ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ
Կոնգրեսականների պահանջը՝ Իվանիշվիլիի դեմ սանկցիաներ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) անդամները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակ են հրապարակել, որում պահանջում են անհատական ֆինանսական պատժամիջոցներ սահմանել վրացի օլիգարխ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։
Նամակում նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլին «քննադատության առանձնահատուկ թիրախ է դարձել Վրաստանը եվրոպական ուղուց շեղելու և երկիրը գնալով ավելի ավտորիտար կառավարելու պատճառով»։
Հուլիսի 26-ով թվագրված նամակը սոցցանցերում տարածել է Foreign Press-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
Նամակը ստորագրել են ԱՄՆ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների կոնգրեսականները՝ Ջո Ուիլսոնը, Սթիվ Քոհենը, Ռիչարդ Հադսոնը և Մարկ Վիզեն։ Նրանք Բլինքենին կոչ են անում «ավելի արագ և վճռական գործողություններ» ձեռնարկել Վրաստանի նկատմամբ։
Նամակում ասվում է, որ պայմանավորված Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակով՝ միայն Վրաստանի կառավարության անդամների համար վիզային սահմանափակումներ մտցնելը բավարար չէ, և անհրաժեշտ է ֆինանսական ազդեցություն գործել «կոռուպցիայի և վնասակար ազդեցության առանցքային կենտրոնների»՝ Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավոր շրջապատի վրա, քանի որ այդ մարդիկ չպետք է սահմանափակեն վրաց ժողովրդի կամքն ու ազատությունը։
Նամակում «Վրացական երազանքը» հիշատակվում է որպես «ավտորիտար և հակաժողովրդավարական կառավարություն», որից վրաց ժողովրդին շտապ պետք է պաշտպանել։
«Իրադարձությունների տեմպն ու լրջությունը ցույց են տալիս, որ լրացուցիչ միջոցները տեղին են և հրատապ՝ Վրաստանի ժողովրդին պաշտպանելու համար։ Պետք է պարզ լինի, որ երկրի ներսում կոռուպցիայի և վնասակար ազդեցության հիմնական կրողները՝ միայնակ կամ այլ հակաարևմտյան ուժերի հետ դաշինքով, չպետք է ունենան հնարավորություն՝ ազատորեն որսալ վրաց ժողովրդին և չպետք է միտումնավոր հարձակվեն ժողովրդավարության վրա»,— ասված է նամակում։
Նամակում հիշատակվում են նաև «խարդախ զանգերի կենտրոնները», որոնք գործում են ամբողջ աշխարհում և, ըստ կոնգրեսականների, հանդիսանում են «Վրացական երազանքի» ստվերային եկամտի աղբյուրը, եկամուտ, որը ծառայում է քաղհասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, ընդդիմությանն ու նրանց ընտանիքներին հետապնդելու ու վախեցնելու նպատակներին։ Կոնգրեսականները նաև ենթադրում են, որ այս զանգերի կենտրոնները կապող օղակ են Վրաստանի կոռումպացված պաշտոնյաների և Ռուսաստանում գտնվող նրանց «համախոհների» միջև:
«Մենք կարծում ենք, որ Պետդեպարտամենտը, համագործակցելով Միացյալ Նահանգների և բարեկամ երկրների իրավապահ մարմինների հետ, պետք է հրատապ, արագ և անհապաղ համակարգային գործողություններ ձեռնարկի միջազգային մասշտաբի նմանատիպ զանգերի կենտրոնների ցանցի դեմ՝ ճնշելու նրանց գործունեությունը»,— հայտարարել են կոնգրեսականները։
Նամակում նշվում է, որ պահանջվող պատժամիջոցները լիովին համապատասխանում են MEGOBARI օրինագծին։ Օրինագիծը կամ ակտը, որը հեղինակել է նաև կոնգրեսական Ջո Ուիլսոնը, նախատեսում է պատժամիջոցների սահմանում «Վրացական երազանքի» կառավարության անդամների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակումներ գործարար համայնքի, վրացական իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների պաշտոնյաների նկատմամբ:
«Այս միջոցառումները կամրապնդեն ժողովրդավարական գործընթացները, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը Վրաստանում և ևս մեկ անգամ կընդգծեն, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը և դեմ է ավտորիտար ռեժիմների, հատկապես Ռուսաստանի ազդեցությանը»,— նկատել են նամակի հեղինակները։
Ավելին MEGOBARI ակտի մասին
Հուլիսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ քվեարկեց MEGOBARI ակտին՝ ի պատասխան Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունման, որը, ըստ արևմտյան գործընկերների, խոչընդոտում է Վրաստանի եվրաինտեգրմանն ու նրա ժողովրդավարական առաջընթացին։
Ի լրումն պատժամիջոցների այն անձանց դեմ, ովքեր այս կամ այն կերպ պատասխանատու են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման համար, MEGOBARI ակտը Վրաստանին խոստանում է ավելի մեծ աջակցություն, եթե նա «ամրապնդի իր ժողովրդավարական, արևմտյան կուրսը»:
-
MEGOBARI ակտի հիմնական դրույթները
● Աջակցություն ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Ակտը հռչակում է Վրաստանում ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պաշտպանելու ԱՄՆ քաղաքականությունը: Այն ընդունում է վրացական քաղաքացիական հասարակության կողմից արձանագրված զգալի առաջընթացը և ընդգծում է ժողովրդավարական համախմբման կարևորությունը՝ ի օգուտ տարածաշրջանային կայունության և ԱՄՆ շահերի:
● Պայքար ժողովրդավարության հետընթացի դեմ: Ի պատասխան Վրաստանում ժողովրդավարության անկման՝ ակտը կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն իրականացնել Վրաստանի կառավարության, ինչպես նաև Ռուսաստանի և այլ ավտորիտար ռեժիմների հետ նրա կապերի նկատմամբ:
● Հաշվետվողականություն և պատժամիջոցներ: Ակտը պահանջում է հաշվետու լինել։
● Ժողովրդավարության մոնիթորինգի թիրախային խմբի ստեղծում: Ստեղծվելու է թիրախային խումբ, որը մոնիթորինգի է ենթարկելու և զարգացնելու է Վրաստանի ժողովրդավարական միջավայրը, հատկապես ընտրությունների ժամանակ՝ արդար և ազատ ընտրական գործընթացների ապահովման համար։
● Երկկողմ հարաբերությունների ամրապնդում և աջակցություն։ Վրաստանում զգալի ժողովրդավարական առաջընթացի հաստատումից հետո ակտը նախատեսում է ԱՄՆ հետագա օգնություն, ներառյալ տնտեսական և պաշտպանական աջակցություն (ռուսական ագրեսիային հակազդելու համար), ավելի արտոնյալ առևտրային համաձայնագիր և վիզային ռեժիմի դյուրացում:
Հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ակտը կառուցված է շանտաժի վրա, և դա հակաարդյունավետ է։
«Շանտաժի լեզվով խոսելը ճիշտ չէ, հատկապես մի կառավարության հետ, որն արմատապես փոխել է դրսից աջակցություն ստացող [նկատի ունի Սաակաշվիլիի կառավարությունը — JAMnews] կառավարության կողմից երկրում ստեղծված իրավիճակը»։
«Շանտաժի և սպառնալիքների փոխարեն մենք պետք է առողջ խոսակցություն ունենանք հարաբերությունների վերականգնման մասին», — ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ իրեն ընդհանրապես «չի հետաքրքրում» պատժամիջոցների թեման։