2000-ականների սկզբի համեմատ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն աճել են 5 անգամ
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճ
«2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքացիություն ստանալու 16․060 դիմում է ստացվել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ ծառայությունը նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումներով է զբաղվում, տարեկան միջինում 3000 նման դիմում են ստանում։ Ասում է՝ ընդհանուր առմամբ ամեն տարի քաղաքացիության հետ կապված մինչև 30․000 գործ է քննվում։ Ղազարյանի գնահատմամբ՝ ծանրաբեռնվածությունն ահռելի է, իսկ «առկա թերի գործիքակազմը թույլ չի տալիս գործերը քննել արդյունավետ»։
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ իրականացնել քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացներում։ Առաջարկվում է ծառայությունները թվայնացնել, վճարներն էլ՝ բարձրացնել։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը կարծում է՝ արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը:
«2018 թ․-ից սկսած կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը»
Լրագրողների հետ զրույցում Արմեն Ղազարյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Նրա փոխանցմամբ՝ 2000-ականներին քաղաքացիություն ստանալու դիմումները տարեկան 3-4 հազարի շրջանակում էին, 2010 թվականից սկսած՝ 5-6 հազարի․
«2018 թ․-ից սկսած կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը։ Այդ ցուցանիշն իր պիկին է հասել 2022 թ․-ին՝ անցնելով 25 հազարը»։
Ասում է՝ 2023 թ․-ին տեմպը մի փոքր նվազել է՝ կազմելով 19 հազար։ Այս տարվա առաջին 9 ամիսներին, սակայն, արդեն իսկ ստացվել է ավելի քան 16 հազար դիմում։
Կստեղծվի էլեկտրոնային համակարգ
Ներկա պահին քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներն իրականացվում են թղթային եղանակով։ Պատասխանատուների գնահատմամբ՝ կան էլեկտրոնային գործիքներ, բայց դրանք «թույլ են, սահմանափակ և ժամանակավրեպ»։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝ մշակվում է էլեկտրոնային կառավարման համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել գործընթացը։
«Որոշ բաղադրիչներ հասանելի կլինեն շահառուներին, մի մասն էլ՝ այն գերատեսչություններին, որոնք աշխատելու են այդ գործերի վրա»,- մանրամասնել է նա։
Հիշեցրել է՝ խոսքը գործընթացների մասին է, որոնցում ներգրավված են պետական տարբեր կառույցներ։ Փոփոխությունն, ըստ նրա, կնպաստի, որ քաղաքացին ստիպված չլինի մի քանի անգամ այցելել այդ մարմիններ՝ իր փաթեթն ամբողջականացնելու․
«Մենք առաջարկում ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, որտեղ անձը նախապես կվերբեռնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հայտը կուսումնասիրվի, ամբողջականությունը հավաստելու պարագայում նոր անձը կընտրի օր և մեկ անգամ կայցելի վարչական մարմին»։
Շեշտել է՝ առնվազն մեկ անգամ քաղաքացու ներկայանալը պարտադիր է, այդ կերպ նույնականացնում են անձին, կառավարում փաստաթղթերի կեղծման ռիսկը։
Ղազարյանի գնահատմամբ՝ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել նաև պետական մարմինների միջև երկարատև, ժամանակատար գրագրությունից։ Ասում է՝ կկարողանան տվյալ գործի վրա աշխատել մեկ միասնական հարթակում, ինչի արդյունքում էլ ժամանակ կխնայեն, հնարավոր կլինի քննել ավելի շատ գործեր։
50․000 դրամ՝ 1000-ի փոխարեն․ պետական տուրքի մասին
ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը՝ 1000 դրամ և 25․000 դրամի փոխարեն սահմանելով համապատասխանաբար 50․000 և 150․000 դրամ։
Հիմնավորումն այն է, որ գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թ.-ին, մինչ օրս վերանայման չեն ենթարկվել և «չեն արտացոլում ներկայիս իրողությունները»։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ հաշվի են առել Հայաստանի հետ համադրելի երկրների, օրինակ՝ Վրաստանի, Լեհաստանի փորձը, ինչպես նաև գնաճի ազդեցությունը։
Պետական տուրքի բարձրացումը չի տարածվելու փախստականների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա։
Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվելու են Ազգային ժողովում, ուժի մեջ են մտելու խորհրդարանի հաստատումից 10 ամիս անց։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճ