«Ադրբեջանի Սահմանադրությունն ունի փոփոխման կարիք»․ կարծիք Երևանից
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխման կարիք կա
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար ՀՀ Սահմանադրությունը փոխելու դիսկուրսը պետք է բացառել ցանկացած մակարդակում»,- կարծում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
Տևական ժամանակ է, ինչ պաշտոնական Բաքուն պնդում է, որ պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է: Մասնավորապես, խոսքը գնում է նախաբանի փոփոխման մասին, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին։ Իսկ հռչակագրում ասվում է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։
Վահրամ Աթանեսյանը «Հանրային» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը [հղումը Անկախության հռչակագրին] կարող է վերախմբագրվել միայն մի դեպքում՝ եթե Ադրբեջանը փոխի իր Սահմանադրությունն ու ընդունի, որ ինքը ոչ թե Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության, այլ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության իրավահաջորդն է։
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը հռչակվել է «արևելյան և հարավային Անդրկովկասի» տարածքում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանի Սահմանադրությունը չփոփոխվի, կստացվի, որ Բաքուն տարածքային պահանջներ ունի Հսյաստանից, մասնավորապես՝ հավակնում է Սյունիքի մարզին, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի որոշ տարածքների։
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը
Հայկական կողմը չի ընդունում, որ երկրի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Մայր օրենքի փոփոխությունը Հայաստանում համարում են երկրի ներքին գործը։
«Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրության մեջ նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն»,- տարեսկզբին հայտարարել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Ալեն Սիմոնյանը, սակայն, չէր հստակեցրել՝ Հայաստանն ի՞նչ փոփոխություն է ուզում տեսնել Ադրբեջանի մայր օրենքում։
«Ինչպես Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, այնպես էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել իրենց իրավական դաշտին՝ սկսած Սահմանադրությունից»,- նկատել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Չնայած այս հայտարարություններին՝ պաշտոնական Երևանը մինչ օրս Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հայելային պահանջ չի ներկայացրել։
Հայաստանում կարծում են, որ սահմանադրական փոփոխությունները պետք չէ կապել խաղաղության գործընթացի հետ։
Երկու ամիս առաջ արտգործնախարարությունը հիշեցրել էր` խաղաղության պայմանագրի նախագծում կա դրույթ այն մասին, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ:
Բացի այդ, Երևանն ու Բաքուն համաձայնել են փաստաթղթում ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը պատահական չի համարում այն, որ Իլհամ Ալիևը ՀՀ Սահմանադրության թեման օրակարգ բերեց հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց հայտարարել, թե Ուկրաինան պետք է փոխի իր Սահմանադրությունը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Բաքուն պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան «վիճելի կետեր», այնինչ Ադրբեջանի մայր օրենքում կան իրավական խնդիրներ, շտկման ենթակա հոդվածներ։
Հիշեցնում է՝ 1991 թ․-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտ, որով Ադրբեջանն ընդունել է 1918-20 թթ․-ին գոյություն ունեցած ժողովրդական հանրապետության իրավահաջորդությունը։
«Իսկ այդ հանրապետությունը հռչակվել է «արևելյան և հարավային Անդրկովկասի» տարածքում։ Սա այնպիսի հեղհեղուկ ձևակերպում է, որ ցանկացած դեպքում կարող ես ասել, թե նկատի է ունեցել մինչև Կուր գետը, ցանկացած դեպքում կարող ես ասել, որ նկատի է ունեցել մինչև Արաքս։ Այդ ձևակերպման մեջ հստակություն չկա»,- պարզաբանում է նա։
Աթանեսյանի խոսքով՝ պահպանվել է 1919 թվականի Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության՝ Փարիզի խաղաղության կոնֆերանս ուղարկած քարտեզը, որով Ադրբեջանի տարածքը 104 հազար քառակուսի կիլոմետր էր ներկայացվում։
Այդ սահմանները միջազգայնորեն չեն ճանաչվել։ Սակայն 1919 թ․-ին Փարիզ ուղարկված քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանի ներկայացրած տարածքը ներառել է ՀՀ Սյունիքի մարզը, տարածքներ Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերից։
Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի Սահմանադրությունը խնդրահարույց է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար։ Մանրամասներ, սակայն, չի նշում։
«Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը պետք է միաձայն դնի հստակ պահանջ՝ ՀՀ Սահմանադրության նախաբանի այդ դրույթը [հղումը Անկախության հռչակագրին] կարող է վերախմբագրվել միայն մի դեպքում՝ եթե Ադրբեջանն ընդունում է, որ ինքը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության իրավահաջորդն է»,- ասում է նա։
Աթանեսյանի խոսքով՝ պետք է իրականացնել Ադրբեջանի գործող Սահմանադրության ուսումնասիրություն, բացահայտել միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության հետ հակասությունները և դրանք ներկայացնել միջազգային հանրությանը։
«Օրինակ՝ եթե Ադրբեջանը 1918-20 թթ․ ժողովրդավարական Ադրբեջանի իրավահաջորդն է, ապա Սահմանադրության մեջ պետք է գրի, որ Ադրբեջանում իշխանությունը պատկանում է նրա բազմազգ ժողովրդին։ Հիմա այնտեղ գրված է՝ իշխանությունը պատկանում է ադրբեջանական ժողովրդին։ Ինչո՞ւ չեն գրել, որ իշխանությունը պատկանում է Ադրբեջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ հայերին, ռուսներին, թալիշներին, թաթերին, լեզգիներին»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխման կարիք կա