Հանուն ապահով ծերության․ Հայաստանում կուտակային կենսաթոշակների մասին
Կուտակային կենսաթոշակները ՀՀ-ում
Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից, նախ կամավոր, իսկ 2018-ից արդեն՝ պարտադիր հիմունքներով:
Այս տարի լրանում է համակարգի ներդրման 10-ամյակը, որին ընդառաջ փորձել ենք ամփոփել կուտակային ֆոնդերի և առաջարկվող պայմանների մասին առավել կարևոր տեղեկատվությունը:
- «Կտարածվի շուրջ 580 հազար մարդու վրա»․ կենսաթոշակի և նպաստի բարձրացում ՀՀ-ում
- ԼՂ-ից տեղահանված հայերը կկարողանան Հայաստանում կենսաթոշակ ստանալ
- «Դրական ազդակ ներդրողների համար»․ հայ տնտեսագետը՝ «Moody’s» վարկանիշի մասին
Ո՞վ ավելի ապահով ծերություն կունենա
35-ամյա Տաթևիկ Ա.-ն շուրջ 5 տարի է, աշխատում է պետական համակարգում: Կուտակային կենսաթոշակային ֆոնդում իր անունով հաշվարկվող գումարի մասին հիշել է միայն վերջերս։ Մի օր բաժնի աշխատակիցները սկսել են քննարկել, թե ով որքան գումար է կուտակել իր կենսաթոշակային ֆոնդում: Եվ Տաթևիկը պարզել է՝ աշխատանքային գործունեության տարիների ընթացքում արդեն շուրջ 1 մլն դրամ է հավաքվել իր անվան տակ:
«Սկսեցինք համեմատել մեր կուտակային կենսաթոշակային ֆոնդի գումարներն ու կատակել, թե մեզնից ո՞վ ավելի ապահով ծերություն կունենա: Պարզվեց, ոմանց մոտ կուտակված գումարն ավելի մեծ է ու հասնում է մինչև 2 մլն դրամի»,- պատմում է Տաթևիկը:
Այս քննարկումը առիթ է հանդիսացել, որ Տաթևիկը մտածի, թե որքա՞ն կկազմի իր կուտակային կենսաթոշակը, եթե նույն հաստիքում, նույն աշխատավարձով աշխատի մինչև 63 տարեկանը:
63 տարին լրանալուց ու տարիքային կենսաթոշակի անցնելուց հետո քաղաքացին, բացի պետության կողմից տրվող կենսաթոշակից, պետք է ստանա հավելյալ գումար՝ աշխատելու տարիներին կուտակային կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների հաշվին: Այն կուտակվում է աշխատակցի ամենամսյա աշխատավարձի 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը՝ հենց աշխատողի աշխատավարձից, 5 տոկոսը՝ պետբյուջեից:
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման մասին
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտության մասին Հայաստանում սկսել են խոսել դեռ 2000-ականների սկզբին: Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ընդունվել է 2010թ.-ի դեկտեմբերի 22-ին: Ըստ սահմանված ժամանակացույցի, օրենքն ուժի մեջ է մտել 2014 թ.-ի հունվարի 1-ից, նախ` կամավոր հիմունքներով:
Մինչ 2018թ.-ը կամավոր հիմունքներով կուտակային կենսաթոշակային համակարգին միացել է շուրջ 200 000 անձ։ Իսկ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարները կազմել են ավելի քան 120 մլրդ դրամ։
2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճար կատարելը, կամ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելը դարձել է պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար՝ անկախ գործատուի կազմակերպաիրավական կարգավիճակից։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման պատճառների հիմքում կարևորվում էր բնակչության ծերացման գործոնը:
Միջազգային չափանիշներով մեկ թոշակառուի բարեկեցությունն ապահովելու համար առնվազն երեք աշխատող պետք է սոցիալական վճարումներ կատարեն պետբյուջե: Հայաստանում, սակայն, 2000-ականներին արդեն մեկ աշխատող էր «պահում» մեկ թոշակառուի, ինչը համարվում էր ճգնաժամային:
2018թ.-ից կուտակային կենսաթոշակի պարտադիր մասնակից են համարվում.
- 1974 թ-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր պետական ծառայողները (2018 թ. հունվարից),
- 1974 թ-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող անձինք (2018 թ. հուլիսից),
- 2014 թ-ից հետո առաջին անգամ աշխատանքի անցնողները,
- անհատ ձեռնարկատերերը,
- նոտարները:
Ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում ապագա թոշակառուների գումարները
Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահառուն և մասնակիցների ռեեստրավարը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան է:
Կենսաթոշակային ֆոնդերը կառավարվում են երկու կազմակերպություն՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ու «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»։ Յուրաքանչյուրը կառավարում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ.
- ցածր ռիսկային (կայուն եկամտային) – այս դեպքում կուտակումները ներդրվում են ավանդում կամ պարտատոմսում,
- միջին ռիսկային (պահպանողական) – կուտակումները ներդրվում են ինչպես ավանդում կամ պարտատոմսում, այնպես էլ բաժնետոմսում (25%-ի չափով),
- բարձր ռիսկային (հավասարակշռված) – կուտակումների 50%-ը ներդրվում է ավանդում և պարտատոմսում, իսկ մյուս 50%-ը՝ բաժնետոմսում:
Ամունդի—Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.՝ Ամունդի Ֆրանսիական ներդրումային ընկերության և Ակբա բանկի կողմից: Ակբան հայտնի է Հայաստանում որպես աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի գործընկեր:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (C-QUADRAT Ampega Asset Management Armenia) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (Վիեննա, Ավստրիա) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Քյոլն, Գերմանիա)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկությունն է` հիմնադրված Հայաստանի Հանրապետությունում:
Քաղաքացին կարող է ընտրել իր նախընտրած կառավարչին ու ֆոնդը: Չընտրելու դեպքում համակարգն ինքն է քաղաքացու համար օնլայն ռեժիմով պատահականության սկզբունքով ընտրում երկու կառավարիչներից մեկի միջին ռիսկայնության ֆոնդը (պահպանողական):
Քաղաքացիների գերակշիռ մասը չի ընտրել իր կուտակային ֆոնդը
Այն, որ քաղաքացիների մեծ մասը չի ընտրել իր կուտակային ֆոնդը, վկայում են մեր կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
Կենտրոնական բանկի 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում ներգրավված անձանց թիվը կազմել է 845 082։ Նրանց գերակշիռ մասը՝ 838 286-ը, կամ ավելի քան 98,5 տոկոսը, ներգրավված է պահպանողական ֆոնդում:
Ստացվում է, որ սեփական ընտրությամբ իր նախընտրած ֆոնդում հայտնվել է ընդամենը քաղաքացիների 1.5 տոկոսը: 3635 քաղաքացի ընտրել է ցածր ռիսկային կայուն եկամտաբերության, 3161-ը՝ բարձր ռիսկային հավասարակշռված ֆոնդը:
Շուրջ 370 000 անձանց կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվող «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ից մեր հարցմանն ի պատասխան շեշտում են․
«Շահառուների շուրջ 99%-ը կենտրոնացած է պահպանողական ֆոնդում, կապված ընտրություն չկատարելու հետ»:
Որպես կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ՝ ընկերությունը մասնակիցներին խրախուսում է լինել ավելի ակտիվ, հետևել կառավարիչների գործունեությանն ու կատարել իրենց գրավող ընտրությունը․
«Մասնակիցների ակտիվ ընտրությունը իրենց կենսաթոշակային միջոցների կառավարման գործընթացում կնպաստի ֆոնդերի միջև կենսաթոշակային միջոցների իրական բաշխմանը»։
Կենտրոնական դեպոզիտարիայի հրապարակած տվյալների համաձայն` կուտակային ֆոնդերին վստահված գումարների 67%-ը ներդրված է Հայաստանում՝ հայկական դրամով, պետական ու կորպորատիվ պարտատոմսերի, ավանդների, բաժնային արժեթղթերի ու այլընտրանքային ներդրումների տեսքով։ Մնացյալ շուրջ 33%-ը ներդրված է դոլարով ու եվրոյով արտասահմանյան բաժնային ու պարտքային արժեթղթերում:
Հայաստանի տնտեսական աճին նպաստող առավել նշանակալի ներդրումների ցանկում «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ից մատնանշում են.
«Ֆոնդերի ակտիվները ուղղակի կամ անուղղակի ձևով ներդրված են տնտեսության իրական հատվածում՝ ԵՄ—Հայաստան ՓՄՁ Ֆոնդում և Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից թողարկած պարտատոմսերում ներդրումների միջոցով»։
2024 թվականին ընկերությունը ներդրում է կատարել նաև Formula VC վենչուրային ֆոնդում, որը թիրախավորում է ՀՀ տնտեսության համար գերակա համարվող ՏՏ ոլորտի զարգացումը:
Քաղաքացիներն ինչո՞ւ չեն օգտվում ընտրության հնարավորությունից։ Մասնագիտական տեսակետ
Տնտեսագետ, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ՝ քաղաքացիների կողմից կենսաթոշակային ֆոնդերում պատահականության սկզբունքով հայտնվելու ու հայտնված ֆոնդում մնալու գործոնը պայմանավորված է մի քանի գործոնով.
- Տեղեկացվածության պակաս
«Կարծում եմ, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն կա: Քաղաքացիներն իրենք սովորաբար նախաձեռնողականություն չեն ցուցաբերում: Եվ չնայած նրան, որ կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններն իրենց պաշտոնական կայքերում բավականին լավ ներկայացնում են իրենց գործունեությունը, այնուամենայնիվ, հանրային տեղեկատվության ավելի մատչելի ու մասսայական իրազեկման կարիք կա:
- Ֆոնդերի միջև ակնհայտ տարբերությունների բացակայությունը
Եթե կառավարիչների ու ֆոնդերի միջև մեծ տարբերակվածություն լիներ, ընտրության հարցը շատ ակտուալ կհնչեր: Բայց, ըստ էության, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը երկու կառավարիչների երեք ֆոնդերի միջև գլոբալ տարբերություններ չի նկատել և թողել է այն ընտրությունը, որը տեղի է ունեցել պատահանականության սկզբունքով:
- Քաղաքացիների՝ ընտրության սահմանափակ շրջանակը
ԱՄՆ-ում կուտակային կենսաթոշակային համակարգն ունի բազմաթիվ պլաններ: Այդ պլաններից մեկի համաձայն քաղաքացին ինքնուրույն ձևավորում է իր կենսաթոշակային խնայողությունների ներդրումային փաթեթը: ԱՄՆ քաղաքացիները շատ հաճախ դիմում են կենսաթոշակային ակտիվների կառավարման խորհրդատուներին, որոնք առաջարկում են, թե հատկապես որտեղ ներդրում կատարեն:
Եթե մենք մեր քաղաքացիներին նման ընտրության ազատություն ունենալու հնարավորություն ընձեռած լինեինք, ես կասեի, որ մեր քաղաքացիները պասիվ են, բայց մեր առաջարկը քաղաքացիներին բավականին սահմանափակ է. քաղաքացին անհատապես իր ակտիվները տնօրինելու իրավասություն չունի»:
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ազդեցությունը տնտեսության վրա
Ներկայումս Հայաստանի կենսաթոշակային կուտակային ֆոնդերում կուտակված զուտ ակտիվների արժեքը կազմում է շուրջ 878 մլրդ դրամ:
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը նկատում է.
«Կուտակային կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող միջոցներն առաջիկա տարիներին շարունակաբար աճելու են՝ մինչև առաջին սերունդը կսկսի ստանալ իր կուտակային կենսաթոշակը: 10-20 տարի անց ֆոնդերում կուտակված գումարը կարող է կազմել մեր ՀՆԱ-ի 50-60 %-ն ու շեշտակի ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա»:
Փորձագետի դիտարկմամբ՝ վերջին տարիներին իրականացված իրավական բարեփոխումների արդյունքում՝ կենսաթոշակային ֆոնդերն այսօր էլ ունեն որոշակի մեխանիզմներ՝ ազդեցություն ունենալու տնտեսական աճի ու տնտեսության զարգացման վրա։ Սակայն այդ ազդեցության ծավալը հնարավոր է մի քանի անգամ բազմապատկել՝ նոր գործիքների ու մեխանիզմների ներդրման դեպքում:
«Կուտակային կենսաթոշակային ֆոնդերն առավել արդյունավետ օգտագործելու պարագայում կշահի և՛ տնտեսությունը, և՛ անհատը: Քաղաքացու կուտակած միջոցները կներդրվեն ավելի բազմազան ուղղություններով։ Իսկ տնտեսության զարգացման դինամիկան ավելի բարենպաստ հնարավորություններ կընձեռի անհատին՝ կարողությունների իրացման, տնտեսական ակտիվ գործունեություն ծավալելու ու եկամուտ ունենալու առումով»,- ասում է նա:
Ե՞րբ կարող է քաղաքացին ստանալ կուտակային կենսաթոշակը
Կուտակային կենսաթոշակի մասնակիցը իր թոշակը կարող է ստանալ
- 63 տարեկանից՝ տարիքային կենսաթոշակին զուգահեռ:
Մինչև 63 տարեկանը թոշակը կարելի է ստանալ
- 55 տարեկանում բավարար միջոցներ կուտակելու դեպքում՝ մոտ 20 մլն դրամ;
- մասնակիցն ունի հիվանդություն, որը ներառված է ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկում;
- մասնակիցը ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի հաշմանդամություն ունեցող անձ;
- մասնակիցը ՀՀ-ում աշխատող ոչ ռեզիդենտ է, որը վերադառնում է իր մշտական բնակության երկիր։
Կենտրոնական դեպոզիտարիայի տրամադրած տվյալներով՝ 2024թ.-ի հունիսի 1-ի դրությամբ իրենց կուտակային կենսաթոշակները ստանալու իրավունքից արդեն իսկ օգտվել է 42 քաղաքացի:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կուտակային կենսաթոշակները ՀՀ-ում