«Եթե Թրամփը մեկուսացման քաղաքականություն չվարի, ՌԴ դերը Կովկասում կնվազի»․ կարծիք
Թրամփի ընտրվելն ու ՌԴ դերը Կովկասում
«ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո, եթե պարզվի, որ հաղթում է Դոնալդ Թրամփը, գուցե Ռուսաստանը իներցիայով կարծի, թե նորից մեկուսացման քաղաքականության դարաշրջան է վերադարձել, և փորձի վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է հայ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։
Նկատել է՝ հիմա իրավիճակը նույնը չէ, ինչ 2020 թ․-ին։ Դալլաքյանի փոխանցմամբ՝ Թրամփը խոստացել է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը։ Իսկ նախկինում նույնիսկ սպառանացել է Պուտինին՝ ասելով, որ «կռմբակոծի Մոսկվան», եթե նա Ուկրաինային ճնշի։ Շեշտում է՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից կախված կլինի նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Մոսկվայի հնարավոր միջնորդության հարցը։
«Եթե Թրամփը նորից վարի մեկուսացման քաղաքականություն, ՌԴ դերն այստեղ կավելանա։ Իսկ եթե այդ քաղաքականությունը փոխվի և նա գնա իր խոստումների հետևից, այդ դերը նույնիսկ կարող է ավելի նվազել»,- նշել է Դալլաքյանը։
Ամփոփելով ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանի շահերի ու դիրքավորման տեսանկյունից՝ անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին Մոսկվայից և Բաքվից հնչած հայտարարություններին։
Մոսկվան և Բաքուն՝ Արևմուտքի «վնասակար միջամտության» մասին
ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանց Երևանի ու Բաքվի դիրքորոշումների համապարփակ հաշվառման ու գետնի վրայի իրողությունները հաշվի առնելու «վաղահաս խաղաղությունը որևէ լավ բանի չի հանգեցնի»։ Ավելին՝ այն կստեղծի «լարվածության ու հակամարտության հնարավոր էսկալյացիայի ռիսկ»։ Ըստ նրա՝ կարգավորման համար անհրաժեշտ են ոչ միայն էական ջանքեր, այլև ժամանակ։
«Ի տարբերություն արևմտյան պսևդոմիջնորդների՝ գործընկերներին խաղաղ պայմանագրի հապճեպ ստորագրման չենք դրդում»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարար Լավրովի կարծիքով՝ խաղաղության գործընթացում պետք է բացառել «արտաքին ապակառուցողական միջամտությունը»։
Ասում է՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից Մոսկվային դուրս թողնելու Վաշինգտոնի և Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում։
«Եթե Երևանն իր մեջ ուժ գտնի ձերբազատվել իր հովանավորների վնասակար ազդեցությունից, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր կդառնա»,- նույն օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԽ քարտուղարը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի խոսքով՝ մի շարք օտարերկրյա պետություններ և կառույցներ Հայաստանի տարածքն օգտագործում են «սպառնալիքների նոր օջախներ» ստեղծելու փորձերի համար, ինչն ավելի է սրում Հարավային Կովկասում առկա լարված իրավիճակը։
«Ոչ միայն հայ ռևանշիստները, այլև խոշոր պետությունները, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ադրբեջանի անկախ կամքն ու առաջնորդությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և չմոռանան «երկաթե բռունցքի» ուժի մասին։
Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական հզորության կենտրոն, կարող է պարտված Հայաստանին ստիպել գնալ կայուն խաղաղության, այսինքն՝ խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ հապճեպ խաղաղություն է ցանկանում ոչ միայն Արևմուտքը, այլև Հայաստանը։ Ընդգծում է խաղաղության այլընտրանք գոյություն չունի։
«Այլ հարց է, որ դա չպետք է լինի ուղղակի փաստաթուղթ։ Պետք է լինեն երաշխիքներ և իմպլեմենտացիոն մեխանիզմներ։ Չպետք է ստորագրվի փաստաթուղթ, բայց դա որևէ նշանակություն չունենա, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարագայում»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետն ասում է՝ Մոսկվան փորձում է ձգձգել խաղաղության պայմանագրի կնքումը Կովկասում իր ազդեցությունը պահպանելու համար։
Նկատում է՝ փափուկ ուժի բացակայության պայմաններում ՌԴ-ն շեշտը գնում է ռազմական միջամտությունների, կողմերին զինելու, հետագայում մեկը մյուսի նկատմամբ առավելությունն օգտագործելու, ինչպես եղավ 2020 թ․-ին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում․
«Եթե այստեղ չլինի հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական կոնֆլիկտ, կդրվի ռուսական ռազմաբազայի, Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից ՌԴ սահմանապահ ծառայության դուրսբերման հարց»։
Դալլաքյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանն իր ներկայությունն ապահովելու նպատակով կոնֆլիկտների օջախներ է ստեղծել ամենուր՝ Վրաստանից մինչև Մոլդովա, Հյուսիսային Կորեայից մինչև աֆրիկյան տարածաշրջան։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հնարավոր է, որ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ն տարածաշրջանում իր դիրքերը զիջի ՌԴ-ին։ Ի պատասխան նա նշել է՝ ամեն բան կախված է նոր նախագահի վարած քաղաքականությունից և հավելել՝ Թրամփը «դեռ տեղ թողնում է՝ հուսալու, որ սա չի լինի այն քաղաքականությունը, որը նա վարել է 2016-20 թթ․-ին»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ չի կարելի միանշանակ ասել՝ Թրամփը եկավ, ամեն բան ավարտված է․
«ՀՀ-ն գտնվում է մի իրավիճակում, որ վերադարձ նախկին իրավիճակին չի կարող լինել, ուստի ինստիտուցիոնալ մակարդակում ԱՄՆ [նոր վարչակազմի] հետ շփումներ հաստատելուն այլընտրանք չկա»։
Կարծում է՝ եթե Ռուսաստանը վերադառնա Հարավային Կովկաս, ապա հնարավոր է՝ լինի այն, «ինչ եղավ 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության հետ»։
Բացի այդ, ըստ նրա, չպետք է մոռանալ, որ Մոսկվայի համար ՀՀ տարածքները մշտապես եղել են մանրադրամ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։
Շեշտում է՝ ՌԴ համար Ադրբեջանն ավելի կարևոր է, իսկ այդ պայմաններում «հեքիաթի ժանրից» է խոսել հայ-ադրբեջանական բանակցություններում ռուսական միջնորդության մասին։
Պատահական չի համարում այն հանգամանքը, որ Բաքուն և Մոսկվան նույնաբովանդակ հայտարարություններ են անում՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան գործընթացում «հովանավորների վնասկար ազդեցության» և «արտաքին ապակառուցողական միջամտության» մասին։ Դալլաքյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն և Ադրբեջանը ապակառուցողական լինելու մեջ են մեղադրում արևմտյան երկրներին, այնինչ ապակառուցողական են հենց իրենք։
«ՀՀ-ն երբեք չի ասել, որ Արևմուտքը իրեն ճնշում է, որ ինքն ինչ-որ բան զիջի Ադրբեջանին։ Հակառակը՝ երկրի ղեկավարը հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող օբյեկտիվ միջնորդ լինել, քանի որ կողմնակալ վերաբերմունք է դրսևորում ՀՀ հանդեպ։
Զախարովան ասում է՝ թույլ չենք տա ճնշել Ադրբեջանին։ Դա ի՞նչ է նշանակում։ Պարզ ասում են՝ Ադրբեջանը ինչ ուզի, թող անի։ Չեն ասում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կատարվել, գերիները չեն վերադարձել, Արցախի ժողովուրդը տեղահանվել է իր բնօրրանից։ Ասում են՝ ՀՀ-ն ու Արևմուտքը ապակառուցողական են։ Սա ցույց է տալիս, որ Մոսկվան հստակ կողմնակալ դիրքավորում ունի»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թրամփի ընտրվելն ու ՌԴ դերը Կովկասում