպես օտար լեզու, մաթեմատիկայի խորացված խմբակների, համապատասխան ուսուցչական կազմի առկայությունն ու որակավորումները, նաև դպրոցի ենթակառուցվածքային պայմանները: Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:
- Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է
- Հայաստանի 220 ուսուցիչներ ստանում են 400 հազար դրամից ավելի աշխատավարձ
- Ինչպես փոխել գյուղի կյանքը․ SMART-մոտեցում, որն աշխատեց Հայաստանում
«Երազում եմ ԱԲ օգնությամբ բուժելի դարձնել անբուժելի հիվանդությունները»
Ներկայումս ծրագիրն իրականացվում է ընտրված դպրոցների բարձր դասարաններում սովորող 420 աշակերտների համար:
Էլեն Դավթյանը սովորում է Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Ասում է՝ վերջին մի քանի տարիներին հետաքրքրված էր արհեստական բանականությամբ: Իմանալով որոշ դպրոցներում ներդրվող «ԱԲ սերունդ» նախագծի մասին, իր հիմնական դպրոցից տեղափոխվել է դրանցից մեկն ու ներգրավվել ծրագրում:
Մեկ տարի է՝ Էլենն իր համադասարանցիների հետ ուսումնասիրում է Python ծրագրավորման լեզուն: Տարեսկզբից նրանց սկսել են դասավանդել նաև «Արհեստական բանականություն» առարկան:
«Python ծրագրավորման լեզուն նոր էր ու հետաքրքիր: Ես այն առանձնահատուկ սիրեցի հենց դասավանդող ուսուցչիս շնորհիվ: ԱԲ-ն, կարծում եմ, ավելի բարդ է։ Եվ այն կիրառելի դարձնելու համար ավելի մեծ ջանք ու եռանդ է պահանջվում»,- ասում է նա:
Այդուհանդերձ, հաստատակամ է վերոնշյալ ծրագրով ուսուցումը լիարժեք ավարտելու ու ապագայում արհեստական բանականության կիրառման շնորհիվ իր մեծագույն երազանքներից մեկը կյանքի կոչելու հարցում․
«Երազում եմ այնքան հմտանալ, որ կարողանամ արհեստական բանականության օգնությամբ բուժելի դարձնել քաղցկեղն ու պարբերական հիվանդությունը։ Վստահ են՝ արհեստական բանականությունը նպաստելու է Հայաստանի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը աշխարհում։ Իսկ ես կանեմ հնարավոր ամեն ինչ այդ տեսլականին օր առաջ մոտենալու համար»։
«ԱԲ սերունդ» ծրագիրը՝ հնարավորություն աշակերտների համար
ԱԲ ոլորտի համակարգչային տեսողության մասնագետ Ալլա Բարսեղյանը դասավանդում է Երևանի ու Հրազդանի դպրոցներում: Վստահեցնում է՝ աշակերտները բավականին հետաքրքրված են ԱԲ և Python ծրագրավորման լեզվի իմացությամբ։ Այս գիտելիքները պատանիները դիտարկում են որպես կրթությունը ՏՏ կամ ԱԲ ոլորտում շարունակելու հնարավորություն:
«Հատկապես մաթեմատիկայից բարձր ցուցանիշ ունեցող աշակերտները նախընտրում են վերոնշյալ ոլորտներն ու ցանկանում դպրոցական տարիքից ձեռք բերել հիմքային գիտելիքներ»,- ասում է նա:
Ուսուցչի ակնկալիքը մեկն է՝ աշակերտներին փոխանցած գիտելիքներով հնարավորություն տալ լուծել բազային խնդիրներ, ինչը հետագայում կհեշտացնի անցումը՝ համալսարանական կրթությանը:
«Մեծ ջանքեր ներդնել հանուն լավ արդյունքների»
«Արհեստական բանականությունն այսօր ամենուր է։ Եվ այս տեխնոլոգիական դարաշրջանում կարևոր է վաղ տարիքից երեխաներին ծանոթացնել ԱԲ-ին և դրա կիրառություններին՝ նախապատրաստելով նրանց դառնալու ապագայի ԱԲ մոդելներ ու համակարգեր ստեղծողներ»,- պատասխանել են ԿԳՄՍ նախարարությունից մեր գրավոր հարցմանը նախագծի նպատակների մասին:
Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին շրջանավարտները կունենան հիմքային գիտելիքներ և մոտիվացիա՝ մասնագիտական կրթությունն այդ ուղղությամբ շարունակելու համար:
Փորձարարական ծրագրի կարևորությունը կիսում են նաև ոլորտի մասնագետները:
«Հայաստանում արդեն իսկ կան արհեստական բանականության մասնագիտացման բակալավրիատի ծրագրեր: Այս ծրագրով փորձ է արվում բերել այն ավագ դպրոցի մակարդակ ու այդ տարիքում մոտիվացնել աշակերտին ուշադրություն դարձնել արհեստական բանականությանն ուղղվածության մասնագիտություններին։ Սա կարևոր փորձ է։ Եվ պետք է մեծ ջանքեր ներդնել հանուն առավելագույն արդյունքի և շրջանավարտների հոսքի ակտիվացման դեպի ԱԲ մասնագիտություններ»,- կարծում է ԵՊՀ Մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար, Երևան էն (YerevaNN) լաբորատորայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։
Սպասվող արդյունքները
Ակնկալվում է, որ նորարարական լուծումների ներդրմամբ այս ծրագիրը կնպաստի կրթական համակարգի բարելավմանը։ Նաև կխթանի ԱԲ և հարակից մասնագիտություններով դիմորդների աճը բուհերում:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը և բնական ռեսուրսների սակավությունը Հայաստանում պահանջում են նորարարական մոտեցումներ։ Իսկ ԱԲ-ն կարող է դառնալ այն տեխնոլոգիական գործիքը, որը նոր հնարավորություններ կբացի երկրի զարգացման համար։ Հայաստանը կարող է դառնալ նորարարական կենտրոն ԱԲ-ի ոլորտում»,- կարծում են ԿԳՄՍ նախարարությունում։
Հրանտ Խաչատրյանը հետևյալ կերպ է մեկնաբանում այս ձևակերպումը.
«Եթե՝ նորարարական կենտրոն ասելով, նկատի ունենք Սիլիկոնյան հովտի նման կենտրոնի ստեղծում, երևի թե լուրջ չէ։ Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ մեր բնակչությունը քիչ է այդ տեսակի կենտրոն ստեղծելու համար: Բայց այդ ոլորտի մասնագետների որակն ու խտությունը մեծացնելը շատ օգտակար կարող է լինել աշխարհի մակարդակով արժեք ստեղծելու համար»:
Կասկած չունի՝ եթե Հայաստանը կարողանա աշխարհին մի քանի հարյուր ոլորտային մասնագետ առաջարկել, ապա երկիրը կդառնա առավել գրավիչ ճանաչված խոշոր ընկերությունների համար՝ ներդրումների ու հայաստանյան մասնագետների ներգրավման առումով․
«Դա կլինի աշխարհի մակարդակով ակնկալվող արդյունքն ու արժեքը, ինչը ոլորտի հայկական ընկերություններին կդարձնի ավելի ուժեղ։ Եթե այսօր մենք ուրիշների ստեղծած արհեստական բանականությունն ենք ներդնում մեր բիզնեսում, ապա խորքային գիտելիքներ ունեցող մեծաքանակ մասնագետների առկայության պարագայում կարող ենք ունենալ սեփական խորքային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված արտադրանք։ Եվ այդ արժեքը շատ ավելի բարձր կլինի թե՛ տվյալ ընկերության, թե՛ երկրի համար»:
Գործընկեր կազմակերպությունում՝ FAST-ում՝ կարևորելով Հայաստանի գիտատեխնոլոգիական դաշտում ավանդաբար ունեցած մեծ մասնագիտական ներուժը, ևս գտնում են, որ «Հայաստանը կարող է նորարարության ոլորտում առաջատար ու կարևոր դիրք գրավել աշխարհում»։
Այդուհանդերձ, ընկերությունն արձանագրում է ԱԲ և հարակից ոլորտների մասնագետների զգալի պակաս։ Հենց դա էլ անհնարին է դարձնում համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակությունը։
Ծրագրի ազդեցության ոլորտները
Ուսուցչուհի Ալլա Բարսեղյանի դիտարկմամբ՝ ԱԲ մասնագիտացմամբ ուսուցումը կնպաստի երկրի տարբեր ոլորտների զարգացմանը․
«Առաջնային ազդեցությունը կարող է լինել ռազմական ոլորտում: Ընդ որում, դա կարող է օգտակար լինել նույնիսկ ժամկետային ծառայության ժամանակ՝ զինակոչիկների ԱԲ ոլորտում ունեցած գիտելիքների ու հմտությունների կիրառման առումով»:
Ոչ պակաս կարևոր ուղղություն կարող է լինել, ըստ նրա՝ տնտեսությունը․
«Հիմա ամբողջ աշխարհը գնում է թվայնացման ու ԱԲ տեխնոլոգիաներով բիզնես խնդիրների լուծման ճանապարհով: Եթե մենք ունենանք բիզնես խնդիրները ԱԲ եղանակով լուծող մեծ թվով մասնագետներ, ապա նրանք կնպաստեն ոչ միայն տվյալ բիզնեսի զարգացմանը, այլև երկրի տնտեսական վիճակի բարելավմանը»:
Ազդեցության երրորդ, սակայն ամենաընդգրկուն օղակը, Ալլա Բարսեղյանի կարծիքով՝ բաժին է ընկնում կրթության որակի բարելավմանն ու ստեղծարար մտքի խթանման միջոցով առավել որակյալ հասարակության ձևավորմանը․
«Դպրոցներում ներմուծելով որակյալ ու նորարարական կրթություն, մենք նպաստում ենք, որ մարդիկ կատարող լինելու փոխարեն դառնան մտածող ու ստեղծարար»:
Միջազգային փորձն ու կանխատեսումները
ԿԳՄՍ նախարարության հավաստմամբ՝ ծրագրի իրականացման ընթացքում մշտապես ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ այն մրցունակ պահելու ու գլոբալ միտումներին համահունչ դարձնելու համար:
Ծրագիրն իրականացնող կառույցները փորձում են Հայաստանը միջազգային շուկայում դիրքավորել որպես ԱԲ խորացված կրթություն իրականացնող երկիր: Նման վերջին հնարավորությունը FAST-ն ունեցել է այս ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Թվային կրթության շաբաթ» համաժողովի ընթացքում:
ՄքՔինզի գլոբալ ինստիտուտի տվյալներով՝ մինչև 2030 թվականը կազմակերպությունների շուրջ 70%-ը կկիրառեն ԱԲ տեխնոլոգիաներ՝ ապահովելով զգալի տնտեսական արդյունքներ:
Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2023 թվականի հաշվետվության` առաջիկա հնգամյակում ԱԲ մասնագետների պահանջարկը կաճի 40%-ով, ինչը կնպաստի արդյունաբերության վերափոխմանը:
Հրանտ Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերոնշյալ կառույցների կանխատեսումներն իրականանալու դեպքում շատ դժվար է լինելու ԱԲ ոլորտի մասնագետների աճող պահանջարկի ապահովումը: Այդուհանդերձ, վստահ է՝ առաջիկա տարիները լինելու են վճռորոշ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած այլ երկրի համար․
«Արհեստական բանականության մասնագետների կարիքը աշխարհում գնալով մեծանալու է։ Ու շատ կարևոր է մեծ թվով որակյալ մասնագետների պատրաստումը՝ Հայաստանն արդյունավետ դիրքավորելու ու մեր մասնակցությունը այդ ճյուղի զարգացման գործում ունենալու համար: Որ երկիրը հնարավորինս շատ լրացուցիչ մասնագետ կարողանա պատրաստել, այն ավելի մեծ «կտոր» կստանա շուկայից»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«ԱԲ սերունդ» ծրագիրը ՀՀ դպրոցներում