ԵԽԽՎ-ում Ադրբեջանին քննադատել են մարդու իրավունքների խախտումների համար և ոչ միայն
ԵԽԽՎ քննարկում Ադրբեջանում մարդու իրավունքների մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի ունեցած քննարկումների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը քննադատության է ենթարկվել մարդու իրավունքների խախտումների և ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունների սրման համար։ Մի քանի պատգամավորներ Ադրբեջանի հետ երկխոսության կոչ են արել։
«Առանց Ադրբեջանի մեր գործընկերների այս հարցը քննարկելն առանձնապես իմաստ չունի»,- հայտարարել է սերբական խորհրդարանի պատգամավոր Բիլյանա Պանտիչ Պիլյան։
- Փաշինյանի հրաժարականի պահանջը հասավ Հանրային հեռուստատեսության եթեր
- ՀՀ արևմտամետ ուժերը հավաքել են անհրաժեշտ ստորագրությունների կեսից ավելին․ Եվրաքվեի մասին
- «Աննախադեպ է, բայց շեշտակի զիջում է Ադրբեջանին»․ փորձագետը՝ ՀՀ ռազմական ծախսերի մասին
«Ցավոք հիմա, երբ մոտենում ենք COP29-ին, վերջին իրադարձությունները մատնանշում են սխալ ուղղություն»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ իր ելույթի սկզբում հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համազեկուցող Լիզ Քրիստոֆերսենը։
Նորվեգացի պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից վեհաժողովի 76 անդամներին «անցանկալի անձ» հայտարարելը, վերջին խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ-ին հրավեր չուղարկելը, ինչպես նաև «այն փաստը, որ երկրում տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին, կրկին մտահոգություն են առաջացնում»։
Լիզ Քրիստոֆերսենը հավելել է, որ սեպտեմբերի 1-ի ընտրություններն անցել են «այլախոհների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների, այդ թվում՝ Toplum TV-ի, Abzas Media-ի և Kanal13-ի լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Անար Մամեդլիի և Աքիֆ Գուրբանովի, կառավարության քննադատ և նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովի, հետազոտողներ Իգբալ Աբիլովի և Բահրուզ Սամեդովի, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությունների պայմաններում»։
«Այս բոլոր իրադարձությունները շատ տխուր են, ճնշումը, կարծես, աննախադեպ մակարդակի վրա է և էլ ավելի է դժվարացնում համագործակցությունը Վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի հետ»,- ասել է Քրիստոֆերսենը։
«Մենք պետք է պատրաստ լինենք երկխոսության և աջակցենք իշխանություններին, որպեսզի նրանք ձեռնարկեն քայլեր՝ պաշտպանելու այն հիմնարար արժեքները, որոնք նրանք ընդունել են Եվրոպայի խորհրդին անդամակցելիս։ Սակայն եթե առաջընթաց չլինի մեր փոխադարձ համագործակցության և երկրում տիրող ընդհանուր իրավիճակի մեջ, պետք է զգոն լինենք և պաշտպանենք մեր արժեքները»,- եզրափակել է նորվեգացի պատգամավորը։
Քննարկումների ընթացքում ելույթ ունեցած Խորհրդարանական վեհաժողովի անդամների մեծամասնությունը, այդ թվում՝ երկու խոշորագույն քաղաքական խմբերը՝ սոցիալիստները, դեմոկրատները, ինչպես նաև կանաչները (SOC) և Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP), քննադատել են Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի, քաղաքական հետապնդումների և ԵԽԽՎ-ի հանդեպ ձեռնարկած քայլերի համար։
«Ժողովրդավարության պայմաններում ընտրությունները կոչված են արտացոլելու ժողովրդի կամքը։ Սակայն Ադրբեջանում ընտրությունները դարձել են ռեժիմի իշխանությունը պահպանելու գործիք»,- հայտարարել է SOC-ի ներկայացուցիչ, շվեդական խորհրդարանի պատգամավոր Ազադե Ռոհջանը։
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Նիկ Գուգերը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին «անցանկալի անձ» հայտարարելը և EPP-ի անունից պաշտոնական Բաքվին կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը։
«Մենք պահանջում ենք, նախ՝ «սև ցուցակի» չեղարկում, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքի վերացում, և երկրորդ՝ խտրականության, քաղաքական հետապնդումների և քաղաքացիների ազատության սահմանափակումների դադարեցում։ Դա կլինի Ադրբեջանի կառավարության՝ այս կառույցի արժեքների և առաջարկների նկատմամբ դրական վերաբերմունք արտահայտելու ցանկության իրական ապացույցը»,- ընդգծել է Գուգերը։
Իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը, հանդես գալով «Եվրոպական միացյալ ձախերի» խմբի անունից, կոչ է արել նախաձեռնել գործընթաց, որը կարող է հանգեցնել Ադրբեջանի արտաքսմանը, եթե նա «չկատարի իր պարտավորությունները՝ իր իրավական պարտավորությունների լուրջ խախտումների պատճառով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵԽԽՎ քննարկում Ադրբեջանում մարդու իրավունքների մասին