«ՀՀ-ն ունի եվրոպական ընտանիքի անդամ դառնալու բոլոր հեռանկարները»․ Կիպրոսի ՊՆ նախարար
Կիպրոսի ՊՆ նախարարի այցը Երևան
«Մենք համոզված ենք, որ ունեք բոլոր հեռանկարները՝ դառնալու եվրոպական ընտանիքի հուսալի և արժանապատիվ անդամ ու գործընկեր»,- Երևանում հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն ու հավելել, որ Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ ավելի սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։
Նրա համոզմամբ՝ եվրոպական ընտանիքում իր ներկայությամբ Հայաստանն «ուրույն դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»։ Շեշտում է՝ Հայաստանի՝ օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ հանձնառությունն ամբողջովին համահունչ է ԵՄ արժեքներին և սկզբունքներին։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, իր հերթին, բարձր է գնահատել Կիպրոսի աջակցությունը Եվրամիության կառույցների և անդամ պետությունների հետ ՀՀ փոխհարաբերություններում։ Ընդգծել է՝ «հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության [ԵՄ] շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»։
ՊՆ հաղորդմամբ՝ Պալմասի գլխավորած պատվիրակությունը ՀՀ է եկել նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։ Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև կայացել է ընդլայնված կազմով հանդիպում։ Վասիլիս Պալմասն ու Սուրեն Պապիկյանը հանդես են եկել նաև մամուլի համար հայտարարություններով։
Ի՞նչ են քննարկել ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարները
Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Պալմասը քննարկել են՝
- Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը,
- Հայաստանի ու Կիպրոսի միջև համագործակցության ներկայիս ընթացքը, ինչպես նաև այն առավել զարգացնելուն վերաբերող հարցեր,
- Հայաստանի ու Կիպրոսի զինված ուժերում ընթացող բարեփոխումները և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Պալմասին ընդունել է նաև Հայաստանի փոխվարչապետը
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կառավարությունից հայտնում են, որ Գրիգորյանը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ գործակցությունը:
Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Պալմասն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին:
«Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը»,- տեղեկանում ենք կառավարության կայքից։
Նախարարների հայտարարությունները
«Կիպրոսը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանը»
Վասիլիս Պալմասը հայտարարել է՝ Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։
«Չափազանց կարևոր է բոլորիս համար կայունության և կենսունակ խաղաղության ձևաչափի բացահայտումը»,- նկատել է նա։
«Արդյունավետ և կառուցողական քննարկումներ էին»
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը կիպրացի գործընկերոջ հետ քննարկումներն «արդյունավետ և անմիջական» է որակել։ Վստահեցրել է՝ դրանք կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են երկու ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը։
«Անելու ենք հնարավորինը ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար»,- շեշտել է Պապիկյանը։
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը Սուրեն Պապիկյանի հետ ունեցած քննարկումները «չափազանց կարևոր և կառուցողական» է որակել։
«Մեր երկրներն ունեն հարուստ պատմություն, ընդհանուր մշակութային ժառանգություն, խորը գիտակցում և փոխըմբռնում այն մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարեն և դիմակայեն փոքր պետությունները։ Փոքր պետություններ, որոնք վճռական են պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նկատել է նա։
Պալմասի դիտարկմամբ՝ Երևանն ու Նիկոսիան անվտանգության և պաշտպանության ոլորտներում ձևավորել են բովանդակալից և զարգացող հարաբերություններ։ Դրանք, ըստ նրա, գերազանց հարաբերություններ են։
«Մեր համագործակցությունը ներառում է ռազմական անձնակազմի փոխադարձ այցեր, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը։ Մեր զինված ուժերի փոխգործակցությունն այդ ձևաչափի շնորհիվ էլ ավելի է ամրապնդվել»,- նկատել է նա։
«Կա չօգտագործված մեծ ներուժ»
ՀՀ պաշտպանության նախարարի բնորոշմամբ՝ Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ։
«Այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգային հարցերի շուրջ։
«Երկուստեք ամրագրեցինք, որ, թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- հայտարարել է Պապիկյանը։
Ըստ նրա՝ Հայաստան-Կիպրոս գործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը։
ՊՆ նախարարը կարևորում է նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը նույնպես միտված է միևնույն արժեքները կրող երկրների համատեղ նպատակների իրականացմանն ու մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությանը։
Կիպրոսի պաշտպանության նախարարը ևս խոսել է համագործակցությունն ավելի ամրապնդելու ներուժի մասին։ Օրինակ է բերել համատեղ զորավարժությունների ձևաչափի ու պաշտպանական ոլորտի կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնումը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կիպրոսի ՊՆ նախարարի այցը Երևան