Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման են դատապարտել ֆրանսիացի գրաֆիտի արտիստին
Ֆրանսիացի գրաֆիտի արտիստը ձերբակալվել է Ադրբեջանում
Բաքվում Ֆրանսիայի քաղաքացին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման մետրոյի վագոնի վրա գրաֆիտի նկարելու համար։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է առանց հատուկ անհրաժեշտության չայցելել Ադրբեջան՝ «կամայական ձերբակալության և անարդար դատավարության վտանգի պատճառով այն երկրում, որի դատական համակարգը ազատության կամ իրավունքների պաշտպանության որևէ երաշխիք չի տալիս»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։
- «Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված որոշակի ճնշում կա Էրդողանի վրա»․ կարծիք
- Ադրբեջանի զինված ուժերը դուրս կբերվե՞ն Ջերմուկից․ պատերազմից 2 տարի անց
- «Իր երրորդ գալստյամբ Իվանիշվիլին «գերազանցեց» նույնիսկ Քրիստոսին»․ վրացի քաղաքագետ
Ի՞նչ է տեղի ունեցել
Սեպտեմբերի 10-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանում հրապարակվել է դեպո ներթափանցած և Բաքվի մետրոյի վագոնների վրա գրաֆիտի պատկերած երեք օտարերկրացիների դատավճիռը։
Մասնավորապես՝ դատավճիռ է կայացվել Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Թեո Հյուգոյի (Clerc Theo Hugo), Նոր Զելանդիայի քաղաքացի Դե-Սենտ Քվենտին Իսմայելի (De-Saint Quentin İsmael) և Ավստրալիայի քաղաքացի Հան Փոլի (Han Paul) նկատմամբ։
Ինչպես «Թուրան»-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը, դատարանը քաղաքական նշանակություն չունեցող գրաֆիտին համարել է «խուլիգանություն», որը հանգեցրել է ծանր հետևանքի՝ «ուրիշի գույքին վնաս հասցնելու»։
Ֆրանսիայի քաղաքացին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
Մյուս երկուսը տուգանվել են 6800 մանաթով [մոտ 4000 դոլար]։
Փաստաբանը նշել է, որ վնասն արդեն ամբողջությամբ փոխհատուցվել է՝ նույնիսկ հաշվի առնելով պարապուրդի հետևանքով չստացած շահույթի փոխհատուցումը։
Ամբաստանյալները խոստովանել են, որ գրաֆիտի նկարել են, բայց դա չեն արել խուլիգանական դրդապատճառներից ելնելով կամ վնաս պատճառելու նպատակով։ Նրանք հայտնել են, որ նմանատիպ բաներ արել են նաև այլ երկրներում, սակայն մինչ այժմ տուգանվել են առավելագույնը 400 եվրոյով։
Փաստաբանն ասել է, որ վերաքննիչ բողոք կներկայացնի դատարանի որոշման դեմ։
Երկու դատավարություն մեկ գործով
Նշենք, որ այս անձինք բերման են ենթարկվել 2024 թվականի մարտին։
Թեև Թեո Քլերկը և մյուսները դատարանի որոշմամբ վարչական տուգանքի էին ենթարկվել, հետագայում նույն արարքի համար նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին։
Ապրիլի 2-ին Յասամալի շրջանային դատարանը Թեո Կլերկին դատապարտել էր երեք ամսվա կալանքի, իսկ նրա ընկերները ոստիկանական հսկողությամբ ազատ էին արձակվել։
Թեո Կլերկը հայտարարել է, որ հանցագործություն կատարելու և վնաս պատճառելու մտադրություն չի ունեցել, պատժվել է «Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերություններում առկա լարվածության պատճառով»։
«Սխալ է պատժել ինձ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների պատճառով։ Ես այստեղ եմ եկել ընկերներիս հետ՝ որպես սովորական զբոսաշրջիկ։ Ես Ֆրանսիան չեմ ներկայացնում։ Պարզապես կովկասյան երկրներից մենք միայն Ադրբեջանում չէինք եղել, դրա համար էլ եկանք այստեղ»,- դատարանում ասել է 38-ամյա գրաֆիտի արտիստը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Ադրբեջան այցելելուց
Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի «կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը» իր երկրի քաղաքացի Թեո Կլերկի նկատմամբ, որը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման մետրոյում նկարած գրաֆիտիի համար։ «Ընդ որում, նույն գործողությունների համար նրա հետ միասին մեղադրվող մյուս երկու անձինք դատապարտվել են միայն դրամական տուգանքի»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Թեո Կլերկի ձերբակալությունից անմիջապես հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը դիմել է Ադրբեջանի իրավասու մարմիններին՝ Ֆրանսիայի քաղաքացու շահերին և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան հյուպատոսական պաշտպանություն իրականացնելու համար։
Դեսպանատան ներկայացուցիչները ներկա են գտնվել բոլոր դատական նիստերին։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց հորդորել է առանց հատուկ անհրաժեշտության չայցելել Ադրբեջան «կամայական ձերբակալության և անարդար դատավարության վտանգի պատճառով այն երկրում, որի դատական համակարգը ազատության կամ իրավունքների պաշտպանության որևէ երաշխիք չի տալիս»։
Նմանատիպ նախազգուշացմամբ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել նաև սեպտեմբերի 4-ին։
Ադրբեջանի ԱԳՆ. «Ֆրանսիան անտեսում է Ադրբեջանի դատական ընթացակարգերը»
«Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն այդ երկրի քաղաքացի Թեո Կլերկի նկատմամբ ենթադրյալ «խտրականության» և դատարանի «անարդար որոշման» մասին, ինչպես նաև այն, որ իրեն «իրավական պետություն» հռչակած Ֆրանսիան անտեսում է Ադրբեջանի դատական ընթացակարգերը, անընդունելի են։ Ֆրանսիայի մեղադրանքներն անհիմն են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ պետական սեփականությանը դիտավորյալ վնաս պատճառած Ֆրանսիայի քաղաքացու, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը դատարանի իրավասության շրջանակներում է, և ֆրանսիական կողմն իրավունք չունի կասկածի տակ դնել այդ որոշումը։
«Ֆրանսիայի քաղաքացին ազատազրկվել է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածով։ Նշենք, որ նման արարքների համար Թեո Կլերկը նախկինում արդեն պատժվել և տուգանվել է Ֆրանսիայում։
Ընդհանուր առմամբ, նախաքննության և դատարանի եզրակացության համաձայն՝ հանցագործություն կատարելիս Ֆրանսիայի քաղաքացին աչքի է ընկել հատուկ նախաձեռնողականությամբ և ակտիվությամբ։
Նաև պարզվել է, որ դատաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները չեն համապատասխանել գործի օբյեկտիվ հանգամանքներին։ Թեո Կլերկի ոչ անկեղծ ցուցմունքները դատարանում այն մասին, որ ինքը չգիտեր նման բնույթի գործողությունների՝ Ադրբեջանում անօրինական համարվելու մասին, չնայած այն հանգամանքին, որ նա նախկինում նմանատիպ արարքների համար տուգանվել է, ինչպես նաև կատարած արարքի համար չզղջալը կարելի է դասել այն գործոնների թվին, որոնք պայմանավորել են նրա պատժի խստությունը՝ ի տարբերություն մյուս երկու անձանց»,- ընդգծել է Հաջիզադեն։
Լարվածություն Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերություններում
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Փարիզը սատարեց Երևանին Ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ։ Հայաստանը սկսեց զրահատեխնիկա գնել Ֆրանսիայից, իսկ 2024 թվականի փետրվարին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարեց, որ Փարիզը պատրաստ է Հայաստանին հակաօդային պաշտպանության հրթիռներ տրամադրել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
2023 թվականի դեկտեմբերին Բաքվում լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանը։ Նույն ամսում Ադրբեջանի ԱԳՆ-ն հրավիրեց Ֆրանսիայի դեսպանին՝ հայտնելու դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցների արտաքսման մասին։
2024 թվականի մարտին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը հայտարարեց, որ Ֆրանսիան զինում է Հայաստանին և նրան նոր պատերազմի մղում Ղարաբաղում։
«Չբավարարվելով այս ամենով՝ իր նպատակին հասնելու համար նա [Ֆրանսիան] գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության՝ իր հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցելով տարբեր անձանց հետ և ձևավորելով լրտեսական ցանց»,- հայտարարեց նա։
Ապրիլին Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվից հետ կանչեց իր դեսպանին։
2024 թվականի հունվարին Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձև, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ղարաբաղում Բաքվի գործողությունների պատճառով։
Մայիսին Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի տարածք Խաղաղ օվկիանոսում) բռնկվեցին զանգվածային անկարգություններ, Փարիզն Ադրբեջանին մեղադրեց այդ անկարգությունների կազմակերպմանը մասնակցելու մեջ։ Ադրբեջանցի քաղաքական գործիչները հերքեցին այդ հայտարարությունները՝ դրանք որակելով անհիմն։