Ապաշրջափակման թեման կքննարկվի առանց Մոսկվայի՞․ կարծիքներ Երևանից
Ապաշրջափակման հարցի քննարկում առանց Մոսկվայի՞
Հայկական կողմը չի բացառում, որ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը Հայաստանն ու Ադրբեջանն այսուհետ կքննարկեն երկկողմ՝ Գրիգորյան-Մուստաֆաև ձևաչափով։
«Ամեն ինչ հնարավոր է։ Պետք է ասեմ, որ մենք փոքր, շատ փոքր երկկողմ քայլերով շարժվում ենք դեպի դրական արդյունք, և յուրաքանչյուր բան հնարավոր է»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առանց մանրամասներ հայտնելու։
Տարածաշրջանի հաղորդակցությունների բացման հարցը քննարկվում էր եռակողմ ձևաչափով՝ ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակներում։ Հանձնաժողովի վերջին նիստը, սակայն, կայացել է մեկ տարի առաջ՝ 2023 թ․ հունիսին։ Մոսկվայից պարբերաբար հայտարարում են՝ «ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ մասնակցությամբ»։
Հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերջերս լրագրողների հետ զրույցում ընդգծել է՝ եռակողմ աշխատանքային խմբի նիստերը չեն շարունակվում, քանի որ «կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա»։ Կարելի է ենթադրել, որ խոսքը ՀՀ սուվերենությունը ՌԴ-ին չզիջելու մասին է։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ երկրի որևէ տարածք չի կարող վերահսկել երրորդ կողմ։ Մինչդեռ Ռուսաստանը հավակնում է այդ դերը կատարել ապաշրջափակվող ճանապարհների վրա։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իր հերթին, նշել է, որ Բաքվին ապաշրջափակման հարցով առաջարկներ են փոխանցել, դրանք «սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման» մասին են։ Առաջարկների բովանդակությունը դեռևս գաղտնազերծված չէ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով՝ պարզեցված ընթացակարգը նշանակում է նախապես փոխանակել արտահանման տվյալները, ինչպես նաև «բազմաթիվ այլ տեղեկություններ, օրինակ՝ սքաներների նկարները»։
Հարցն արդեն քննարկվել է Գրիգորյան-Մուստաֆաև ձևաչափով
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռևս չեն հայտնել՝ արդյոք ՀՀ-ն և Ադրբեջանը ձևավորելու են աշխատանքային խմբեր և ապաշրջափակման օրակարգով մեկնարկելու են երկկողմ բանակցություններ։ Լրատվամիջոցներին հորդորել են գրավոր դիմել։
Նոյեմբերի 1-ին, սակայն, Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը հանդիպել էին երկու երկրների սահմանին։ Այդ հանդիպումը սահմանազատման հանձնաժողովների հանդիպում էր, որը գլխավորում են փոխվարչապետները։ Ուշագրավ է, որ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր էին փոխանակել ոչ միայն սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման, սահմանագծի հատվածների հերթականության մասին։
«Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Գրիգորյանը և Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Ո՞ր դեպքում է ՀՀ-ն պատրաստ ապաշրջափակման
Ապաշրջափակման հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների ամենախնդրահարույց հարցերից մեկն է։ Այդ իսկ պատճառով այն դուրս թողնվեց նաև կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագծից։ Ադրբեջանը հաղորդակցությունների բացման անվան տակ փորձում է Հայաստանից ստանալ արտատարածքային միջանցք, որն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Պաշտոնական Երևանը առիթը բաց չի թողնում՝ հայտարարելու համար, որ պատրաստ է տրամադրել ճանապարհներ, սակայն դրանք պետք է գործեն ՀՀ իրավազորության ներքո։
«Այդքան պարզ, որքան մենք հրապարակել ենք մեր դիրքորոշումը, ուղղակի գոյություն չունի: Չկա աշխարհում մի կետ, որտեղ «Խաղաղության խաչմերուկի» [Երևանի առաջարկը] բուկլետը դրած չլինենք։ Ես այլևս կաշկանդված եմ «Խաղաղության խաչմերուկ» բուկլետով, կարող եմ բանակցությունները շարունակել միայն դրա շրջանակում»,- օրերս հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին «երրորդ կողմի» հնարավոր ներկայությանը՝ փոխվարչապետը նկատել է՝ «որևէ երրորդ երկրի ուժեր հայկական տարածքում անվտանգային գործառույթ չեն իրականացնի»։
Եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափով նիստերը չեն շարունակվում, քանի որ ըստ Գրիգորյանի՝ «կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա», իսկ առանց կոնսենսուսի դետալների շուրջ քննարկումն իմաստ չունի։
«Մաքսային հսկողության և սահմանային գործառույթները պետք է լինեն լիարժեք, ինքնիշխան, որի դեպքում Հայաստանը պատրաստ կլինի [ապաշրջափակման]»,- շեշտել է Գրիգորյանը։
Խոսքը միայն Մեղրիի երկաթգծի վերագործարկման մասին չէ
Մինչև 2022 թ․-ը Երևանն ու Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ քննարկում էին Մեղրիի երկաթգծի վերագործարկման թեման։ Հայաստանի կառավարությունը նախնական հաշվարկներ էր իրականացրել, որոնց համաձայն՝ երկաթգծի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար: Շինարարական աշխատանքների մեկնարկի մասին տեղեկություններ մինչ օրս չեն հրապարակվել։ Հայկական կողմը հույս ուներ մինչ այդ ունենալ ստորագրված փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիր։ Այդ փաստաթուղթը դեռևս բանակցվում է, իսկ ապաշրջափակման թեման կողմերի փոխադարձ համաձայնությամբ նախագծից դուրս թողնվեց այս տարվա օգոստոսին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ այս պահին բանակցությունները գնում են «Խաղաղության խաչմերուկ»-ի ամբողջական իրականացման մասին․
«Մեղրիի երկաթգծի մասին էր խոսքը, Երասխի հատվածի երկաթգծի, Իջևանի հատվածի երկաթգծի, այսինքն՝ այն ենթակառուցվածքները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանք վերագործարկելու հնարավորությունների մասին են քննարկումները»։
Նախարարի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմի հետ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, արված նախնական հաշվարկները վերջնական տեսքի կբերեն, կհստակեցնեն շինարարության ժամկետները և նախագիծ կպատվիրեն:
«Կբյուջետավորենք, կբաժանենք տարիների մեջ, թե յուրաքանչյուր տարի ինչքան գումար է անհրաժեշտ, կանենք: Որևէ խնդիր չենք տեսնում։ Հայաստանի կառավարությունը նման խոշոր ծրագրեր իրականացնելու կարողություններ ունի։ Այդպիսի ծրագրեր իրականացնելու ժամանակ երկրները հաճախ նաև վարկային միջոցներ են ներգրավում», — շեշտել է Սանոսյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ապաշրջափակման հարցի քննարկում առանց Մոսկվայի՞