«Ունենք սերիական արտադրության զինատեսակներ»․ ռազմարդյունաբերության զարգացումը ՀՀ-ում
Ռազմարդյունաբերության զարգացում ՀՀ-ում
«Մեր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականի համեմատ նվազագույնը 200 միլիոն դրամով ավելի կատարողական ենք ունենալու 2024 թ․-ին»,- օրերս խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Տեղեկացրել է՝ վերջին տարիներին շուրջ 4,5 միլիարդ դրամի բյուջեից անհամեմատ ավելի քիչ գումար է ծախսվում ռազմարդյունաբերական համալիրի գիտահետազոտական աշխատանքների և փորձարկումների գծով: Կարծում է՝ պետք է իրականացնել մի քանի հավելյալ կարգավորումներ, որոնք թույլ կտան ավելի բարենպաստ դարձնել միջավայրը, ինչը, իր հերթին, կապահովի, որ բիզնեսն ավելի մոտենա ոլորտին և ցանկանա օգտվել պետական դրամաշնորհային ծրագրերից։
Վերջին ամիսներին ՀՀ-ում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման թեման պարբերաբար քննարկվում է, մասնավորապես՝ խորհրդարանի նիստերի ժամանակ։ Իշխող թիմի պատգամավորները վստահեցնում են՝ զարգացումը տեղի է ունենում մեծ թափով, արտադրվում են նոր զինատեսակներ:
«Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ընդդիմությունը պնդել է՝ 2023 թ․-ի կատարողականը զրո է եղել
Նախարար Մխիթար Հայրապետյանը հերքել է ընդդիմադիր պատգամավորների այդ դիտարկումը։ Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոլորտի ընկերությունների հետ պայմանագրերը հիմնականում կնքվել են տարեվերջին:
«Նախորդ տարվա կատարողականը կազմել է 1,1 միլիարդ դրամ, և հիմնական փոխանցումները կատարվել են»,- արձանագրել է նա։
Նախարարի խոսքով՝ 2024 թ․-ի համար էլ կան կնքված պայմանագրեր։ Ասում է՝ մինչև դեկտեմբերի 10-ը նախատեսում են շուրջ 919 միլիոն դրամի կանխավճար տրամադրել դրական եզրակացություն ստացած ընկերություններին։
Հիշեցրել է՝ վերջերս ԱԺ-ն ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ասում է՝ այդ և մյուս բոլոր փոփոխություններն արվում են, որպեսզի «ռազմարդյունաբերության ոլորտում խրախուսվեն նոր և ինովացիան լուծումները»։
«Ունենք հստակ, չափելի արդյունքներ»
Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում արձանագրվել են հաջողություններ: Նախարար Հայրապետյանի դիտարկմամբ՝ դրանք չափելի, հստակ և օբյեկտիվ են։
«Մյուս կողմից՝ տարատեսակ նոր արտադրանքների հետ լուսանկարվելն իմ ոճով չէ: Ինձ համար բացարձակապես միևնույն է, թե որ երկրում ով ինչի կողքին կնկարվի»։
Կարծում է՝ այս ոլորտի մասին խոսելիս պետական պաշտոնյաները պետք է զսպվածություն ցուցաբերեն, որքան էլ «առանձին դեպքում մեծ է վերամբարձ տեքստեր ասելու գայթակղությունը»։
Ոլորտի զարգացումը պետք է լինի շարունակական
Ինչպես նախարարը, այնպես էլ իշխող մեծամասնությունը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման կոնկրետ ուղղությունների մասին խոսել չեն ուզում։
«Բնականաբար բաց նիստում չեմ կարող ասել՝ ինչ ուղղություններով ինչ ունենք, որովհետև դրանք, եթե արդեն զինված ուժերում փորձարկում են անցել, մնում է ճիշտ օգտագործվեն»,- նման արձանագրում է արել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին ոլորտի գրավչությունն ավելացել է։
«Շատ մասնավոր ընկերություններ Հայաստանում ցանկանում են ներդրումներ անել նաև ռազմարդյունաբերության մեջ։ Պետք է այնպես անենք, որ այդ գրավչությունը հանկարծ չկորչի որևէ չինովնիկի պատճառով՝ չլինի այնպես, որ դիմում են այսինչ թույլտվության համար և մեկ տարի կարող է այդ թույլտվությունը չլինել»,- մանրամասնել է նա։
Ռազմարդյունաբերությունը՝ Հայաստանի անվտանգության առանցքային հիմք
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ առաջիկա տարիներին ռազմարդյունաբերության ոլորտը պետք է դառնա Հայաստանի անվտանգության, գիտության և տնտեսության առանցքային հիմքերից մեկը․
«Անհրաժեշտության դեպքում նաև ռազմավարություն կմշակվի ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հեռանկարների մասին»։
Իշխող թիմի ներկայացուցչի խոսքով՝ երկու տարի առաջվա համեմատ պետությունն այս ոլորտին մի քանի տասնյակ անգամ ավելի շատ ուշադրություն է դարձնում։ Շեշտում է՝ դա երևում է նաև ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցներից։ Ըստ Խաչատրյանի՝ վերջին ժամանակաշրջանում ռազմարդյունաբերությունը ՀՀ-ում շատ լուրջ թափ է հավաքել, զարգանում է:
«Ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հիանալի մասնագետներ, շատ լավ մենեջերներ, ինժեներներ, ներդրողներ, որոնք հսկայական ռեսուրսներ են ուղղում այս ուղղությամբ, իհարկե, նաև շահ ստանալու նպատակով»,- նշել է նա և հավելել, որ ոլորտի վերաբերյալ քիչ են խոսում, բայց «օր ու գիշեր աշխատում են այդ ուղղությամբ»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռազմարդյունաբերության զարգացում ՀՀ-ում