Ինչո՞ւ էին արևմտյան հատուկ ծառայությունների ղեկավարներն այցելել Ադրբեջան․ կարծիք Բաքվից
Արևմտյան հետախուզության ղեկավարները Բաքվում
Վերջին տասը օրվա ընթացքում բրիտանական և ամերիկյան հետախուզությունների բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել էին Ադրբեջանի մայրաքաղաք։ Այդ այցելություններն անցան չափազանց անաղմուկ՝ առանց ուշադրություն գրավելու։ Ինչո՞ւ էին արևմտյան հետախուզական ծառայությունների ղեկավարները ժամանել Բաքու։
Azpolitika.az կայքը հրապարակել է հոդված այցերի հնարավոր պատճառների մասին։
- «Դեպի ՀՀ Ֆրանսիայի ուղին անցնում է Վրաստանով»․ կարծիք Երևանից
- «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության համար»․ Փաշինյան
- «ՀՀ հետ ռազմական համագործակցությունը էսկալացիայի նպատակ չունի»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը սեպտեմբերի 14-ին ժամանել էր Բաքու և դասախոսություն կարդացել ADA համալսարանում։ Այս մասին հայտնի էր դարձել ռեկտորատի՝ սոցցանցերում արված հրապարակումից։
Հետաքրքիր է, որ ո՛չ պաշտոնական Բաքուն, ո՛չ էլ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը առայժմ որևէ տեղեկատվություն չեն հրապարակել այս առիթով։
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, Ռիչարդ Մուրի այցի նպատակը, ակնհայտորեն, համալսարանում դասախոսություններ կարդալը չէր։
«Շատ հավանական է, որ նա երկրի ղեկավարության հետ բանակցություններ է վարել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Զարմանալի չի լինի, եթե նա Արևմուտքի ազդեցիկ շրջանակների և կառավարությունների որոշ ուղերձներ փոխանցած լինի։ Հավանաբար խոսքը Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների, Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին է»։
MI6-ի ղեկավարի անսպասելի այցը Բաքու տեղի ունեցավ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ լոնդոնյան հանդիպումից մեկ շաբաթ անց։ Միևնույն ժամանակ Financial Times թերթում հրապարակվել էր Մուրի և Բըրնսի մակագրությամբ հոդված միջազգային կարգին սպառնացող վտանգի մասին։ Նույն հոդվածում նրանք արձանագրում են. «Աշխարհակարգը դեմ առ դեմ է կանգնած մի սպառնալիքի, որը մարդկությունը չի տեսել սառը պատերազմից ի վեր»։
Երկու հետախուզական ծառայությունների ղեկավարների կարծիքով՝ Լոնդոնն ու Վաշինգտոնն ակտիվորեն համագործակցում են միասնական ճակատ ստեղծելու նպատակով՝ «հակազդելու Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին և Ուկրաինայում Պուտինի ագրեսիվ պատերազմին»։
Հարկ է նշել, որ Մուրն աշխատել է որպես Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան, ինչպես նաև երկրի նախարարների կաբինետում՝ որպես քարտուղարության ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության Եվրոպա-Եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորն այցելել էր Ադրբեջան և հանդիպել նախագահի օգնական Հիքմեթ Հաջիզադեի հետ։ Սակայն Պրայորը չէր այցելել Երևան։
Ի՞նչը կարող էր լինել Արևմուտքի երկու կարևոր և առաջատար պետությունների հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բաքու այցելությունների հիմնական նպատակը։
«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ այս երկու այցելությունների նպատակն էր քննարկել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի՝ Ադրբեջանի հետ ունեցած համագործակցության կոնկրետ մանրամասները.
«Այսինքն՝ պարզ է, որ հետախուզության ղեկավարները չեն քննարկելու տնտեսական և քաղաքական հարցեր։ Այս հարցերի քննարկման համար կան համապատասխան պաշտոնյաներ և դիվանագետներ։ Նրանք այցելում են Ադրբեջան և քննարկում Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական գործակցության հարցեր։ Դա առանձին հարց է։
Բայց եթե ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան կամ բրիտանական հետախուզության ղեկավարն է ժամանում Բաքու, ուրեմն կան առանձնահատուկ մանրամասներ, որոնք նրանք ուզում են քննարկել Բաքվի հետ։
Կարծում եմ, որ առաջին հերթին առաջացել են Հարավային Կովկասի վրա Ռուսաստանի ազդեցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր, որոնք պետք է քննարկեն այդ երկու խոշոր պետությունների հետախուզությունները։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան մտահոգված են Հարավային Կովկասում ՌԴ հնարավորություններով։
Օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցելությունից հետո ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունները։ Հասկանալի է, որ դրանք չեն համապատասխանում ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շահերին։ Քանի որ «Զանգեզուրի միջանցքը» կլինի Միջին միջանցքի մաս, և ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ Մեծ Բրիտանիան չեն ուզում, որ Չինաստանից եկող տրանսպորտային ուղիները վերահսկի Ռուսաստանը։ Եթե «Զանգեզուրի միջանցքը» վերահսկվի ռուս զինվորականների կողմից, դա կնշանակի, որ Ռուսաստանն է վերահսկում Միջին միջանցքը։
Դա չի համապատասխանում շատ երկրների շահերին։ Ինձ թվում է՝ դա կարող էր լինել քննարկվող թեմաներից մեկը։
Երկրորդ՝ անհրաժեշտ է քննարկել COP29 միջոցառման հետ կապված հարցերը։ Նոյեմբերին Բաքվում տեղի է ունենալու շատ խոշոր միջազգային միջոցառում՝ աշխարհի առաջնորդների մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ երկու շաբաթվա ընթացքում մոտ 80 հազար օտարերկրյա հյուրեր կմասնակցեն Բաքվում անցկացվող կոնֆերանսներին և սեմինարներին։ Ուստի չի բացառվում, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ցանկացել են Ադրբեջանի հետ կիսվել կոնկրետ հետախուզական տեղեկատվությամբ»։