«Դատարկ կրակոց»․ հայ քաղաքագետը՝ Բաքվի հայտարարությունների մասին
Սահմանափակում ՀՀ ԶՈՒ նկատմամբ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանն անվանել է «օկուպանտ և ագրեսոր երկիր»՝ նշելով, որ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվում է այն ֆոնին, երբ պաշտոնական Երևանը պարբերաբար Բաքվին առաջարկում է ստեղծել ինչպես հրադադարի ռեժիմի խախտումների, այնպես էլ սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմներ, իսկ Ադրբեջանից արձագանք չկա։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցում նշել է, որ «Ադրբեջանն ինքն է ագրեսոր երկիր», որը տարիներ շարունակ խախտել է սպառազինությունների քանակի մասին բոլոր գրված և չգրված օրենքները, ինչի արդյունքը տեսանելի էր նաև 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հայաստանի սպառազինվելու սահմանափակման մասին հայտարարությունը որակել է որպես «դատարկ կրակոց»։
«Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոյի ժամանակաշրջանը չէ։ Միջազգային կարգերն այնպես են խարխլված, որ կան պետություններ, որոնք կարողանում են խոսել նույնիսկ սեփական նախաձեռնությամբ միջուկային զենքի արտադրության մասին, օրինակ՝ Հյուսիսային Կորեան և Իրանը։ իսկ սովորական սպառազինության հետ կապված որևէ սահմանափակում լինել չի կարող»,- շեշտել է Ղևոնդյանը։
Ադրբեջանը կարծում է՝ «ժամանակն է դադարեցնել ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությունը»
Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը կշարունակվի երկկողմ հիմունքներով։
«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գործընթացն ընթանում է խաղաղության և փոխըմբռնման պայմաններում, կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմի սահմանի մոտ: Ժամանակը եկել է դադարեցնելու այս առաքելության գործունեությունը»,- նկատել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյան հերթական անգամ պնդել է, թե «ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»․
«Քանի դեռ դա չի փոխվել, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում»։
Հաջիևը հերքել է Հայաստանի վարչապետի պնդումները, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ էլ ՀՀ-ից կան տարածքային պահանջներ։ Փաշինյանի անցկացրած համեմատությունը «բառախաղ» է որակել։
Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ նշելով, որ «բացարձակապես սխալ» են այն պնդումները, թե Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան․
«Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է»։
Իր վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանը 1918-1920 թթ.-ի ադրբեջանական հանրապետության իրավահաջորդն է, իսկ այդ պետությունը «1919-ին Անտանտին ներկայացրած քարտեզով հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի նկատմամբ՝ ամբողջությամբ, և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ»:
ՀՀ վարչապետն ասում է՝ Երևանն էլ ունի մտահոգություններ, սակայն Բաքվից Սահմանադրության փոփոխություն չի պահանջում, քանի որ դա կնշանակի խաղաղության պայմանագրի ստորագրման «հարցը դիտավորությամբ մտցնել փակուղի»։
Մեկնաբանություն
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հույս ունի, որ Երևանը համարժեք պատասխան կտա Բաքվին՝ շեշտելով, որ «ագրեսորն ու օկուպանտը չի որոշվում ինչ-որ մեկի հայտարարությամբ»։
«Բոլորն են տեսնում, թե ինչ արդյունք ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, որն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Նախկինում Արցախի հայությունը կարողացավ մնալ իր հողին կառչած և համարժեք պատասխան տալ։ Այս անգամ դա չհաջողվեց՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Բայց երկու դեպքում էլ ագրեսիայի հեղինակը Ադրբեջանն էր»,- նկատում է նա ու հավելում՝ լավ կլիներ, եթե նման շեշտադրումներ լինեին Հայաստանի ԱԳՆ արձագանքում։
Ակնկալում է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ այն երկրները, որոնք իսկապես շահագրգռված են խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կնկատեն Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը, և «դրան կհետևի էլ ավելի հուժկու պատասխան, քան նախորդ անգամ»․
«Հուսանք՝ այս անգամ Արևմուտքը կընտրի ՀՀ-ն ավելի հզորացնելու ճանապարհը։ Նախորդ անգամ Բաքվի ապակառուցողականության պատասխանը ապրիլի 5-ի հանդիպումն էր, որը լուրջ հեռանկարներ էր բացում ՀՀ առջև»։
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Հայաստանի փորձագիտական շրջանակներն այն որակեցին երկրին «անվտանգության բարձիկների տրամադրում»։
Շեշտում է՝ Ադրբեջանի ապակառուցողական լինելու վկայություն է նաև այն, որ Բաքուն խոսում է Հայաստանից Եվրամիության դիտորդական առաքելության դուրսբերման մասին: Եվ դա այն դեպքում, երբ եվրոպական առաքելությունը գործում է ՀՀ ինքնիշխան տարածքում։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ իր խնդիրների հետ մեկտեղ Բաքուն փորձում է առաջ մղել նաև Մոսկվայի օրակարգերը։
«Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ԵՄ առաքելությունն այլևս Հայաստանում չլինի։ ՀՀ-ն ու ԵՄ-ն են հանդիսանում այս գործողության [առաքելության տեղակայման] կողմերը։ Ադրբեջանը կամ ՌԴ-ն չէ, որ պետք է որոշեն՝ Հայաստանում որևէ այլ երկրի կամ կազմակերպության ներկայացուցիչներ լինեն, թե՝ ոչ»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ նման պահանջներով ադրբեջանական կողմը փորձում է ստանալ Հայաստանի նկատմամբ ճնշումների ավելացում, անսպառ զիջումների հնարավորություն, դառնալ «խնդիրներ լուծող կենտրոն», որի հետ կհամաձայնեցվեն տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը։
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին՝ նկատել է՝ Երևանն էլ ունի Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված վերապահումներ։ Սակայն ՀՀ իշխանությունները հայելային պահանջ չեն ձևակերպում, քանի որ «կա պայմանավորվածություն՝ ներքին օրենսդրությունը խոչընդոտ չդարձնել խաղաղության պայմանագրի կետերը կատարելու համար»։
Այդ մասին օրերս ասուլիսի ընթացքում հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ղևոնդյանի կարծիքով՝ Փաշինյանի ներկայացրած սկզբունքներն ընդունելի չեն ադրբեջանական կողմի համար, քանի որ Բաքուն ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն օգտագործում է «բանակցային գործընթացն ու խաղաղության պայմանագրի կնքումը ձգձգելու համար»։
«Իսկ միջազգային հանրությունը չի ընդունում ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը»,- ընդգծել է վերլուծաբանը։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագրի ընդհանուր տրամաբանության մեջ Բաքվի այդ պահանջը չեն ձևակերպել/կրկնել ոչ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ոչ էլ նույնիսկ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Սահմանափակում ՀՀ ԶՈՒ նկատմամբ