«Դադարել եմ թմրանյութ գործածել, օգնում եմ հաղթահարել ուրիշներին»․ պատմություն Հայաստանից
Թմրամիջոցներից կախվածության հաղթահարումը ՀՀ-ում
Հայաստանում աճել է հոգեներգործուն նյութերի տարածումն ու օգտագործումը: Թմրանյութերի բիզնեսը տեղափոխվել է համացանցի բաց տիրույթ։ Նարկոշոփեր են գործում Telegram-ում և այլ էլեկտրոնային հարթակներում։ Միջինում 400-600 մարդ ամեն րոպե թմրանյութ է փնտրում այս հարթակներում։ Սակայն, բժիշկների վկայությամբ՝ զուգահեռաբար աճել է նաև այն մարդկանց թիվը, որոնք ուզում են ազատվել կախվածությունից, նոր կյանք սկսել առանց թմրամիջոցների։
Թմրամիջոցներից կախվածության բուժման մասին Հայաստանում՝ բոլոր մանրամասներով, նաև անձնական պատմություն։
- Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 14,1%-ով
- «Քաղաքացիներին կհետևեն ամեն քայլափոխի»․ տեսախցիկների տեղադրման պահանջ ՀՀ-ում
- Ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի թվաճ ՀՀ-ում․ կանխարգելման ուղին
- Safe YOU․ հայ կանանց ստեղծած հավելվածը կօգնի կանանց ամբողջ աշխարհում
Պատմություն երջանիկ ավարտով
Ռուբենը (անունը փոխված է) ծնվել է 1970թ-ին: Նրա երիտասարդության օրերին՝ 90-ականներին, Հայաստանում սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ էին, պատերազմ էր, մարդիկ շատ վատ էին ապրում, եկամուտ չունեին։
«Այս ամենը պատճառ դարձավ, որ սկսեմ գողություն անել։ Հայտնվեցի քրեական պատմությունների մեջ՝ ծանոթանալով, ապա նաև ընկերանալով այդ զբաղմունքի տեր այլ մարդկանց հետ։ Նրանց շրջանում տարածված էր «չերնյաշկա» ներարկվելը։ Դա ացետիլացված ափիոնն է։ Ինձ էլ առաջարկեցին փորձել, փորձեցի»,- հիշում է Ռուբենը։
Այդ ժամանակից նրա կյանքը փոխվում է, ամեն օր սկսում է ներարկվել։ Կարճ ժամանակ անց հասկանում է, որ առանց այդ նյութի չի կարող ապրել։
«Առավոտյան արթնանում էի, որոշում, որ այլևս չեմ օգտագործելու, բայց «լոմկա» [օփիոիդային զրկանքի համախտանիշ] էր սկսվում: Արցունքներս թափվում էին, քթիցս հոսում էր, սկսում էի անընդհատ փռշտալ ու հորանջել։ Հետո սկսվում էին վերջույթներիս ու որովայնիս ցավերը, որոնք գնալով ուժեղանում էին ու դառնում անտանելի, սարսափելի։ Ստիպված պետք է գտնեի ու օգտագործեի։ Սկսել էի տան եղած-չեղածը վաճառել։ Այդպես, «ժիգուլիս» վաճառեցի։ Դա որպես տաքսի քշում էի «կողքից» եկամուտ ունենալու համար»,- գլուխը ձեռքերի մեջ առնելով պատմում է նա։
1996թ-ին ձերբակալվել է, 3 տարի անցկացրել ազատազրկման վայրում։ Այնտեղ ևս շարունակել է օգտագործել թմրանյութեր։
«Ազատվելուց հետո որոշեցի, որ պետք է բուժվեմ։ Դիմեցի համապատասխան կենտրոն, սակայն երկու օր անց բուժումս ընդհատեցի։ Մի անգամ ընտանիքիս անդամներն անգամ բժիշկ բերեցին մեր տուն, որպեսզի տանը բուժվեմ։ Բայց կրկին կիսատ մնաց բուժումը, և ես նորից սկսեցի», — հիշում է նա։
Այդ տարիների ընթացքում կորցնում է ամեն ինչ՝ ընտանիք, տուն։
«2010թ-ին ընկերներիցս լսեցի, որ բուժման նոր ծրագիր է բացվել Նարկոլոգիական կենտրոնում [ներկայումս՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն]։ Դիմեցի, ընդունվեցի և սկսեցի փոխարինող բուժում ստանալ։ Այսօր արդեն 14 տարի է՝ ստանում եմ։ Փոխարինող բուժումը լրիվ փոխեց կյանքս։ Նախ՝ սկսեցի օրենքից դուրս գործողություններ չանել, երկրորդ՝ առողջությունս սկսեց կարգավորվել»,- ասում է Ռուբենը։
2019թ-ից «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը սկսեց «Թմրամիջոց գործածողների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում» ծրագիրն իրականացնել։ Ռուբենը սկսեց այնտեղ աշխատել՝ որպես աութրիչ-աշխատող։
«Աութրիչ» աշխատանքը սոցիալական ծառայության տեսակ է, որը ենթադրում է պոտենցիալ շահառուների հետ հանդիպումներ իրենց իսկ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելով՝ ուղղորդում դեպի կանխարգելում, թեստավորում և բուժում: Աութրիչ-աշխատողները սովորաբար հատուկ կրթություն ստացած մարդիկ են, կամ էլ «յուրայիններ», որոնք եղել են այդ միջավայրում և կարողացել են հաղթահարել խնդիրը։
Հիմա թմրամիջոցներ գործածողների շրջանում «հավասարը՝ հավասարին» խորհրդատվություն է տրամադրում, ՄԻԱՎ-ի ու հեպատիտի թեստավորում կազմակերպում, անհրաժեշտության դեպքում ուղեկցում Կախվածությունների բուժման ազգային կենտրոն և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Աճում է թե թմրանյութեր օգտագործողների, թե բուժվել ցանկացողների թիվը
2023թ-ի ընթացքում իրավապահ մարմինները հայտնաբերել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տարածման և օգտագործման հետ կապված հանցագործությունների 5070 դեպք։ Նախորդ տարվա 2266-ի դիմաց, գրանցվել է 123,7% աճ:
Ըստ նարկոլոգիական ծառայությունների հաշվառումների՝ տարեցտարի աճել է թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը․
2018թ․-ին հաշվառվել է 6951 անձ,
2019թ․-ին՝ 7209,
2020-ին՝ 7392,
2021-ին՝ 7779,
2022-ին՝ 7854։
Սակայն Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տվյալներով, այս ցուցանիշին զուգահեռ ավելացել է նաև այն մարդկանց թիվը, որոնք ուզում են բուժվել և դադարել թմրանյութեր օգտագործել:
Եթե օրինակ, 2020թ-ին հիվանդանոցային պայմաններում բուժվում էր 586 բուժառու, ապա 2023-ին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 1033-ի:
Վերջին տասը տարիների ընթացքում ավելացել է նաև արտահիվանդանոցային բուժում և փոխարինող բուժում ստացող պացիենտների թիվը:
Այս թվերի մեջ ներառված են նաև ալկոհոլային կախվածություն ունեցող պացիենտները
Կախվածությունների դեմ պայքարը
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը վերջին մի քանի տարիներին փոխել է ոչ միայն անվանումը (նախկինում՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոն), այլև բարելավել շենքային պայմանները։ Հիմնանորոգվել է, կահավորվել համապաստասխան սարքավորումներով։ Այստեղ ներդրվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն։ Կենտրոնի ղեկավարությունը հավաստիացնում է, որ այն տրամադրում է միջազգային մոտեցումներին համապատասխանող բժշկական օգնություն:
Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ դիմելությունը վերջին տարիներին աճել է։ Հիմնական պատճառը պացիենտների վստահությունն է կենտրոնի կողմից տրամադրվող բժշկական օգնության նկատմամբ։
Կենտրոն դիմում են տարբեր հոգեներգործուն նյութերից կախվածություններ ունեցող անձինք։ Սակայն, բժիշկների խոսքով, մարդիկ այստեղ հայտնվում են հիմնականում արդեն ձևավորված կախվածության փուլում՝ սովորաբար զրկանքի (աբստինենտային) համախտանիշով։ Այսինքն շատերը գալիս են բուժվելու ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներով, որոնք զարգանում են թմրամիջոցների ընդունումը դադարեցնելուց կամ չափաբաժինը նվազեցնելուց հետո։
Բուժման դիմելու որոշումը կայացնում են հիմնականում ընկերների, հարազատների, մերձավորների ազդեցության և խորհուրդների արդյունքում։ Ինքնուրույն նման որոշում հազվադեպ են ընդունում։
Հայաստանում ավանդաբար տարածված են եղել երկու խմբի թմրամիջոցներ․
- կանեփից ստացվող թմրամիջոցներ՝ մարիխուանա, հաշիշ, հաշիշի յուղ,
- քնաբեր կակաչից ստացվող թմրամիջոցներ՝ մորֆին, ափիոն, ացետիլացված ափիոն, հերոին, կոդեին պարունակող դեղամիջոցներ, նաև կոդեին պարունակող դեղամիջոցներից քիմիական լուծիչների միջոցով ստացվող դեզոմորֆին, որն անվանում են «բենզին»։
Իսկ 2012թ-ից Հայաստանում սկսեցին տարածվել արհեստական կաննաբինոիդներ (ոչ գրական հավաքական անվանում՝ «սփայս»)։ Այս նյութերը նոր էին ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ բացի նշվածներից մեր երկրում լայն տարածում գտան արհեստական հոգեխթանիչները՝ մեթամֆետամինը, ամֆետամինը։
«Եթե սինթետիկ կաննաբինոիդների գործածման դեպքերը ներկայումս էականորեն նվազել են, ապա սինթետիկ հոգեխթանիչներն այսօր դարձել են լրջագույն խնդիր։ Հայաստանում թմրամիջոցներ գործածել են սովորաբար 30 տարեկանից հետո։ Իսկ ներկայումս նկատվում է թմրամիջոց գործածողների երիտասարդացում»,- ասում է Նազինյանը։
Կենտրոնում հաշվառված են 7 անչափահաս, որոնցից երկուսն այս տարի են դիմել կենտրոն։
«Իհարկե, պայմանավորված թմրամիջոցների տարածման նոր հնարավորություններով, մասնավորապես՝ ինտերնետային հարթակներում, դրանց հասանելիությունը մեծացել է։ Սակայն պետք է ասեմ, որ մեր իրավապահ մարմիններն սկսել են արդյունավետորեն հակազդել»,- վստահեցնում է Սուրեն Նազինյանը։
Այս համատեքստում կարևոր է համարում առհասարակ երեխայի, դեռահասի դաստիարակությունն ու կրթությունը, ընտանիքի դերը։
«Առաջնահերթ՝ ծնողները, ապա նաև դպրոցը պետք է դեռահասներին տրամադրեն գիտելիքներ վնասակար բոլոր նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների օգտագործման հետևանքների վերաբերյալ։ Միաժամանակ պետք է ձևավորել նրանց մոտ առողջ ապրելակերպի վարքագիծ»,- կարծում է կենտրոնի տնօրենը։
Ինչպե՞ս է ընթանում բուժումը
Կենտրոնի բժիշկ Աննա Ասատրյանն ասում է, որ սովորաբար բուժառուն ընդունվում է զրկանքի վիճակում։ Դետոքսիֆիկացիոն բուժման դեպքում կենտրոնի բժիշկների առաջնային նպատակն է համապատասխան դեղամիջոցներով կոմպենսացնել զրկանքի վիճակը:
«Բուժման այս փուլը խիստ կարևոր է, որովհետև զրկանքի վիճակը, հոգեներգործուն նյութի նկատմամբ հիվանդագին հակումը և որպես հետևանք հոգեներգործուն նյութը գործածելու անհաղթահարելի պահանջը կարող են պացիենտի կողմից բուժումն ընդհատելու պատճառ դառնալ»,- բացատրում է բժիշկը։
Աննա Ասատրյանի խոսքով, զրկանքի վիճակի կոմպենսացիային հաջորդում է կազդուրման փուլը։ Դրա նպատակն է քնի և ախորժակի կարգավորումը, ընդհանուր վիճակի բարելավումը։ Զուգահեռաբար պացիենտի հետ աշխատում են հոգեբանները և սոցիալական աշխատողները։
Կենտրոնում օփիոիդային կախվածություն ունեցողներին տրամադրվում է փոխարինող բուժում, այդ նպատակով կիրառվում է մեթադոն։ Մեթադոնային փոխարինող բուժումը Հայաստանում ներդրվել է դեռևս 2009թ-ին։ Ներկայումս կենտրոնում փոխարինող բուժում ստացող բուժառուների թիվը կազմում է 587։
Բուժման ձևը որոշվում է՝ ելնելով կախվածություն առաջացրած նյութի տեսակից։ Յուրաքանչյուր հոգեներգործուն նյութ առաջացնում է միայն իրեն բնորոշ կախվածության համախտանիշ և կլինիկական դրսևորումներ։
«Կախվածությունների դեղորայքային բուժման կուրսերի տարբերությունը պայմանավորված է տարբեր խմբերի հոգեներգործուն նյութերի՝ մարդու գլխուղեղի տարբեր թիրախ-համակարգերի վրա ունեցող ազդեցություններով։ Օրինակ, օփիոիդներն ազդում են գերազանցապես էնդորֆինային համակարգի վրա, հոգեխթանիչները՝ դոֆամինային և այլն»,- պարզաբանում է Աննա Ասատրյանը։
Նրա խոսքով՝ գործ ունենք քրոնիկական հիվանդությունների հետ։ Եվ ինչպես մյուս քրոնիկական հիվանդությունների դեպքում է՝ պացիենտը բուժման արդյունքում չի առողջանում, այլ լինում է լավացում։
«Լավացումից հետո մենք գործ ունենք ախտադադարի հետ։ Դա քրոնիկական հիվանդության այն փուլն է, երբ մասնակի կամ ամբողջությամբ վերանում են դրա ախտանշանները։ Ախտադադարի ընթացքում հոգեներգործուն նյութի անգամ մեկ անգամ գործածումը կարող է առաջացնել հիվանդության սրացում։ Բուժումից հետո կենտրոնում կրկին չհայտնվելու համար պացիենտից պահանջվում է միայն մեկ բան՝ երբեք չգործածել իր մոտ կախվածություն առաջացրած նյութը»,- բացատրում է բժիշկը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թմրամիջոցներից կախվածության հաղթահարումը ՀՀ-ում