Բարձրագույն կրթության տրանսֆորմացիա․ ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանում
Ակադեմիական կրթությունը ՀՀ-ում
Սոցիալական մեդիայի հայկական տիրույթը ողողված է տարբեր դասընթացների, կրթական ծրագրերի, առցանց աշխատարանների մասին առաջարկներով: Եվ բոլոր հայտարարություններում ասվում է, որ դրանց ավարտին մասնակիցը կստանա այնպիսի գիտելիք, որն իրեն մրցունակ կդարձնի աշխատաշուկայում: Որպես կանոն, դրանք ֆինանսապես ավելի մատչելի են համեմատած ակադեմիական կրթության հետ, սակայն որակի հետ կապված չկան ուսումնասիրություններ։ Ամեն առանձին առաջարկի մասին կարելի է դատել` ելնելով նախորդ մասնակիցների արձագանքներից:
Ստեղծված իրավիճակը վերջին տարիներին կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքն է։ Այժմ բարձրագույն կրթությունը առավել, քան երբևէ, խնդիր ունի տալ ուսանողներին աշխատաշուկայի պահանջներին, նոր կյանքի ռիթմին, տեխնոլագիական առաջընթացին համապատասխանող գիտելիքներ:
Կրթությունն այլևս սահմաններ չունի, հասնում է ցանկացած երկիր և մարդու: Գիտելիքը դարձել է հասանելի, մատչելի ու կիրառական: Եվ միգուցե դա է պատճառներից մեկը, որ տարեցտարի Հայաստանում կրճատվում է բուհ ընդունվել ցանկացողների թիվը։
- Հազարավոր թափուր տեղեր Հայաստանի բուհերում․ ի՞նչն այնպես չէ և կա՞ արդյոք շտկման կարիք
- «Հայաստանում կրթության «վերակենդանացման» համար ներդրումներ են պետք»․ ուսուցիչներ և փորձագետներ
- Մենթոր դպրոցներ Հայաստանում․ օգնություն հեռավոր և սահմանամերձ գյուղերին
Մասնագիտություն ընտրելուց առաջ ուսումնասիրել աշխատաշուկան
Կարենը բարձրագույն կրթություն է ստացել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: Աշխատել է բանկային համակարգում, սակայն սպասելիքներն ու ինքնաիրացման տեմպը չի բավարարել նրան: Որոշել է նոր մասնագիտացում ստանալ:
«Տնտեսությունը, ֆինանսները, բանկային գործը դեռ մանկության տարիներից իմ ուշադրության կենտրոնում են եղել: Կասկած չեմ ունեցել, որ այդ ուղղություններով եմ բարձրագույն կրթություն ստանալու և աշխատանք գտնելու: Սակայն, ինչպես հետո հասկացա, Հայաստանում այս մասնագիտությունները բավականին գերագնահատված են, իսկ ռեալ աշխատաշուկան`շատ փոքր լավ մասնագետների համար»,- ասում է Կարենը:
Կարծում է, որևէ մասնագիտություն ընտրելուց առաջ պետք է ուսումնասիրել աշխատաշուկան, ոչ թե հետևել ծանոթ-բարեկամների խորհուրդներին.
«Կարևոր է, որ այս հարցում երիտասարդներին կողմնորոշի նաև դպրոցը: Գուցե արժե մտածել տարբեր ոլորտներից մասնագետների հրավիրելու մասին և ներկայացնել տարբեր մասնագիտացումներ, հրավիրել HR մասնագետների, աշխատանքի տեղավորման գործակալությունների ներկայացուցիչների և այլն»:
Դժգոհ չէ բուհում ստացած գիտելիքների որակից, սակայն համարում է, որ կարիք ունի խորացնել, փորձարկել դրանք.
«Մշտապես պետք է վերապատարստվել, նորագույն տեղեկությունները ստանալ քո մասնագիտացման ուղղությամբ: Հիմա նորաձև են հատկապես առցանց դասընթացները։ Սակայն ես նախընտրում եմ ինքնակրթության ճանապարհը»:
Բանկային համակարգում յոթ տարվա աշխատանքից հետո Կարենը սկսել է զբաղվել տվյալագիտությամբ: Հեռավար սովորել է այս ոլորտում լավագույն ծրագրերից մեկով, հետազոտական աշխատանք ներկայացրել և առաջին քայլերն է արդեն սկսել արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններից մեկում․
«Շատ ռիսկային է նոր մասնագիտություն ընտրել, երբ արդեն ունես մեկը և դրանով վատ չես վաստակում: Բայց ես կարևորեցի առաջընթացը, իմ լիարժեք ինքնաիրացումը, աշխարհի հետ մշտապես կապի մեջ լինելը, նորարարությունը»:
Իսկ լավ մասնագետ դառնալու համար, նրա կարծիքով, երեք ամսվա դասընթացը բավարար չէ․
«Այդպես կստանաս կողմնորոշում և ոչ թե գործիքներ։ Դու չես կարող միայն լավ անգլերենով և որոշակի մաթեմատիկական գիտելիքներով տվյալների վերլուծաբան դառնալ: Կարիք կունենաս ուսումնասիրելու տնտեսագիտություն, սոցիոլոգիա, փիլիսոփայություն և շատ-շատ ոլորտներ»:
Ըստ վիճակագրության՝ բուհական կրթությունը պահաջարկ չունի
Տարեցտարի Հայաստանում բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկը նվազում է։ Երիտասարդները չեն ուզում ակադեմիական կրթության վրա չորս և ավելի տարիներ և ֆինանսական միջոցներ վատնել:
Նրանք նախընտրում են ստանալ միջին մասնագիտական կրթություն, հետո մի քանի ամիս վերապատրաստվել և սկսել աշխատել: Այսպես արագ ինքնուրույնանում են, նաև թեթևացնում են ընտանիքի հոգսը:
Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16.000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5.000-ը։ Դա կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։ Որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել:
Ակադեմիական կրթության ճգնաժամը և «նոր կրթության» պահանջները
Միշա Թադևոսյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: Ասում է՝ ակադեմիական կրթության հայեցակարգը և ավանադական մոտեցումները ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, ընդհանուր առմամբ ճգնաժամի մեջ են։ Դա, իր կարծիքով, պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կրթության հասանելիությամբ ու մատչելիությամբ, մարդու՝ որպես սոցիալական էակի զարգացումով, ընդհանուր ուսուցման ոճերի, տեմպի ու որակի փոփոխությունով։
«Տեսնում ենք, թե ինչպես է 21-րդ դարում տեղեկատվության աղբյուրների բազմազանությունը համալսարանական պատերի անհրաժեշտությունը դարձնում երկրորդական։ Այժմ մարդը կարող է ստանալ իրեն անհրաժեշտ գիտելիքը աշխարհի ցանկացած կետից։ Միջազգային լավագույն բուհերը վերանայում են իրենց ծրագրերի բովանդակությունն ու կրթության կազմակերպման սկզբունքները, որպեսզի համապատասխանեցնեն դարի մարտահրավերներին»,- բացատրում է նա։
Թադևոսյանի ընկալմամբ՝ ավելի խորքային դրդապատճառը կրթության ու ուսուցման մեթոդների վերաբերյալ ժամանակակից մարդու սոցիալական ընկալումների փոփոխությունն է․
«Փոփոխություն, որին մեծամասամբ չի արձագանքում ակադեմիական համակարգը՝ շարունակելով 21-րդ դարի անհատին տրամադրել 19-20-րդ դարերում մշակված կրթական համակարգերի մեթոդաբանական գիտելիք»։
Կարճաժամկետ դասընթացները մասին խոսելիս՝ շեշտում է, որ դրանք սովորաբար նպատակ ունեն փոխանցելու առաջնային տեղեկատվությունն ու գործիքները այս կամ այն ոլորտի կամ դրա առանձին ասպեկտի վերաբերյալ․
«Դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել համալսարանական ակադեմիական ոչ ճկուն համակարգից, քանի որ այն չի կարողացել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մոդիֆիկացնել կրթական ծրագրերը։ Արդյունքում՝ ժամանանակից շուկայում անհրաժեշտ մի շարք մասնագիտությունների ու մասնագիտացումների ուղղությամբ ուսումնական ֆորմալ հաստատություններում հնարավոր չէ կրթություն ստանալ»։
Նկատում է, որ կարճաժամկետ դասընթացները տրամադրում են առաջնային պատկերացումներ ու տեղեկատվություն, ոչ թե լուրջ գիտելիք ոլորտի վերաբերյալ։ Հետևաբար՝ չեն լրացնում խորքային գիտելիքների պակասը.
«Որպես կանոն, նման պրակտիկայի արդյունքը կարող է ոչ դրական անդրադառնալ երիտասարդների հետագա կարիերայի կողմնորոշման, աշխատավայրում փորձառության, մասնագիտական ուղղորդման և այլ հարցերի վրա»։
Միևնույն ժամանակ, այլընտրանքային կրթությունը, ըստ նրա, կարող է դիտարկվել որպես հնարավորություն, երբ այն առաջարկում է ավելի ճկուն և անհատականացված մոտեցում ամեն մեկի համար՝ ի տարբերություն ավանդական կրթական համակարգի․
«Այս կրթական ձևը հնարավորություն է տալիս անհատին բացահայտելու իր ներքին պոտենցիալն ու տաղանդները՝ ազատվելով ընդհանուր, միատիպ ուսուցման ավանդական կրթական համակարգի սահմանափակումներից»։
Ինչ վերաբերում է Հայաստանի կրթական համակարգի փոփոխություններին, նկատում է, որ խնդիրները պահանջում են ոչ միայն հատվածային լուծումներ առանձին ուղղություններով, այլ համապարփակ մոտեցում և արձագանք․
«Այսօր կարող ենք տեսնել կրթության մեջ տեխնոլոգիաների ինտեգրման, դասագրքաստեղծման, ուսուցիչների վերապատրաստման գործընթացների ու ընթացակարգերի փոփոխություն։ Դրանք պահանջում են մեծ ջանքեր բոլոր դերակատարների կողմից՝ աշակերտից մինչ որոշում կայացնող լիազոր մարմին»։
Մանկավարժը կարծում է՝ եթե այս փոփոխությունները ամբողջությամբ կյանքի կոչվեն, կարելի է ակնկալել, որ կրթական համակարգը կլինի ավելի արդյունավետ, բազմակողմանի և համապատասխան ժամանակակից պահանջներին։ Իսկ դա, իր հերթին, կնպաստի Հայաստանի տնտեսական և հասարակական զարգացմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ակադեմիական կրթությունը ՀՀ-ում