50/50․ ինչպե՞ս կազդեն հանրաքվեի արդյունքները Մոլդովայի՝ դեպի ԵՄ ուղու վրա
JAMnews-ի գործընկեր NewsMaker.md լրատվամիջոցի հրապարակումը
Հանրաքվե Մոլդովայում
Եվրաինտեգրման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները այնքան էլ լավատեսական չեղան Մոլդովայի եվրոպական կուրսի կողմնակիցների համար։ «Կողմ» քվեարկածների թիվը հազիվ գերազանցեց 50 տոկոսը։ Բրյուսելը շնորհավորեց Մոլդովային հաղթանակի կապակցությամբ։ Ինչպես ակնկալվում էր, հանրաքվեն ցույց չտվեց հասարակության լայն աջակցությունը եվրաինտեգրմանը, ավելի շուտ ակնառու դարձրեց հասարակության մեջ առկա պառակտվածությունը։ NM-ի հրապարակումն այն մասին, թե ինչպես դա կանդրադառնա Մոլդովայի եվրաինտեգրման և ԵՄ-ի հետ բանակցությունների վրա։
50/50
Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում տեղի ունեցան նախագահական ընտրությունների առաջին փուլը և եվրաինտեգրման վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Հանրաքվեն նախաձեռնել էր նախագահ Մայա Սանդուն։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունն ակտիվորեն աջակցում էր դրա անցկացմանը։ Հանրաքվեի վերաբերյալ տեղեկատվական արշավը սկսվել էր մի քանի ամիս առաջ։ Հարցումները ցույց էին տալիս, որ հարցվողների ավելի քան 50 տոկոսը պատրաստ է «կողմ» քվեարկել հանրաքվեին։ Իրականում «կողմ» տարբերակը «դեմ» տարբերակից առաջ անցավ նվազագույն առավելությամբ. սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկեց ընտրողների 50.35 տոկոսը, դեմ՝ 49.65 տոկոսը։
Ուշագրավ է նաև այն, որ Մոլդովայի շրջանների մեծ մասում ընտրողների մեծամասնությունը «դեմ» է քվեարկել, և միայն մի քանի կենտրոնական շրջաններում ու Քիշնևում մեծամասնությունը «կողմ» է քվեարկել։ Ընդ որում, եվրաինտեգրման վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկողների զգալի մասն ապրում է Մոլդովայի սահմաններից դուրս։ Հանրաքվեին հաջորդած գիշերը, ըստ նախնական արդյունքների, հաղթում էր «դեմ» տարբերակը, իրավիճակը սկսեց փոխվել, երբ սկսեցին մշակել սփյուռքի քվեարկության արձանագրությունները։
Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե
Քվեարկության արդյունքները Մոլդովայի ընտրատեղամասերում
Հարկ է նշել, որ նույն հարցումների համաձայն՝ եվրաինտեգրմանը պատրաստ էին աջակցել ավելի շատ հարցվողներ, քան եվրոպական կուրսի մասին սահմանադրական փոփոխություններին։ Սոցիոլոգ Ալեքսանդր Բարբարոշիեն սա բացատրում է նրանով, որ մարդիկ վախենում են փոխել երկրի հիմնական օրենքը։ Ընդ որում, շատ քաղաքական գործիչներ, որոնք իրենց անվանում են պրոեվրոպական, կոչ էին անում բոյկոտել հանրաքվեն, քանի որ այն համարում էին Սանդուի ընտրազանգվածին գրավելու քաղաքական տեխնոլոգիա։
Վատագույն արդյունքը ԵՄ-ում
ԵՄ-ին անդամակցելուց առաջ շատ երկրներ անցկացրել են եվրաինտեգրմանն աջակցելու մասին ազգային հանրաքվեներ։ Մոլդովան ցույց տվեց վատագույն արդյունքը։ Կողմնակիցների փոքր առավելություն է գրանցվել նաև Շվեդիայում և Մալթայում՝ համապատասխանաբար 52 տոկոս և 53 տոկոս։ Սլովակիայում հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրողների 93.71 տոկոսը, Հունգարիայում՝ 83.76 տոկոսը։ Իսկ Շվեյցարիան 2001 թվականի հանրաքվեի արդյունքներով ընդհանրապես հրաժարվեց ԵՄ-ին միանալուց. անդամակցությանը կողմ քվեարկեց ընդամենը 23.2 տոկոսը, դեմ՝ 76.8 տոկոսը։ Այդ ժամանակ Շվեյցարիան օրենքով ամրագրեց չեզոքության հավերժական և անփոփոխ կարգավիճակ։
Ընդ որում, ԵՄ անդամակցության թեկնածուների համար նման հանրաքվեի անցկացումը պարտադիր պայման չէ։ Օրինակ՝ Կիպրոսը, Բուլղարիան և Ռումինիան ԵՄ-ին անդամակցել են առանց հանրաքվեի։
Իսկ Մոլդովան հանրաքվե անցկացրեց Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ մեկնարկելուց ընդամենը մի քանի ամիս անց։
Եվրոպան շնորհավորում է, ընդդիմությունը՝ սպառնում
Չնայած ոչ այնքան վստահ արդյունքին՝ եվրոպացի պաշտոնյաները շնորհավորեցին Մոլդովային «եվրոպական ընտրության» կապակցությամբ։ Եվրախորհրդարանի՝ Ռումինիայից ընտրված պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքները կխթանեն Եվրոպայի կողմից երկրի արդիականացումը։ «Հանրաքվեի արդյունքը չի նշանակում, թե Մոլդովան բաժանված է, այն վկայում է այն մասին, որ չնայած քարոզչությանը և Ռուսաստանի Դաշնության զանգվածային մասնակցությանը, մարդիկ իրենց մեջ ուժ գտան ընտրելու Եվրոպան», — հայտարարել է պատգամավորը։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան X սոցիալական ցանցում գրել է. «Բրավո, Մոլդովայի Հանրապետություն, շնորհակալություն ձեր քաջության համար»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին «եվրոպական ընտրության» առիթով՝ նշելով, որ «նույնիսկ Ռուսաստանի հիբրիդային մարտավարության պայմաններում Մոլդովան ցույց տվեց, որ անկախ է, ուժեղ և ուզում է եվրոպական ապագա»։
Միևնույն ժամանակ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, ով Մայա Սանդուի հետ անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, նշել է, որ հանրաքվեի արդյունքներն այնքան վիճահարույց են, որ դրանք հազիվ թե կարելի է օրինական ճանաչել։ Ընդ որում, Ստոյանոգլոն իրեն համարում է եվրաինտեգրման կողմնակից, չնայած որ առաջադրվել է ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունից։ Նա գտնում է, որ հանրաքվեն ոչ մի կապ չուներ եվրաինտեգրման հետ, այն պարզապես Սանդուի PR ակցիան էր։
«Վրացական սցենար» հնարավո՞ր է
Հանրաքվեի անսպասելիորեն թույլ արդյունքը կարող է առաջացնել մտքեր «վրացական սցենարի» հնարավորության մասին։ Վրաստանը երկար ու հետևողական ձգտում էր դեպի ԵՄ։ Սակայն իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցությունն իր ճշգրտումները մտցրեց այս գործընթացում։ Թբիլիսին սկսեց մերձենալ Մոսկվային և ընդունել օրենքներ, որոնք Բրյուսելը քննադատում է (օրինակ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը նման է ռուսականին)։ Սա հանգեցրեց Վրաստանում բողոքի ակցիաների։
Քաղաքական վերլուծաբան Դիոնիս Չենուշան գտնում է, որ «վրացական սցենարը» Մոլդովայում անհնար է, քանի որ Վրաստանում օլիգարխիկ ռեժիմ է, իսկ մնացած քաղաքական ուժերը պրոեվրոպական են։ Մոլդովան, ըստ նրա, ավելի բարդ դեպք է, և տարբեր քաղաքական կուսակցությունների միջև ուժերի հավասարակշռությունն այստեղ այլ է։ «Նախ, ներկայիս կառավարությունը կարող է հակասահմանադրական հայտարարել կամ որակազրկել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կապված են [փախուստի մեջ գտնվող օլիգարխ Իլան] Շորի հետ [և դրանով իսկ բացառել նրանց մասնակցությունը 2025 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին]։ Երկրորդ՝ իշխող կուսակցությունը կարող է ստեղծել «կլոններ», որոնք կգրավեն հիասթափված ընտրողներին [և կշեղեն նրանց ուշադրությունը շորական ուժերից]։ Երրորդ՝ ընտրությունների արդյունքում խորհրդարան կարող են անցնել տարբեր քաղաքական կուսակցություններ, ինչը ապագա խորհրդարանը կդարձնի կոալիցիոն։ Սա ևս մեկ ասպեկտ է, որը բնորոշ չէ Վրաստանին, որտեղ մեկ կուսակցություն մոնոպոլիզացրել է իշխանությունը», — բացատրել է փորձագետը։
Նա հավելել է, որ 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների դինամիկայի վրա ազդող հիմնական գործոններից մեկը ապագա նախագահն է։ «Եթե վերընտրվի Սանդուն, նա կփորձի իր PAS կուսակցությանն օգնել մեծամասնություն ստանալ [խորհրդարանում], մինչդեռ Ստոյանոգլոյի հաղթանակը կնշանակի, որ նախագահի վարչակազմը հակադրության մեջ կլինի PAS-ի հետ, ինչը կառավարության թերություններն ակնհայտ կդարձնի Արևմուտքի համար։ Այդ դեպքում Մոլդովայի տարբեր պետական հաստատությունների միջև քաղաքական հակամարտությունը ակնհայտորեն ձեռնտու կլինի Ռուսաստանին, որի ազդեցությունն աճում է ապակայունացման պայմաններում»,- ընդգծել է Չենուշան։
Խնդիրներ չպետք է լինեն
Ըստ փորձագետների՝ ներկայիս իրավիճակում ԵՄ-ի հետ հարաբերություններում փոփոխություններ չպետք է լինեն։ «Նրանք [եվրոպացի պաշտոնյաները] իրատեսորեն են նայում [հանրաքվեի արդյունքներին]։ Բրյուսելում և Ստրասբուրգում հասկանում են Մոլդովայի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների մակարդակը, և դա մոտիվացնում է ավելի արագ իրագործել «ֆոն դեր Լայենի պլանը»»,- նշել է WatchDog-ի փորձագետ Անդրեյ Կուրերարուն։ Նա ենթադրում է, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մենք չենք տեսնի ԵՄ-ի կողմից Մոլդովայի բյուջեի լուրջ ֆինանսավորում, «քանի որ պրոեվրոպական կուսակցությունները պետք է Բրյուսելին ապացուցեն, որ ի վիճակի են կառավարություն ձևավորել»։
Դիոնիս Չենուշան գտնում է, որ հանրաքվեի վիճելի արդյունքը չի կարող որևէ կերպ ազդել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների արագության վրա։ Միևնույն ժամանակ նշում է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակության որոշակի մասը կվիճարկեն հանրաքվեի արդյունքներին համապատասխան սահմանադրության փոփոխությունը։ «[Ցուցակներում ընդգրկված] ընտրողների ընդամենը 25 տոկոսի աջակցությամբ, որոնցից 180 հազարը սփյուռքի ներկայացուցիչներ են, [սահմանադրական] բարեփոխման հանդեպ վստահությունը խարխուլ է», — նշել է Չենուշան։
Ընդ որում, Դիոնիս Չենուշան ընդգծել է, որ «Բրյուսելը չի կարող իրեն թույլ տալ քննադատել հանրաքվեի արդյունքները»։ «Եթե ԵՄ-ն քննադատաբար տրամադրված լինի, դա կազդի Սանդուի վերընտրվելու շանսերի վրա։ Այն փաստի ընդունումը, որ մոլդովացիների միայն 25 տոկոսն է «կողմ» քվեարկել եվրաինտեգրմանը, որից 180 հազարը սփյուռքն է, կարող է վնաս հասցնել Մոլդովայում ԵՄ-ի իմիջին»,- հավելել է փորձագետը։
ՄԱԿ-ում և Եվրոպայի խորհրդում Մոլդովայի նախկին մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Տուլբուրեն նշել է՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կշարունակվեն․ «Պարզ է, որ այլ թվեր էին ակնկալում, բայց այս արդյունքին հանգեցրին և՛ ռուսական ազդեցությունը, և՛ այս հանրաքվեի կազմակերպիչների սխալները։ ԵՄ-ն չի խոսում սխալների մասին և շեշտը դնում է ռուսական միջամտության վրա։ Սա ցույց է տալիս, որ նրանք տրամադրված են աջակցել Մոլդովային, որպեսզի երկիրը շարունակի իր եվրոպական կուրսը»։
Ալեքսեյ Տուլբուրեն գտնում է, որ խնդիր կարող են դառնալ ոչ թե հանրաքվեի, այլ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ «Այստեղ անակնկալներ կարող են լինել. եթե Սանդուն չվերընտրվի, կարծում եմ՝ դա կարող է հետևանքներ ունենալ մեր եվրոպական ուղու համար»,- ամփոփել է փորձագետը։