«Չկա այնպիսի թեմա, որը տաբու լինի»․ լրատվական դաշտը ՀՀ-ում
Հայաստանի ԶԼՄ-ների խնդիրները
«Հայաստանի լրատվական դաշտի ամենալուրջ խնդիրն այն է, որ ատելության խոսք, զրպարտություն, ֆեյք-լուրեր կիրառելը դարձել է նորմ»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Փորձագետը կիսում է միջազգային կազմակերպությունների՝ Amnesty International-ի, Freedom House-ի, «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի այն գնահատականը, որ ԶԼՄ-ները շարունակում են մնալ բևեռացված։ Այդ ֆոնին ընդգծում է նաև մեկ դրական հանգամանք։ Ասում է՝ դաշտն այնքան բազմազան է, որ կարող են հնչել բոլոր կարծիքներն ու դիրքորոշումները։
«Չկա այդպիսի թեմա, որը տաբու լինի և որևէ մեկը չկարողանա դրա մասին ինչ-որ հարթակում արտահայտվել»,- ասել է Մելիքյանը։
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները նվազել են
2024 թ․-ի առաջին եռամսյակում նման 41 խախտում էր արձանագրվել։ Ապրիլ-հունիս ժամանակահատվածում, սակայն, գրանցվել է ընդամենը 19 խախտում։ Մելիքյանի բնորոշմամբ՝ դա այս եռամսյակի միակ լավ լուրն է։
Այդ նվազումը փորձագետը պայմանավորում է նրանով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ակտիվ փուլում լրագրողական հանրույթը զբաղված է եղել դրանց լուսաբանմամբ, պետական մարմիններին քիչ հարցումներ են ուղղվել։ Չի բացառում նաև, որ դրական ազդեցություն են ունեցել տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարների համար կառավարության նախաձեռնած քննարկումները։
«Հին խնդիրները մնացել են, երբ անհիմն մերժում էր լինում, լղոզված պատասխան էր տրվում լրագրողին կամ խմբագրության կողմից ուղարկված հարցումներին»,- նկատել է նա։
Հիշեցրել է՝ Ներքին գործերի նախարարություն ուղարկված հարցումներն այն մասին, թե ինչ հատուկ միջոց է կիրառվել հունիսի 12-ի բողոքի ցույցի ընթացքում․
«ՆԳՆ-ն սկզբից 30 օր է խնդրել հարցին պատասխանելու համար և 30 օր հետո միայն ասել է, որ այդ իրադարձությունների հետ կապված Քննչական կոմիտեում կա հարուցված գործ, հարցը պետք է վերահասցեագրել կոմիտե»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ եղել են նաև հրապարակումներ այն մասին, որ տվյալ պահին իրավապահները չեն ունեցել իրավական հիմք տվյալ հատուկ միջոցը կիրառելու համար, «հետին թվով փոփոխություններ են արվել Ներքին գործերի և Առողջապահության նախարարների հրամաններում»։
Ֆիզիկական բռնության 14 դեպք՝ երեք ամսում
Տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել։ Երկրորդ եռամսյակում, սակայն, 14 նման դեպք է եղել։
ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ 11-ը եղել են հենց ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ժամանակ, տուժել է 23 անձ․
«Բողոքի ցույցերն ուղեկցվում էին բռնություններով, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով, տուժել են նաև լրագրողներ և օպերատորներ։ Դա կարող էր լինել և հրմշտոցի ընթացքում, և թիրախավորված հարձակում, ինչը նույնպես արձանագրվել է»։
Ասում է՝ աճել են նաև լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ այլ տեսակի ճնշումները՝ վիրավորանք, սպառնալիք, տարատեսակ խոչընդոտներ։ Հունվար-մարտ ամիսներին դրանց թիվը 17 էր, ապրիլ-հունիսին՝ 26։
Մելիքյանի գնահատմամբ՝ այս վիճակագրությունը պետք է մտահոգի ոչ միայն լրագրողական կազմակերպություններին, այլև Հայաստանի կառավարությանը, քանի որ «այս տվյալները կարող են ազդել երկրի միջազգային վարկանիշի վրա»։
Կարծում է՝ մեծ աշխատանք կա անելու ոստիկանական համակարգի բարեփոխումների ուղղությամբ, քանի որ էքստրեմալ պայմաններում, օրինակ՝ ցույցերի և ակցիաների ժամանակ երևում է նրանց պրոֆեսիոնալիզմի պակասը, լինում են նաև լիազորությունների չարաշահման դեպքեր։
Տարեսկզբից մինչ օրս 29 դատական հայց է ներկայացվել
Խոսքն ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատարան ներկայացված հայցերի մասին է։ Առաջին եռամսյակում դրանք 12-ն են եղել, երկրորդ եռամսյակում՝ 17-ը։
Ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների բոլոր հայցերը եղել են վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Տնտեսական կամ այլ վեճեր ընթացիկ տարում չեն գրանցվել։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մեծամասամբ հայց ներկայացնողները հայտնիներ են՝ իշխանության ներկայացուցիչներ, գործարարներ։ Մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ նրանք ներկայացնում են ոչ թե, օրինակ՝ հերքման, այլ դրամական փոխհատուցման պահանջ, ընդ որում՝ բավականին բարձր։ Հիշում է հայցերից մեկը, որում ձևակերպել էին 12 մլն դրամի պահանջ․
«Դատական հայցերը շարունակում են մնալ լրագրողների վրա ճնշում գործադրելու գործիք»։
Մելիքյանի խոսքով՝ կան նաև հրապարակումներ, որոնցում իսկապես առկա է վիրավորանք, զրպարտություն, չկան փաստական հիմքեր։ Սակայն դատական հայցերի մեծ մասում նկատելի է ԶԼՄ-ների հետ «հաշիվ մաքրելու» միտումը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի ԶԼՄ-ների խնդիրները