«Միջանցքի» հարցում ՌԴ և Իրանի հակասություններն այլևս հրապարակային են»․ կարծիք Երևանից
ՌԴ-Իրան հակասություններ․ հայացք Երևանից
Բաքվի և Անկարայի «Զանգեզուրի միջանցքի» պահանջին ՌԴ արտգործնախարարի հրապարակային աջակցությունը զարմացրել է շատերին, ովքեր «չէին սպասում, թե Ռուսաստանը կանտեսի Իրանի դիրքորոշումը մի հարցում, որը բազմիցս բնորոշել է որպես կարմիր գիծ»: Այս մասին գրում է Իրանի անվտանգության կառույցներին մոտ կանգնած Tehran Times պարբերականը։
Լրատվամիջոցը մեջբերում է հարավկովկասյան հարցով փորձագետ Սալար Սեյֆոդինի գնահատականը, թե Մոսկվան մինչ այս «միջանցքի հարցում երկիմաստություն էր պահպանում», սակայն այժմ «փորձում է մեղմել Ադրբեջանին՝ աջակցելով այդ միջանցքային ծրագրին, որը կարող է դեպի Եվրոպա էներգիայի արտահանման կենսական կարևորության երթուղի դառնալ»։
Իրանցի քաղաքագետը զգուշացնում է՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է ռազմավարական առավելություն տալ նաև Իսրայելին՝ հնարավորություն ընձեռելով «շրջափակել» Իրանը և օգտագործել երկրի սահմանների խոցելիությունը: Վստահ է՝ իրանցիները կդիմադրեն «Զանգեզուրի միջանցքին», նույնիսկ եթե ռազմական միջամտության կարիք լինի:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Իրանը դեռևս 2022 թ․-ին՝ Հայաստանի արևելյան սահմանների վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ է ցույց տվել՝ ունի վճռական պատասխանի գնալու պատրաստակամություն։ Ասում է՝ եթե Բաքուն նորից նման փորձ անի, Թեհրանի արձագանքը պետք է, որ նույնը լինի։
«Երբ Ադրբեջանը հարձակվել էր և հասել էր Ջերմուկ քաղաքի մատույցներին, իրանական կողմը սկսեց մեծ զորավարժություններ՝ ընդհուպ մինչև հարյուր հազարանոց անձնակազմ բացազատելով Ադրբեջանի հետ սահմանին»,- հիշեցրել է Քոչինյանն ու հավելել, որ այդ զորավարժությունները միանշանակ զպսող գործոն էին։
Շաբաթներ առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդել էր, թե Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով պայմանավորվածությունները։ Պաշտոնական Երևանը հակադարձել էր՝ նշելով, որ Լավրովը «քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»: ՀՀ արտգործնախարարությունից ՌԴ ԱԳՆ գործընկերներին հորդորել էին «կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել» Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Հարգել սահմանները»․ խորհուրդ ՌԴ-ին և Ադրբեջանին
Օրերս Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների պահանջին և Մոսկվայի աջակցությանը։ Նիքզադը պնդել է՝սահմանների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականությունն ամրագրված է և հիմնված է ազգային շահերի վրա։
«Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը, Ռուսաստանին և Ադրբեջանին իմ խորհուրդն է՝ հարգել սահմանները»,- հայտարարել է նա։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ վերջերս Բաքվում գործընկերների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմն այդ նույն արձանագրումն է արել։
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է»
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է․
«Ըստ էության, այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան»։
Էբրահիմ Ազիզին ասել է՝ ակնհայտ է, որ «միջանցք»-ի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից և հավելել՝ «Իրանը նույնպես կտրականապես դեմ է»։
«Իրանը զգուշացնում է նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ նմանատիպ որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- նկատել է նա։
Շեշտել է՝ Թեհրանը չի ձգտում տարածաշրջանում լարվածություն ստեղծել, բայց եթե առաջանա «տարածքային ամբողջականության սպառնալիք», կպաշտպանի իրեն, «լուրջ և վճռական» պատասխան կտա։
«Միջանցքի» հետ կապված պատրանքները երբեք իրականություն չեն դառնա»
Տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն անդրադարձել է նաև Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և հիշեցրել պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը։ Այն է՝ «ապաշրջափակման շրջանակում բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան ազգային և պետական ինքնիշխանության ներքո»։
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա», — հայտարարել է Սոբհանին։
Լրագրողները դեսպանի կարծիքն են հարցրել նաև հաղորդուղիների նկատմամբ երրորդ երկրներին վերահսկողություն տալու հնարավորության մասին։ Ի պատասխան Սոբհանին նշել է, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը շատ հստակ է․
«Մենք վստահ ենք, որ բոլոր վերահսկումները պետք է ամբողջապես լինեն Հայաստանի կառավարության և վերջինիս ինքնիշխանության ներքո։ Հիմա ոչ թե 19-րդ, այլ 21-րդ դարն է։ Եվ երկրներն ունեն անկախություն, ինքնիշխանություն և իրացնում են այդ իրավունքը»,- շեշտել է դեսպանը։
«Անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է ՀՀ-ին»․ Փաշինյան
«Վերջերս Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը, հերթական անգամ կրկնեց՝ այնտեղ գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունն է ապահովում, երաշխավորում հաղորդակցության անվտանգությունը»։
Վարչապետը նաև ընդգծել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի բոլո՛ր կոմունիկացիաները բացելու մասին է: Կոնտեքստից կտրված մեկնաբանությունները որակել է վնասակար․
«ՀՀ կառավարությունը հրապարակային և պաշտոնապես ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Եթե որևէ մեկը դեմ է այդ նախագծին, պետք է բացատրի, թե ինչու է դեմ»։
Վերջին մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջին անգամ խոսել էր հաղորդուղիների անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպության արտապատվիրակելու մասին։ Նա մանրամասներ չէր հաղորդել, միայն ասել էր, որ հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում Բաքվում և Մոսկվայում։
«Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ՝ պահնորդական կազմակերպությունները»,- նկատել էր Փաշինյանը։
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ասել էր՝ դեռ պարզ չէ, թե ինչ պահնորդական կազմակերպության մասին է խոսքը։ Սաֆարյանը նաև վստահեցրել էր՝ մասնավոր կազմակերպության հետ ճանապարհին վերահսկողություն պետք է իրականացնեն Հայաստանի մաքսային և սահմանապահ ծառայողները։
Փորձագիտական կարծիք
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի և Իրանի միջև հակասություններ վաղուց կարելի էր արձանագրել։ Ըստ նրա՝ թեման այժմ ոչ թե դիվանագիտական քննարկումների դաշտում է, այլ հրապարակային, քանի որ «ռուսական կողմն անցավ այս թեմայով հրապարակային խոսակցության»․
«Իրանի համար անընդունելի է ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի բացումը ռուսական, թուրքական, ադրբեջանական կամ որևէ այլ վերահսկողությամբ»։
Քոչինյանի կարծիքով՝ Թեհրանի համար «առանձնապես շահավետ չէ» անգամ հայկական վերահսկողությամբ ճանապարհի բացումը, քանի որ այն կդառնա Իրանով անցնող ճանապարհի այլընտրանք։ Վերադառնալով հաղորդակցությունների բացման վերաբերյալ Լավրովի հայտարարությանը՝ նկատում է՝ դա Ռուսաստանի արտգործնախարարության կողմից «լուրջ տապալում» էր․
«Իրենց անզգույշ և անհեռատես հայտարարությունների արդյունքում ստացան ևս մեկ ճգնաժամ Հարավային Կովկասում»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ իրանական կողմը ճանապարհի բացման հետ կապված երկու խնդիր է տեսնում՝
- «այն էականորեն կթուլացնի ՀՀ-Իրան անխոչընդոտ կապը,
- կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի շահերը շրջանցելու բավականին լուրջ գործիք»։
Իսկ այս պահի դրությամբ Թուրքիան և Ադրբեջանը էականորեն կախված են Իրանից Նախիջևան-Ադրբեջան կապի առումով, որը տեղի է ունենում Իրանի տարածքով։
Կարծում է՝ իրանական կողմը չունի անհամաձայնություն կապված մասնավոր ընկերության ներգրավման հետ։ Շեշտում է՝ դա որևէ կերպ չի նշանակում հակադրվել ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության տրամաբանությանը, պարզապես «հավելյալ անվտանգային երաշխիք» է։ Նշում է՝ ճանապարհի մաքսային, անձնագրային և ամբողջական վերահսկողությունն իրականացնելու է հայկական կողմը։
Այս պահին, ըստ նրա, մասնավոր ընկերության ներգրավման հետ կապված միայն մեկ խնդիր կա՝ Բաքուն չի համաձայնում փոխադարձության սկզբունքին։
«Եթե ՀՀ-ով կա ճանապարհ, որի վրա կան հավելյալ անվտանգային երաշխիքներ, ապա պետք է նմանատիպ բան լինի նաև Ադրբեջանում, օրինակ՝ Նախիջևանով Երևանից Մեղրի գնալու համար, ինչը 2-3 անգամ կարճ է, քան Վայոց Ձորով և Սյունիքով այնտեղ հասնելը»,- ամփոփում է Քոչինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՌԴ-Իրան հակասություններ․ հայացք Երևանից