Փոխանակում ՌԴ և Արևմուտքի միջև․16 քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին
Բանտարկյալների փոխանակում ՌԴ և Արևմուտքի միջև
Ռուսաստանի և Արևմուտքի միջև օգոստոսի 1-ին տեղի է ունեցել բանտարկյալների մեծամասշտաբ փոխանակում։ Անկարայի օդանավակայանում միջնորդներին են հանձնվել 16 քաղբանտարկյալներ, որոնք գտնվում էին Ռուսաստանի բանտերում։ Փոխարենը Մոսկվային են փոխանցվել 10 անձինք, ովքեր տարբեր մեղադրանքներով գտնվում էին արևմտյան տարբեր երկրներում։ Վերջիններիս շարքերում կա նաև վարձու մարդասպան։
Այս պահին հաստատված են հետևյալ անունները.
Ռուսաստանը փոխանցել է Արևմուտքին. Էվան Գերշկովիչ, Պոլ Ուիլան, Ալսու Կուրմաշևա, Վլադիմիր Կարա-Մուրզա, Անդրեյ Պիվովարով, Իլյա Յաշին, Սաշա Սկոչիլենկո, Քսենիա Ֆադեևա, Լիլիա Չանիշևա, Վադիմ Օստանին, Օլեգ Օրլով, Քևին Լիք, Հերման Մոյժես, Ռիկո Կրիգեր:
Արևմուտքը փոխանցել է ՌԴ-ին. Վադիմ Կրասիկով, Արտեմ և Աննա Դուլցևներ, Միխայիլ Միկուշին, Պավել Ռուբցով, Ռոման Սելեզնև, Վլադիսլավ Կլյուշին, Վադիմ Կոնոշչենոկ:
Ուշագրավ է ոչ միայն փոխանակման մասշտաբը, այլև դրա համատեքստը: Փոխանակումը տեղի է ունեցել 1991 թ. Սառը պատերազմից ի վեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև ամենավատ հարաբերությունների ֆոնին:
Wall Street Journal-ը գրում է, որ բացի Ռուսաստանից և ԱՄՆ-ից գործարքին մասնակցել են նաև Գերմանիան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան, Թուրքիան և Բելառուսը: Գործարքը կայացել է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Գերմանիայի կառավարությունների ամենաբարձր մակարդակով մի քանի ամիս տևած բանակցություններից հետո:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտահերթ ճեպազրույցի ժամանակ ասել է.
«Նրանց ազատությունը ապահովող գործարքը դիվանագիտական սխրագործություն էր: Ընդհանուր առմամբ, մենք պայմանավորվեցինք Ռուսաստանից 16 հոգու ազատ արձակման շուրջ, այդ թվում՝ հինգ գերմանացիներ և Ռուսաստանի յոթ քաղաքացիներ, որոնք իրենց երկրում քաղբանտարկյալներ էին:
Այս կանանց ու տղամարդկանց մի մասը երկար տարիներ անարդարացիորեն պահվում էր բանտում: Բոլորը աննկարագրելի տառապանք և անորոշություն են ապրել: Այսօր նրանց հոգեվարքն ավարտվեց»:
BREAKING: President Biden addresses major prisoner swap with Russia, freeing Evan Gershkovich, Paul Whelan and others. pic.twitter.com/TLPuLwYoTG
— MSNBC (@MSNBC) August 1, 2024
Ինչպե՞ս էր կազմակերպվել փոխանակումը
«Պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Բայդենն ու Շոլցը, շաբաթներ շարունակ փորձում էին հաղթահարել լոգիստիկայի խոչընդոտները, որոնք կապված էին նման խոշոր գործարքի հետ:
Սպիտակ տան պաշտոնյաները, ամերիկացի դիվանագետներն ու Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները շրջել են ողջ Եվրոպայով և Մերձավոր Արևելքով՝ որոնելու բարեկամական կառավարություններ, որոնք պատրաստ են ազատ արձակել կալանքի տակ գտնվող Ռուսաստանի լրտեսներին՝ Կրեմլի կողմից պահվող ամերիկացիների դիմաց:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ մեկ ժամ առաջ այն բանից, երբ հուլիսի 21-ին նա ամբողջ աշխարհին հայտնեց նախագահական մրցավազքից դուրս գալու մասին, զանգահարել էր Սլովենիայի վարչապետին: Եվ Սլովենիան փոխանակման համար տրամադրեց դատապարտված երկու ռուս լրտեսի»,- գրում է WSJ- ն:
Ռուսական ԱԴԾ- ն հրապարակել է քաղբանտարկյալների այս տեսանյութը, որը նկարահանվել է նախքան նրանց Թուրքիա մեկնելը
Թուրքիայի դերը
«Թուրքիայի մասնակցությունը պատահական չէ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց լավ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ:
BBC- ն հիշատակել է Թուրքիայի ակտիվ միջնորդական դերը հավաստող երկու իրադարձություն՝
- Թուրքական հետախուզության MIT-ի ղեկավար Իբրահիմ Կալինը հուլիսի վերջին Անկարայում հանդիպել էր իր ռուս գործընկերոջ հետ:
- Գրեթե միաժամանակ Թուրքիա էր մեկնել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը՝ իր գործընկերոջ հետ հանդիպելու և, հավանաբար, փոխանակման լոգիստիկան վերջնական հաստատելու համար:
«Պուտինը ցանկանում էր մարդասպան Կրասիկովին վերադարձնել Մոսկվա»
WSJ-ը կարծում է, որ փոխանակման հիմքում ռուս մարդասպան Վադիմ Կրասիկովն էր, ով պահվում էր Գերմանիայի բանտում:
Գերմանական Der Spiegel- ը հայտնում է, որ Կրասիկովը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետախուզական ծառայության գնդապետ է, սովետա-աֆղանական պատերազմի վետերան: Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2019-ին Բեռլինի այգիներից մեկում Զելիմխան Խանգեշվիլիին պատվերով սպանելու համար :
Der Spiegel-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականից ձգտում էր հասնել Կրասիկովի ազատ արձակմանը: Պուտինը Կրասիկովի մասին խոսել էր նաև ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ հայտնի հարցազրույցի ժամանակ, ով 2024-ի փետրվարին այցելել էր Մոսկվա:
«Ռուսաստանը տվեց իր ունեցած լավագույնը՝ վատագույնը հետ բերելու համար»,- գրում է Der Spiegel- ը:
Նավալնին կարող էր ազատ արձակվել, բայց չապրեց
Այս փոխանակումը տեղի ունեցավ Ռուսաստանի հյուսիսում՝ բանտային ճամբարում, ՌԴ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի անսպասելի մահից 5 ամիս անց:
WSJ- ն պնդում է, որ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան սկզբում հույս ունեին, որ Նավալնին կարող է ազատ արձակվել լայն համաձայնության շրջանակներում, որը սկսել էր ձևավորվել հենց այդ ժամանակ՝ այն բանից հետո, երբ Բայդենը Սպիտակ տուն հրավիրեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։
Նավալնիի մահից հետո երկու երկրներն էլ սկսեցին փոխանակման համար նոր ցուցակներ կազմել:
«Կրեմլը կշարունակի պատանդ վերցնել իր քաղաքացիներին, նրանց դարձնել Արևմուտքի հետ առևտրի առարկա և հասնել իր ուզածին»
WSJ. «Այս փոխանակումը խորհրդանշում է նոր դարաշրջան համաշխարհային քաղաքականության մեջ․ ավտոկրատ կառավարությունները պատանդ են վերցնում իրենց արժանի քաղաքացիներին՝ մրցակիցների վրա լծակներ ձեռք բերելու համար:
Այս փոխանակման արդյունքում աշխարհը ստացավ այդ նոր՝ ծովահենական կարգում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անհամաչափության սթափեցնող օրինակ:
Պուտինը կարող է հրամայել օտարերկրացիներին դուրս բերել ռեստորաններից և հյուրանոցներից ու կեղծ մեղադրանքներով նրանց դատապարտել երկարաժամկետ բանտարկության: Նահանգների ղեկավարը նման բան անել չի կարող:
Միացյալ Նահանգները տարվա ընթացքում փորձում էր դուրս բերել Գերշկովիչին, Ուիլանին և մյուսներին, բայց չէր համաձայնում բաց թողնել Կրասիկովին: Այնուամենայնիվ, ռուսական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչները հասկացրին, որ առանց նրա գործարքը չի կայանա:
Ի վերջո, գերմանական իշխանությունները համաձայնեցին՝ տասնյակ ռուս քաղբանտարկյալների տեսքով ստանալով իրենց գինը։
Այս աննախադեպ փոխանակումից առաջ Բայդենի վարչակազմը անցկացրեց բանտարկյալների մի շարք նմանատիպ խոշոր փոխանակումներ թշնամական երկրների հետ: Խոսքը նաև 10 ամերիկացիների մասին է, որոնք Վենեսուելայի բանտում էին: Կարելի է մեծ գործարք անվանել նաև այն, որ Միացյալ Նահանգները Թեհրանին հասանելիություն տվեց իրանական միլիարդավոր դոլարների սառեցված եկամուտներին:
Քննադատները բարձրացնում են հետևյալ հարցը.
Արդյո՞ք նմանատիպ գործարքները չեն նպաստում տոտալիտար երկրներում ավելի մեծ թվով ամերիկացիների պատանդառմանն ու ձերբակալություններին:
ԱՄՆ Պետդեպարտամենտը համարում է, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Հյուսիսային Կորեայում, կալանավորման ռիսկը շատ բարձր է, ուստի իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել այդ երկրներ:
Մասնավոր խոսակցություններում ամերիկացի պաշտոնյաները դրանք անվանում են «առևանգող պետություններ»: Եվ նրանք խոսում են վախերի մասին, որ եթե չձեռնարկվեն զսպիչ միջոցառումներ, այդ երկրների թիվը կաճի»: