Հարկային մուտքերը Հայաստանում կրճատվել են. ինչո՞ւ և ի՞նչ սպասել
Հարկային մուտքերը ՀՀ-ում
Վերջին հինգ տարիներին Հայաստանի պետբյուջեն համալրվեց նոր գումարներով, որովհետև հարկային հավաքագրումները տարեցտարի ավելացան: «Թավշյա հեղափոխությունից» հետո ստվերը երկրում կրճատվեց, ընկերությունները սկսեցին կամավոր վճարել հարկերը, քաղաքացիներից շատերն էլ՝ պահանջել ՀԴՄ կտրոններ վճարումների դիմաց:
Բայց այս տարի հարկերի հավաքագրման անկում է գրանցվել։ Ինչ պատճառով է դա տեղի ունեցել և ինչ են կանխատեսում փորձագետները։
- Ինչո՞ւ Հարավային Կովկասում հարևան երկրների հետ բիզնես չեն զարգացնում․ երեք պատմություն
- Հայաստանի 2024 թ․-ի բյուջեն՝ «աննախադեպ՝ 94 մլրդ պահուստային ֆոնդով»
- «Ցածր դիմակայունության նախադրյալներ են ստեղծվում»․ կարծիք Հայաստանի տնտեսության մասին
Հարկ վճարողի պատմությունը՝ հարկերի թերակատարման ֆոնին
Գնել Կարապետյանը Երևանում ըմպելիքների պատրաստման և մատուցման երեք կրպակ ունի, պատասխանատու հարկ վճարող է: Թեև հարկային մարմնի հետ կապված խնդիրներ հաճախ են լինում, իր մոտեցումն աշխատանքին դրանից չի փոխվում.
«Մի քանի ամիս աշխատել ենք առանց կտրոնների, որովհետև ՀԴՄ-ի հետ կապված տեխնիկական սպասարկման խնդիր կար: Հասցրել եմ տուգանք էլ վճարել: Երբեք հարկերից չեմ խուսափել, իմ բոլոր աշխատակիցները գրանցված են այն աշխատավարձով, որն իրականում ստանում են, իսկ եկամուտները ամբողջապես հայտարարագրված են»:
Գնելը հինգ տարի ապրել է Եվրոպայում և գաղափարական լուրջ մոտեցումներ ունի շատ հարցերում, օրինակ, ինչպես լինել լավ քաղաքացի, պատասխանատու հարկ վճարող, շրջակա միջավայրին ուշադիր մարդ․
«Եթե ես այնտեղ հարկ էի վճարում, ինչո՞ւ չպետք է նույնն անեմ Հայաստանում: Չ՞է որ, ի վերջո, իմ վճարած հարկերի շնորհով է, որ իմ երեխաները անվճար հաճախում են պետական դպրոց ու մանկապարտեզ, օգտվում առաջնային բուժօգնությունից պոլիկլինիկայում»:
Ասում է, որ քաղաքի այն հատվածներում, որտեղ ինքը լինում է օրվա ընթացքում, հանդիպում է հատկապես ժամանցային բնույթի ծառայություններ մատուցողների, որոնք գրանցված չեն հարկային դաշտում, հետևաբար, հարկեր չեն վճարում․
«Չեմ կարծում, թե իմ նշած ծառայությունների հարկումը մեծ բան կարող է փոխել: Մեր երկրում այս պահին շինարարությունն ու հանքարդյունաբերությունն են բյուջեի մեծ մասը ծածկում։ Սակայն հետագայի համար կարևոր է փոխել մարդկանց վարքագիծը՝ չփախչել պետության հանդեպ պարտավորություններից և վճարել հարկերը: Նաև այսպես դառնում ես պահանջկոտ քաղաքացի: Ուզում ես իմանալ՝ քո վճարած հարկերն ուր են գնում։ Օրինակ, տարվա մեջ մի քանի կայք ու հոդված ես նայում, որ այդ հարցի պատասխանը ստանաս»:
Պաշտոնական հայտարարություններ և փորձագիտական գնահատական
2024թ-ի առաջին ամիսների ընթացքում հավաքագրվող հարկերից պարզ դարձավ, որ հնարավոր չէ նախանշված հարկային հոսքերն ամբողջապես ապահովել: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում խոստովանել է, որ պլանի կատարման հետ կապված խնդիրներ ունեն:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի բացառել, որ այս կապակցությամբ կարող է կարիք լինի ծախսերը կրճատել։
2024 թ-ի համար կանխատեսված է 2 տրլն 613 մլրդ դրամի հարկային պլան: Ֆինանսների նախարարությունը շուրջ 60 մլրդ դրամ պակաս հարկային հավաքագրման ռիսկ է տեսնում։
Կառավարությունում չեն բացառում, որ մինչև տարվա վերջ իրավիճակը կարող է փոխվել։ Եվ հարկերի նախանշված հավաքագրումն այդ դեպքում կապահովվի։ Սակայն փորձագետները թերահավատ են այս հարցում: Իրենց մտավախությունները բացատրում են այն հանգամանքով, որ տնտեսության ճյուղերում այս պահին չկա մեծ հարկային ներուժ ունեցող ուղղություն, որը պլանն իրատեսական կդարձնի:
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը կանխատեսում է, որ առնվազն 4-5%-ի չափով հարկային եկամուտների թերակատարում կլինի։
Նրա խոսքով՝ հարկային մուտքերի կանխատեսումներ իրականացնելիս պատշաճ կերպով հաշվի չեն առնվել տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, տնտեսական աճը պայմանավորող առանցքային ոլորտներում հարկային եկամուտների գեներացման կարողությունները․
«Տնտեսական ակտիվության աճի առանցքային խթաններ են հանդիսացել շինարարությունը, թանկարժեք մետաղների հետ գործառնությունները։ Շինարարության դեպքում հարկային հիմնական մուտքերը արձանագրվում են, օրինակ, բնակարանների վաճառքի արդյունքում, ինչը, ժամանակագրորեն չի համընկնում բուն շինարարության գործընթացի հետ։ Արդյունքում՝ շինարարության մասով աճ արձանագրվում է, բայց դա դեռևս հարկային բազայի համարժեք ընդլայնման չի հանգեցնում»։
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների ներմուծմանը, մշակմանն ու վերարտահանմանը։ Նրա խոսքով, այս ուղղությունն էապես բարելավում է արտաքին առևտրի շրջանառության ու հարակից այլ ոլորտների ակտիվության ցուցանիշները։ Սակայն հարկային պարտավորությունների գեներացման առումով դրա ներուժը շատ ավելի փոքր է։
«Նախորդ տարվանից արդեն ավտոմեքենաների արտահանումը ԵԱՏՄ մյուս երկրներ սկսեց զգալիորեն կրճատվել: Սահմանափակումների ազդեցությունը տեսանելի եղավ արդեն այս տարի, ինչը ԱԱՀ մասով մուտքերի թերստացման նշանակալի գործոն դարձավ»,- ասում է Քթոյանը:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը ներառում է նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով 2022 թվականից Հայաստանից մեքենաների վերաարտահանումը կտրուկ աճել էր։
Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է 2014թ. Սակայն ԵԱՏՄ-ում ընդունված ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը Հայաստանում սկսել են գործել 2020թ-ից։ Սա Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն էր տվել մեքենաներ ներկրել և մաքսազերծել ավելի էժան, քան ԵԱՏՄ այլ երկրներում։ 2022 թվականին Հայաստանում ավտոմեքենայի մաքսազերծման կարգը դարձավ նույնը, ինչ Ռուսաստանում։ Նաև 2024-ի ապրիլից՝ ԵԱՏՄ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստան մեքենաների ներկրման հարկերն ու տուրքերը բարձրացել են։
Ինչպես տնտեսությանը «երկրորդ շունչ» տալ
Տնտեսագետ Արմեն Քթոյանն ասում է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանի տնտեսությունը, որպես ԵԱՏՄ տնտեսական տարածքի մաս, «շոկային էֆեկտների» է ենթարկվել ու շարունակում է գտնվել դրանց ազդեցության տակ։
Ըստ նրա, Հայաստանը Ռուսաստանի համար դառնում է տրանզիտային երկիր բոլոր առումներով, և տնտեսությունն այդ տեսակետից էականորեն աշխուժանում է։ Սակայն, մյուս կողմից, տնտեսության կառուցվածքի մեջ որոշակի ձևախեղումների ռիսկ է առաջ գալիս։ Այս ակտիվությունը չի գեներացնում սպասված հարկերը, արդյունքում տեղի է ունենում հարկային եկամուտների թերի հավաքագրում։ Պատճառն այն է, որ շարժերը տեղի են ունենում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում, որի անդամ է հանդիսանում Հայաստանը։
Քթոյանը լուծումը տեսնում է արտահանման դիվերսիֆիկացիայի, արտահանելի հատվածների զարգացման մեջ։ Նա կարևորում է նաև նորարարության խթանումը, տնտեսության արդիականացումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասում է, որ այս փոքր տատանումը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա, որովհետև դա հնարավոր կլինի կարգավորվել ներքին պարտք ներգրավելով․
«Մեր տնտեսությունը նախորդ տարիների կարողացել է հասնել մի վիճակի, որ այսպիսի փոքր ցնցումներին հեշտ դիմանա: Մենք 10 տոկոսի չափով կարող ենք կառավարելի շեղումներ ունենալ և տնտեսությանը լուրջ վնասներ չհասցնել: Ռիսկերը չեզոքացնելու բոլոր գործիքներն այս պահին կան»:
Տնտեսության մեջ անկումներն ու վերելքները սպասելի երևույթներ են։ Եվ, ըստ փորձագետի, Հայաստանը մի քանի ուղղություններով կարող է առաջիկայում առաջընթաց ունենալ․
«Հիմա բավականին ակտիվ և ներուժ ունեցող ուղղություն է ծառայությունների ոլորտը։ Կնշեմ նաև տուրիզմի և դրանով պայմանավորված ենթակառուցվածքների զարգացումը»:
Հակառակ այլ մասնագետների պնդումների, ըստ Խաչատրյանի, շինարարության ոլորտը անկում չի ապրի․
«Գուցե անցած տարիների պիկին չհասնի, սակայն մարզերի հաշվին կարողանալու է պահպանել տեմպը:
Նաև Հայաստանի համար շատ կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այս պահին շատ պետություններ են ցանկանում են տարածաշրջանի ենթակառուցվածքների վրա ունենալ ազդեցություն և դերակատարում: Հայաստանը կարող է մեծ ջանքերի պարագայում շահած դուրս գալ և օգտվել տարածաշրջանային բարիքներից»:
Ինչի՞ վրա են ծախսվում հավաքագրված հարկերը
Հարկերը կարևոր են, որպեսզի կառավարությունը կարողանա կատարել իր ստանձնած պարտավորությունները: Հատկապես հիմա, երբ պետությունը անվտանգային բազմաթիվ խնդիրներ ունի, երկարատև ծախսեր պահանջող ծրագիր։ Խոսքը բռնի տարհանված արցախցիներին բնակարաններով ապահովելու, տարեցներին, երեխաներին, տարբեր հիվանդություններ ունեցողներին սոցիալապես աջակցելու պարտավորությունների մասին է։ Եվ հարկային մուտքերի կրճատումը կարող է խնդիրներ առաջացնել:
Պատրա՞ստ է պետությունը դրանց։ Փորձագետները դժվարանում են միանշանակ պատասխանել։ Ասում են՝ տնտեսական զարգացման համար ռիսկային քայլեր են պետք, երբեմն նաև կտրուկ քաղաքական որոշումներ: Խոսքը տնտեսության առաջնահերթությունների փոփոխության մասին է։
Այս պահին առաջնային են համարվում շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ծառայությունները։ Անտեսված է գյուղատնտեսությունը, որը, ըստ մասնագետերի, կարող է զարգանալ, եթե, օրինակ, էժան վարկեր տրամադրվեն նորարար լուծումներ կիրառելու համար։ Իսկ մասշտաբային փոփոխությունների տեսակետից տնտեսագետներն առաջարկում են մտածել, մասնավորապես, ռազմական արդյունաբերության և հանքանյութերի վերամշկման մասին։ Հասունացել է նոր լուծումներ գտնելու պահը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հարկային մուտքերը ՀՀ-ում