Ադրբեջանի զինված ուժերը դուրս կբերվե՞ն Ջերմուկից․ պատերազմից 2 տարի անց
Ադրբեջանցիների դուրսբերում Ջերմուկի մատույցներից
Երկու տարի առաջ այս օրերին՝ սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ առաջանալով մի քանի ուղղություններով։ Պաշտոնապես հաղորդվել է, որ ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 225 զոհ, Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։
Ռազմական գործողություններից օրեր անց Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը (այժմ՝ նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ) հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Ջերմուկ քաղաքից 4.5 կմ հեռավորության վրա՝ նախկին 11-12 կմ-ի փոխարեն։ Հավելեց, որ ադրբեջանցիները «շրջափակված են հայկական ուժերի կողմից», և եթե նրանց սնունդ և ջուր չմատակարարվի, հետ կքաշվեն ՀՀ տարածքից։
Սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, որևէ հետքաշման մասին չի հաղորդվել։ Ավելին արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերն օկուպացված տարածքներում ամրաշինական կառույցներ են ստեղծել և ծավալուն ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացրել։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը հիշեցնում է՝ վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը՝ որպես հիմնարար սկզբունք ընդունելով 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը։ Իսկ դա նշանակում է ԽՍՀՄ սահմանների փոխադարձ ճանաչում։
«Կանոնակարգը փաստաթուղթ է, որը մեզ մոտեցնում է այն իրավիճակին, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ օկուպացված տարածքներից։ Ոչ թե այն ինքնին այդ հարցի լուծումն է կամ ինքնին երաշխավորում է, որ դա տեղի է ունենալու, այլ քայլ է ճիշտ ուղղությամբ»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է վերլուծաբանը։
Ադրբեջանի զինուժը մխրճվեց ՀՀ ինքնիշխան տարածք
2022 թ․-ի սեպտեմբերյան հարձակումից հետո ԳՇ պետը հաղորդեց, որ հարձակումը 6 ուղղությամբ է եղել, բայց մխրճման խորությամբ մյուս ուղղությունները զիջում են Ջերմուկին․
«Կան 1-1.5, 2 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի նաև դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժաների ուղղությամբ։ Մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին ետ շպրտել։ Եվ կա Իշխանասարի ուղղությամբ որոշակի, մոտ կես կմ խորությամբ հաջողություն»։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմին հաջողվել էր Ջերմուկի ուղղությամբ «մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնության ճակատով մինչև 7.5 կմ խորությամբ»։
Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ադրբեջանցիները 2022 թ․-ի սեպտեմբերին ՀՀ դեմ կիրառել են հրետանի, ռեակտիվ հրետանային համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական հարձակման ընթացքում միտումնավոր թիրախավորվել են խաղաղ բնակչությունն ու կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները։
Մասնավորապես, գնդակոծվել է, Ասրյանի խոսքով՝ մանկական խաղահրապարակ։ Վնասվել է առողջարանի ճոպանուղին։ Զբոսաշրջային քաղաքը մինչ օրս լիովին չի վերականգնվել, շարունակում է զգալ պատերազմի հետևանքները, նախևառաջ՝ տնտեսական։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի մեկնաբանությունը
«2022 թ․-ի իրադարձություններն անշեղորեն կապում եմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Ռազմական գործողություններից ամիսներ առաջ եղել էր ՌԴ պահանջը՝ սահմանապահ զորքերի հրամանատարի նամակի տեսքով, որն ուղղված էր ՀՀ կառավարությանը։
Վերջինս պահանջում էր «միջանցքի» կառուցման համար, թեև նամակում միջանցք բառը չկար, հողհատկացում հայ-իրանական սահմանից որոշ խորության վրա։ Հայաստանի կառավարությունը բացասական պատասխան տվեց։ Ամիսներ անց տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումն ու այդ հարձակման նկատմամբ ՌԴ ծայրաստիճան տոլերանտ վերաբերմունքը։
Այդ հարձակման նպատակը ՀՀ-ին ստիպելն էր համաձայնել այն պահանջներին, որոնք ներկայացնում էր Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով ռուսական վերահսկողությամբ և միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։
Բայց դա տեղի չունեցավ և Բաքուն չհասավ իր ռազմավարական նպատակին մի կողմից՝ ԱՄՆ և ԵՄ, մյուս կողմից՝ Իրանի ակտիվ միջամտության շնորհիվ։
2022 թ․-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո սրվեցին նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանն ու նրա հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքը հրաժարվեցին ՀՀ-ին օգնություն տրամադրել, այն է՝ կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները։ Աջակցության փոխարեն ռազմական դաշինքը Հայաստան էր ուղարկել մոնիթորինգային առաքելություն։
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո, սակայն, Մոսկվան սկսեց պնդել, թե իբր ՌԴ կողմից առաջարկվում էր համապարփակ փաթեթ, այդ թվում՝ ռազմական օգնություն։
Նոր հարձակում այդ ուղղությամբ, իհարկե, հնարավոր է, ինչպես և ցանկացած այլ ուղղությամբ։ Որովհետև այո, Ջերմուկի ուղղությունը բավականին խոցելի է։ Բայց դա միակ խոցելի ուղղությունը չէ, ցավոք սրտի։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ուժային հարաբերակցությունը ստեղծում է նախապայմաններ, որպեսզի ադրբեջանական կողմն իրեն առավել անպատիժ զգա նման հարձակումներ կազմակերպելիս և իրագործելիս։ Հիմնական խնդիրն ավելի խորն է ու կապված է ուժերի հարաբերակցության հետ։
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը երաշխիք չէ, որ նույն սցենարը չի կարող կրկնվել։ Նման երաշխիք կամ ընդհանրապես չկա, կամ եթե կա, դա քո սեփական զինված ուժերն են։
Այլ երաշխիքներ ուղղակի չեն լինում։ Անգամ քո սեփական զինուժը երաշխիք չէ, եթե երաշխավորված չէ նրա հաջողությունը։
Բայց որևէ կերպ չի կարելի թերագնահատել եվրոպական դիտորդական առաքելության դերակատարությունը։ Այն հաշվետվողականություն և թափանցիկություն է բերել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի կարիքը սահմանը շատ ուներ, և ՀՀ-ն դրա կարիքը շատ ուներ։ Այն ռազմական կոնտինգենտ չէ, բայց իր կարևոր և ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ։
Հուսանք, որ դա ժամանակավոր դերակատարություն է, և թե սեփական ուժերի, թե ԵՄ հետ հարաբերությունների մակարդակի տեսանկյունից ՀՀ-ն կլինի այնպիսի վիճակում, որ մենք խոսենք ոչ թե դիտորդական առաքելության, այլ սեփական ուժերի կարողությունների կամ որակապես այլ առաքելության ներկայության մասին։
Վերջերս համաձայնեցվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Այն բավականին կարևոր փաստաթուղթ է, բայց չի լուծում և չի էլ կարող լուծել բոլոր հարցերը միաժամանակ։
Կանոնակարգը փաստաթուղթ է, որը մեզ մոտեցնում է այն իրավիճակին, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ օկուպացված տարածքներից։ Ոչ թե այն ինքնին այդ հարցի լուծումն է կամ ինքնին երաշխավորում է, որ դա տեղի է ունենալու, այլ դա քայլ է ճիշտ ուղղությամբ։
Ես նույն բանը կասեի, եթե նույնիսկ մենք խոսեինք կոնկրետ քարտեզների մասին, որովհետև գործ ունենք մի պետության հետ, որը բանակցային պրոցեսում փորձում է ստանալ հնարավոր առավելագույնը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանցիների դուրսբերում Ջերմուկի մատույցներից