«Ժամացույցներն իմ ընկերներն են»․ մի ժամագործի պատմություն։ Տեսանյութ
Ժամագործի պատմություն Երևանից
75-ամյա Լյովա Գասպարյանը 54 տարվա ժամագործ է։ Երիտասարդ տարիքում ժամագործությանը համարել է հոբբի, հետո այն դարձրել է ապրուստի միջոց։ Այժմ աշխատում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի հայտնի կոլորիտային դալանում, որտեղ դեռ պահպանված են կոշկակարի, դարբնի, զոդողի և այլ արհեստավորների հին ու փոքրիկ կրպակները։
Առաջին ժամացույցը նորոգել է 21 տարեկանում։ Ասում է, որ ժամագործությամբ զբաղվելն իր ճակատագիրն էր, ինքն էլ դրան հետևել է։
«Խորհրդային բանակից նոր էի զորացրվել, երբ մեր տուն Ուկրաինայից բարեկամներ եկան։ Նրանցից մեկը ժամագործ էր։ Իր հետ պահեստամասեր էր բերել, որպեսզի Երևանում վաճառի, քանի որ այստեղ այդ տարիներին շատ մասեր չկային։ Սկսեցի իր հետ շրջել, հետաքրքրվել, թե որն ինչի համար է, ինչ մաս է, մի օր էլ խնդրեցի ինձ սովորեցնի։
Առաջին իսկ փորձից հաջողեցի, ոգևորված սկսեցի օրական մի քանի ժամ նորոգել։ Մի օր էլ բարեկամս ասաց, թե այնքան հմտացել եմ, որ կարող եմ կրպակ վարձակալել ու առանձին աշխատել։ Առանց մտածելու այդպես էլ վարվեցի, Նոր Նորքի 1-ին զանգվածում մի կրպակ վերցրի ու սկսեցի ժամագործություն անել»,— պատմում է Լյովա Գասպարյանը։
- «Գրադարանների վերջին մոհիկանները»․ ովքե՞ր և ինչպե՞ս են դրանք պահպանում
- Երևանում շտապ օգնության աշխատանքի մասին․ պատմություններ, տեսանյութ
- «Ես իրենց պետք եմ»․ միայնակ հոր պատմություն
Ժամագործն ասում է, որ խորհրդային և հետխորհրդային տարիներին ժամացույց կրելը ճշտապահ մարդկանց համար ոչ միայն անհրաժեշտություն էր, այլև՝ մշակույթ.
«Կարծում եմ՝ ինչ-որ տեղ դա նաև ռոմանտիկ մշակույթ էր։ Բջջային հեռախոսներ չկային, մարդիկ հանդիպման պայմանավորվածություններ էին ձեռք բերում օրեր առաջ։ Ու մեկ վայրկյան անգամ ուշանալը ճակատագրական կարող էր լինել։ Դրա համար բոլորը ժամացույց ունեին։ Եթե չլինեին ժամացույցները, էնքան մարդիկ իրար չէին հանդիպի, չէին ամուսնանա։
Պատահական չէր, որ մարդիկ ժամադրվում էին գլխավոր ժամացույցի մոտ։ Ժամացույցները կարծես մարդկային ճակատագրերի վկաները լինեին։ Շատ ռոմանտիկա կար այդ ամենի մեջ։ ժամացույցներն օգնել են բոլորին դասավորել անձնական կյանքը։ Բայց ես կնոջս հետ ծանոթացել եմ պատահաբար։ Չնայած հետո կինս ժամացույցների պակաս չի ունեցել»։
Տարիքն ու առողջական խնդիրները թույլ չեն տալիս մեծ պատվերներ ընդունել։ Ասում է, որ չի կարողանում նորոգել վինտաժային ժամացույցները, որոնք հարյուրավոր միկրոդետալներ են պարունակում՝ տեսողությունը թուլացել է, ձեռքերում էլ դող է հայտնվել։
Լյովա Գասպարյանը խիստ անհանգստացած է, որ Երևանում երիտասարդ ժամագործներ չկան ու այս մասնագիտությունը սովորելու ցանկություն չունեն․
«Տղայիս սովորեցնում եմ, որ գոնե հետո ինքն աշխատի։ Տղաս օպերայի և բալետի թատրոնում է աշխատում, բալետի պարող է։ Ժամագործությունը, իհարկե, իր սրտի գործը չէ, բայց ուզում եմ սովորի, որ խիղճս մաքուր լինի, իմանամ, որ մի երիտասարդի սովորեցրել եմ այս աշխատանքը։ Հիմա ջահելները խելացի ժամացույցեր են կապում, թվային։ Այս ամենը, իհարկե, լավ է։ Բայց մեխանիզմներով ժամացույցները միշտ լինելու են անփոխարինելի, պահանջված։ Հաճախորդ ունեմ՝ 12 ժամացույց էր բերել երկու օր առաջ, ամեն շորի հետ մեկը կապում է»։
Վարպետն ասում է՝ ժամացույցն իր ընկերն է, միասին ապրում են, երբեմն զրուցում։ Իր կյանքն առանց կրպակի չի պատկերացնում։
«Ընտանիքիս անդամները չեն ուզում տանը մնամ։ Գիտեն, որ դա վատ կանդրադառնա իմ առողջության վրա։ Առանց ժամերի տիկ-տակի գլխումս անսովոր լռություն է։ Ամեն երեկո ժամացույցներին հրաժեշտ եմ տալիս՝ առավոտյան հանդիպելու պայմանով»,— ասում է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ժամագործի պատմություն Երևանից