«Հայաստանի համար ձեռնտու է Հարիսի, ոչ թե Թրամփի հաղթանակը»․ կարծիք Երևանից
Թրամփ-Հարիս մրցակցություն. Երևանի ընտրությունը
Հայաստանի իշխանությունները պատրաստ են զարգացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ։ Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարեն Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը։
«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ընտրությունների նախաշեմին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ակնհայտ է, որ եթե Թրամփը գա իշխանության, գործ ենք ունենալու ոչ թե պաշտոնավարող անձի, այլ քաղաքականության, ինստիտուցիոնալ մոտեցումների և տեսլականի փոփոխության հետ։ 1in TV-ի եթերում Ղևոնդյանը նշել է՝ Երևանի համար շահավետ կլիներ, եթե դեմոկրատները մնային իշխանության, նաև ակնարկել՝ հայ պաշտոնյաներն այլ բովանդակությամբ հայտարարություն անել չէին կարող։
«Իշխող թիմի հայտարարությունները գնահատում եմ որպես հնարավոր վատ սցենարի նախապատրաստություն, այսինքն՝ քաղաքական, դիվանագիտական էթիկայի նորմերին համապատասխան հայտարարություն, որպեսզի Թրամփի իշխանության գալու պարագայում փորձեն ինչ-որ բան անել [աշխատել] այդ իշխանության հետ»,- ընդգծել է նա։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Հայաստանի համար ընդունելի զարգացում կլիներ, եթե ԱՄՆ-ում շարունակեր իշխել Դեմոկրատական կուսակցությունը, այսինքն՝ Թրամփը պարտվեր։
Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ն տարածաշրջանում հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ հնարավորինս շատ դերակատարների մասնակցությունն ավելի է մեծացնում մեր շահերի իրացման հնարավորությունները։
Դերակատարներից մեկն էլ ԱՄՆ-ն է, որը սկսած 2022 թ․ սեպտեմբերից որոշակի մասնակցություն ունի մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Նկատի ունեմ [ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ] ադրբեջանական ագրեսիան կանխարգելելը, դրանից հետո տեղի ունեցած զարգացումներում ուղիղ մասնակցությունը։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ում հայ-ադրբեջանական բանակցությունների որոշակի շրջափուլեր են տեղի ունեցել, որոշ համաձայնություններ են ձեռք բերվել և այլն։
Եթե ԱՄՆ –ն շարունակում է իր այսպիսի վարքագիծը, ապա ՀՀ համար իր շահերն իրացնելու ավելի մեծ հնարավորություններ են մնում։ Եթե ԱՄՆ-ն ընտրում է մյուս ճանապարհը, այսինքն՝ տնտեսական հարստացում և աշխատանք միայն այն տարածաշրջաններում, որտեղ կարելի է գումար աշխատել, ապա բնական է, որ մեր տարածաշրջանը դառնալու է ոչ թե երկրորդական, այլ հավանաբար տասներորդական։
Այդ պարագայում ԱՄՆ-ն շատ ավելի քիչ է մասնակցելլու ՀՀ և տարածաշրջանային պետությունների միջև փոխհարաբերություններին, քան այսօր։ Որոշակի տարածք է ազատվելու, այն լցնելու են այլ ուժեր [ՌԴ-ն և Թուրքիան], որոնք պայմանավորվելու են Հայաստանի շահերի հաշվին, ինչպես դա արեցին 2020 թ․-ին։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծես թե գլխավորում է տնտեսական էլիտան։ Մոտեցումն այն է, որ տարբեր տարածաշրջաններ ունեն ֆինանսական տարբեր հնարավորություններ։ Ակնհայտ է, որ դա այդպես է։
Օրինակ՝ Սաուդյան Արաբիան կամ Մերձավոր Արևելքի այլ հատվածներ հարուստ են, ֆինանսական մեծ հոսքեր կան այնտեղ, Չինաստանից դեպի Եվրոպա և հետ ծովային ճանապարհն ունի շատ մեծ ներուժ, իսկ Հարավային Կովկասն այս պահին այդ ներուժը չունի։
Կարելի է խոսել այն մասին, որ «Միջին միջանցքը» կարող է մեծ հոսքեր ապահովել, բայց այն դեռևս իրականություն չէ։ Ավելին, «Միջին միջանցքը» կարող է հարստացնել ԱՄՆ-ի մրցակից Չինաստանին, ուստի ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ այդ միջանցքն աշխատի և այդ մեծ հոսքերը տեղափոխվեն Չինաստանից դեպի Եվրոպա, Եվրոպայից՝ Չինաստան։
Մյուս կողմից կա Հնդկաստան-Եվրոպա ճանապարհ, որի որոշակի մաս է կազմում Հյուսիս-հարավը։ Այս ճանապարհն էլ կարող է չանցնել ՀՀ-ով, կարող է գնալ Ադրբեջան-Վրաստան ճանապարհով, մերձավորարևելյան այլ ուղիներով, այդ թվում՝ Թուրքիայով։
Այսինքն՝ ֆինանսական հարստացման առումով Հարավային Կովկասն այնքան գրավիչ չէ, որքան այլ տարածաշրջաններ։
Ներկա պահին Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ Բայդենի վարչակազմն աշխատել է այն տրամաբանությամբ, որ ԱՄՆ-ն գերտերություն է, պետք է ներկա լինի աշխարհի բոլոր տարածաշրջաններում, հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով Նահանգների շահերը։ Զարմանալի չէ, որ 2021 թ․ նախագահության ստանձնումից հետո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է, այսինքն՝ ներկա է լինելու աշխարհի բոլոր հատվածներում։ Սա նշանակում է, որ հետաքրքրվածությունն այս պահին կապված է ԱՄՆ աշխարհընկալման, տեսլականի հետ։
Եթե վարչակազմը փոխվի և իշխանության գա Թրամփը, ապա Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կարող է նվազել այնքան, որ սկսի աշխատել հակառակ տրամաբանությունը՝ խոչընդոտել խաղաղության [ՀՀ-Ադրբեջան] կայացմանը, ճանապարհների բացմանը, որպեսզի Չինաստանը չհարստանա։ Սա հնարավոր զարգացում է։
Եթե նույնիսկ Թրամփը չհաղթի, հաղթի Հարիսը, վարչակազմը որոշակիորեն կփոփոխվի։ Իհարկե, կմնան դեմոկրատները, բայց այլ մարդիկ կգան, այլ առաջնահերթություններ կունենան։ ՀՀ իշխանությունների աշխատանքի բավական մեծ տարածություն կա, պետք է կարողանան նոր մոտեցումներ ունեցող մարդկանց ցույց տալ, որ այն, ինչ եղել է նախկինում, քիչ է եղել, կարելի է ավելացնել։
Այսինքն՝ ԱՄՆ-ն կարող է շատ ավելի մեծ ներգրավվածություն ունենալ։ Դա կարող է ներառել ոչ միայն Ադրբեջան և Թուրքիա ուղղությունը, այլև Իրան, Վրաստան, նկատի ունեմ՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այդ ուղղությունները կարող են աշխատել ոչ միայն «Զանգեզուրի» ճանապարհով, որը շատ են ցանկանում Ադրբեջանն ու Թուրքիան, այլև բազմաթիվ այլ ուղղություններով։ Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկ»-ում կա 4 հնարավոր ուղղություն, որոնք բոլորն էլ կարող են աշխատել և մեծ տնտեսական օգուտներ բերել ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային և Ադրբեջանին։
Անհրաժեշտ է լինելու այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանք կատարել ԱՄՆ նոր վարչակազմի հետ, եթե այն շարունակի Բայդենից եկած ավանդույթները։ Եթե իշխանության գա Թրամփի վարչակազմը, այդ պարագայում Հայաստանից շատ քիչ բան է կախված լինելու»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թրամփ-Հարիս մրցակցություն. Երևանի ընտրությունը