Գործադուլ «Evolution Georgia» խաղատանը. 3 աշխատակիցներ հացադուլ են հայտարարել
Հացադուլ «Evolution Georgia» խաղատանը
Գործադուլի 33-րդ օրը Վրաստանում գործող «Evolution Georgia» առցանց խաղատան երեք աշխատակիցներ անցում են կատարել բողոքի ծայրահեղ ձևի՝ հայտարարելով հացադուլ: Ասում են՝ չեն դադարեցնի այն, քանի դեռ չեն կատարվել գործադուլ հայտարարած աշխատակիցների պահանջները:
«Evolution Georgia»-ի աշխատակիցների գործադուլը մեկնարկել է հուլիսի 12-ին: Դրան մասնակցում է 5000 մարդ՝ աշխատակիցների կեսից ավելին: Սակայն խաղատան ղեկավարությունը պնդում է, որ գործադուլ է անում ընդամենը 800 մարդ: Գործադուլ անողների հիմնական պահանջներն են աշխատավարձի բարձրացումն ու արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծումը:
Գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության ոլորտի աշխատակիցների «Աշխատանք» արհմիությունը պնդում է, որ խաղատան աշխատակիցների գործադուլն ու հացադուլն անժամկետ են: Օգոստոսի 12-ին նրանք հանդես են եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «Evolution Georgia» ընկերությունը սկսել է ներգրավել անհայտ անձանց, որոնք ագրեսիվ և սադրիչ վարքագիծ են դրսևորում գործադուլի դուրս եկածների նկատմամբ:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը, նախագահին, օմբուդսմենին, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին՝ ներկայացնել իրենց դիրքորոշումը ընկերության բռնի և սադրիչ գործողությունների վերաբերյալ և թույլ չտալ 18-25 տարեկան աշխատակիցների հացադուլը:
Ապագայում իրադարձությունների զարգացման ողջ պատասխանատվությունը «Evolution Georgia»-ի ադմինիստրացիայի վրա է, որը փորձում է վախեցնել և ծեծել աշխատակիցներին, ինչպես նաև կառավարության վրա, որը պարտավոր է պաշտպանել այս երկրի քաղաքացիների շահերը այն ընկերությունից, որը վիրավորում է նրանց, սպառնում և պարտադրում անտանելի աշխատանքային ստանդարտներ»,- ասված է արհմիության տարածած հայտարարության մեջ:
«Evolution Georgia»-ի աշխատակիցները ընկերության ղեկավարությանն ուղղել են 44 դիմում:
Բանակցային գործընթացը սկսվել է հունիսի 4-ին՝ նախքան գործադուլը, և ավարտվել է հունիսի 24-ին՝ առանց որևէ արդյունքի: Արհմիության կազմկոմիտեի անդամներից մեկը՝ Նիկոլոզ Կատարապիաշվիլին, դրա պատճառը համարում է ղեկավարության անլուրջ վերաբերմունքն իրենց նկատմամբ:
Օգոստոսի 5-ին «Evolution Georgia» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ եթե իրավիճակը չփոխվի, կդադարեցնի իր գործունեությունը Վրաստանում: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ ընկերությունն արդեն իսկ խաղասեղանների մեծ մասը տեղափոխել է Հայաստան, և ներկայումս Թբիլիսիում գտնվող խաղատան գլխավոր շենքում մնացել են միայն մենեջերները և հավաքարարները: Ընկերությունը հայտարարել է, որ գործունեության դադարեցման պատճառը գործադուլի կազմակերպիչների և մասնակիցների «հակաօրինական վարքագիծն» է:
«Evolution Georgia»-ն շվեդական Evolution Gaming Group-ի դուստր ընկերությունն է, որը Վրաստան է եկել 2017 թվականին: Ընկերությունը տրամադրում է «կենդանի դիլերների» ծառայություններ, երբ խաղացողները ուղիղ եթերում հաղորդակցվում են իրական խաղավարի հետ՝ խաղադրույքներ կատարելով իրական գումարներով: «Evolution Georgia»-ն ունի մոտ 8000 աշխատակից, որոնց մի մասը ստեղծել է իր սեփական արհմիությունը: