«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չի հակասում Երևանի շահերին»․ հայ քաղաքագետ
Հայաստանի մոտեցումը Մինսկի խմբի լուծարմանը
«Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն այսպես է արձագանքել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցրել՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարման պահանջ է դնում՝ որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման և կա հավանականություն, որ առաջիկայում հայկական կողմը կընդունի պաշտոնական Բաքվի առաջարկը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի ղեկավարությունը հիմնականում խոսում է խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում և Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հետ մեկտեղ։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, չհամաձայնի համատեղ դիմել Մինսկի խմբի լուծարման համար, կնշանակի, որ «շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Մինսկի խումբը փաստացի չի գործում, ձևաչափն իրեն սպառել է։ Ասում է՝ այդ խմբի լուծարումը չի հակասում Հայաստանի շահերին, միևնույն ժամանակ՝ չի ենթադրում, որ փակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը։
«Մինսկի խմբի գոյություն չունենալը որևէ կերպ չի վերացնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները՝ իրենց տներ վերադառնալու իրավունքը, ընդհուպ մինչև անկախանալու իրավունքը, ինչպես նաև Ադրբեջանի պարտավորությունները իր տարածքում գտնվող հայ բնակչության հանդեպ»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է քաղաքագետը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույց է։ Գործում է 30 տարուց ավելի։ Համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Խումբն ակտիվ գործունեություն էր ծավալում մինչև 2020 թ․-ի 44-օրյա պատերազմը, դրանից հետո, սակայն, գնալով պասիվացավ։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ 2022 թ․-ից հետո սրվեցին նաև համանախագահող երկրների միջև հարաբերությունները։
Մինսկի խումբն այս տարիների ընթացքում հակամարտող կողմերին է ներկայացրել կարգավորման տարբեր առաջարկներ՝ փաթեթային, փուլային, ընդհանուր պետության գաղափար, «Մադրիդյան սկզբունքներ», «Կազանյան սկզբունքներ» և «Լավրովի պլան»։ Սակայն որևէ առաջարկի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել։
Ադրբեջանի առաջարկն ընդունելի՞ է Երևանի համար
Այս տարվա հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․
«Մենք հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»:
Հայկական կողմն այդ առաջարկի վերաբերյալ որևէ հայտարարություն չէր արել։ Ընդդիմությունն անթույլատրելի էր համարել միջազգային ձևաչափը լուծարելու Բաքվի առաջարկը։ Շեշտել էին՝ թեև այս պահին կառույցը գործուն չէ, բայց իրավական կարգավիճակ ունեցող լեգիտիմ ձևաչափ է, որը կարող է անհրաժեշտ լինել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար։
Իշխող թիմի ներկայացուցիչները նշել էին, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի միայն այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված կլինի։
«Մինսկի խմբի հետ կապված խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Որովհետև, երբ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորչում է… Արդեն դրա կարիքն էլ չի լինի»,- հայտարարել էր խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը․
«Ամենայն հավանականությամբ, Երևանը դիտարկում է Մինսկի խմբի լուծարման հավանականությունը։ 2020 թ․-ից սկսած Մինսկի խումբը դե ֆակտո որևէ գործունեություն չէր ծավալում, 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին հետևած իրադարձություններից՝ Արցախի հայաթափումից հետո Մինսկի խումբ այլևս փաստացի գոյություն չունի։
Այս իրավիճակում Մինսկի խմբի գոյությունը ՀՀ-ին որևէ բան չի տալիս։ Խմբի լուծարումը չի կարող խնդիր լինել Երևանի համար։
Երևանն օգտագործում է դա խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ՝ հասկացնելով Ադրբեջանին, որ եթե ուզում եք որևէ բան, պետք է մի բան էլ դուք անեք; Այսինքն՝ եթե մենք միանանք ձեզ ու Մինսկի խմբի հարցը լուծենք, ապա պետք է տեսնենք, թե դրանով ինչ ենք շահում։
Եկել է միակողմանի գործողություններից հրաժարվելու ժամանակը։ Այդ հրաժարումը պետք է լինի ինչ-որ բանի դիմաց, այսինքն՝ Ադրբեջանն էլ ինչ-որ հարցերում պիտի ընդառաջ գնա հայկական կողմին։
Օրինակ՝ լինի ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի համառության թուլացում, առաջընթաց խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Կարող են լինել նաև այլ բաղադրիչներ, որտեղ Ադրբեջանը կհամաձայնի ՀՀ առաջարկած պայմաններին։ Եվ այդ դեպքում չկա որևէ խոչընդոտ, որ ՀՀ-ն համաձայնի խմբի լուծարմանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ։
Լավագույն տարբերակը կլինի, որ խնդիրը լուծվի միանգամից՝ մեկ փաստաթղթի շրջանակներում։ Այսինքն՝ պայմանագրում ներառվի դրույթ այն մասին, որ Երևանն ու Բաքուն միասին դիմում են խմբի լուծարման համար։
Բաքուն շատ է վախենում Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիստական միտումներից։ Այդ վախը կա բազմաթիվ հայտարարություններում, բանակցային գործընթացում, տարբեր պաշտոնյաների հոխորտանքներում։ Այդ պատճառով էլ Ադրբեջանն ուզում է նախկին գործընթացի հետ կապված հետքերը վերացնել։
Իհարկե, սա որպես հոգեբանական գործոն Ադրբեջանի նկատմամբ ունենալը վատ չէր լինի, բայց եթե միայն դրա համար մենք չենք ունենում խաղաղության գործընթացը շարունակելու հնարավորություն, ապա ավելի լավ է հրաժարվել այդ հոգեբանական գործոնից։
Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների հաստատման փաստաթուղթ է լինելու, ինչը որևէ կերպ չի բացառում Արցախի խնդիրը։ Արցախի խնդիրն ընդհանրապես չի ընդգրկվելու այդ պայմանագրում։ Եթե լինի հիշատակում, ես ենթադրում եմ, որ դա կլինի այն մասին, որ ՀՀ-ն ընդունում է՝ Հայաստանի սահմանից դուրս գտնվող տարածքն Ադրբեջան է։
Դա, սակայն, չի բացառում, որ Ադրբեջանի ներսում կարող է լինել Արցախ, այնտեղ կարող են լինել բնիկներ [հայ բնակչություն]։ Եվ այդ բնակչությունը կարող է ունենալ իրավունքներ՝ ընդհուպ մինչև անկախանալու իրավունք։
Այսինքն՝ ստացվում է, որ պայմանագիրն ինքնին չի բացառում Մինսկի խմբի գործառույթների իրականացումը։
Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանագիր են կնքում, ապա ՀՀ-ն՝ որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ընդունում է, որ իր սահմանից դուրս այլևս Հայաստանի հետ ասոցացվող որևէ միավոր չկա։ Այդպիսով՝ Մինսկի խմբում ՀՀ մասնակցությունը դառնում է ձևական։ Բայց դե յուրե հարցը լուծելու համար անհրաժեշտ է լուծարել Մինսկի խումբը։
Պետք է ևս մեկ անգամ շեշտել, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը որևէ կերպ կապված չէ որևէ միջազգային ձևաչափի գոյություն ունենալ-չունենալու հետ։
Այդ մարդիկ բնիկներ են, դա իրենց հայրենիքն է։ Նրանք իրավունք ունեն շարունակել ապրել իրենց տներում։ Մինսկի խումբ կլինի, թե չի լինի՝ այդ իրավունքը որևէ մեկը վիճարկել չի կարող»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի մոտեցումը Մինսկի խմբի լուծարմանը