«Բրյուսելյան խոստումները սկսում են իրականանալ»․ Օ'Բրայենի այցը Երևան
Օ’Բրայեն-Միրզոյան հայտարարություններ
Հայաստանն ու ԱՄՆ-ն շարունակում և խորացնում են ռազմավարական երկխոսությունը։ Երևանում է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի գլխավորած պատվիրակությունը։ Տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ։ Այսօր՝ ամփոփիչ նիստի մեկնարկին Օ’Բրայենն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել հայտարարություններով։
Մասնավորապես՝ կարևորել են տնտեսական համագործակցությունը, խոսել առևտրի համար նոր հնարավորությունների մասին։ Արտգործնախարար Միրզոյանը նկատել է՝ ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունն ունի Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը նպաստելու «մեծ ներուժ»։ Օ’Բրայենն իր խոսքում միայն ասել է՝ «ԱՄՆ-ն աջակցում է տևական խաղաղության հաստատման ջանքերին»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Օ’Բրայենի այցն ու ընթացող քննարկումները դիտարկում է որպես ապրիլի 5-ին ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով կայացած հանդիպման շարունակություն։ Շեշտում է՝ Երևանի և Վաշինգտոնի գործակցությունը տարբեր ոլորտներում միտված է ոչ միայն Հայաստանի տնտեսական զարգացմանը, այլև երկրի անվտանգային ներուժի մեծացմանը։
«ՀՀ-ն և ԱՄՆ-ն այս պահին ունեն համադրվող շահեր։ Եվ ճիշտ աշխատելու դեպքում Հայաստանը կարող է հնարավորինս իրացնել այդ շահերը։ Դա ոչ միայն կամրապնդի երկրի անվտանգությունը, այլև հնարավորություն կտա շարժվել դեպի ավելի զարգացած ուղղություններ և ստիպված չլինել իր ինքնությունը պահպանելու, տնտեսական, անվտանգային և այլ ոլորտներում իր զարգացումն ապահովելու մնացորդներ փնտրել եվրասիական տարածություններում»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Ղևոնդյանը։
«Քննարկվում են կոնկրետ ծրագրեր՝ տնտեսությունից մինչև պաշտպանություն»
Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կա, գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Միրզոյանի փոխանցմամբ՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը ներառում է տնտեսության և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության, արդարադատության և օրենքի գերակայության ոլորտները, բայց չի սահմանափակվում դրանով։
Տեղեկացրել է՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում քննարկում են «կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ»․
«Մենք շահագրգռված ենք Հայաստանի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ»։
Միրզոյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատել է՝ ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, իրականացնել սահմանազատում և սահմանագծում, ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։
«Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- հայտարարել է նա։
Ռազմավարական երկխոսությունը փոխարինվում է ռազմավարական գործընկերությամբ
«Գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը կողք կողքի գոյություն ունեն։ Այդ ուղղություններով իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք»,- նկատել է Ջեյմս Օ’Բրայենը։
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։
Շեշտել է՝ եթե ՀՀ և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն լինի, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։
Օ’Բրայենի գնահատմամբ՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն արագ զարգացող փոխգործակցություն, լայն օրակարգ ունեն։
Ասում է՝ վերջին տարիներին Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով։ Ըստ նրա՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ նկատել են «երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ»։
«Մեր երկրներն այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ոլորտում, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, բիզնեսի համար կդյուրացնի առևտուրն առաջիկա տարիներին։ Սա այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում»։
Վստահեցրել է՝ շարունակելու են աշխատել արդարադատության, պաշտպանության, անվտանգության ուղղություններով։ Փոխպետքարտուղարի խոսքով՝ ակնկալում են գործակցել նաև կիբեռանվտանգության, սահմանների, էներգետիկ, պարենային անվտանգության ոլորտներում։
«Մեր ծրագիրն այն է, որ այս ռազմավարական երկխոսությունը փոխարինենք ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել փոխգործակցությունը»,- շեշտել է Օ’Բրայենը։
Մեկնաբանություն
Ռոբերտ Ղևոնդյան, քաղաքագետ
Տնտեսությունը՝ ընդհանուր անվտանգային համակարգի մաս
«Օ’Բրայենի այցը Երևան ապրիլի 5-ին հետևած իրադարձությունների շարունակությունն է։ Տնտեսություն ասելով չենք հասկանում միայն այն ամենը, ինչ նեղ տնտեսական գործընթացներին է վերաբերում։ Ապրիլի 5-ին ամրագրված մոտեցումները կարևոր են նաև դրանով, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ փոխհարաբերություններում տնտեսությունը դիտարկվեց որպես անվտանգային համակարգի մաս։
Օ’Բրայենի այցը, այդ թվում՝ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակումը հույսեր են տալիս, որ մենք գուցե շատ ավելի մեծ արդյունքների հասնենք այս ոլորտում, ինչպես օրինակ՝ կրկնակի հարկումը վերացնելն է։ ՀՀ-ն տասնյակ տարիներ փորձեր է կատարում, բայց չի կարողանում դա իրականացնել։
Ընդհանուր առմամբ, տարբեր ոլորտներում ԱՄՆ ավելի մեծ ներկայությունը ՀՀ-ում երկրի անվտանգության ամրապնդման մաս է։ Պաշտպանության ոլորտում արդեն որոշակի ծրագրեր կան։ ԱՄՆ հրահանգիչներ կան, ովքեր աջակցություն են ցուցաբերում հայկական բանակի վերափոխման որոշ գործընթացների։ Արդարադատության ոլորտում ևս Նահանգների փորձի տեղայնացման, փոխանակման ծրագրեր գոյություն ունեն, որոնցում ՀՀ-ն փորձում է ավելի մեծ չափով ներգրավվել»։
Խաղաղության գործընթացը Վաշինգտոնի վերահսկողության տակ է
«Օ’Բրայենի այցը հարցերի շատ ավելի լայն շրջանակի է վերաբերում։ ՀՀ-Ադրբեջան բանակցություններն ու խաղաղության գործընթացն ԱՄՆ վերահսկողության տակ են, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարել են Պետքարտուղարության տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Օ’Բրայենը։
Այն, որ սահմանազատման աշխատանքներն [ՀՀ-Ադրբեջան սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում] իրականացվեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ԱՄՆ շահերի կամ հետաքրքրությունների արտացոլումն էր։
Պետք է նշել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը [«ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունն ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը»] միտում ունի ԱՄՆ ուշադրությունը ավելի շատ սևեռել խաղաղության գործընթացում հայ-ամերիկյան շահերի համադրման հնարավորություններին»։
ԱՄՆ-ն կարո՞ղ է Բաքվին հետ պահել ուժի կիրառումից
«ԱՄն-ն արդեն որոշ չափով այդ լծակները կիրառում է։ Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրումը սահմանազատման գործընթացում հենց ԱՄՆ առաջարկն է եղել, և ամենայն հավանականությամբ՝ նաև Ադրբեջանի նկատմամբ լծակների կիրառման արդյունք է։ Իհարկե, Նահանգները բազմաթիվ այլ լծակներ ևս ունի և ըստ իր անհրաժեշտության դրանք կկիրառի։ Հայաստանի խնդիրն է կարողանալ իր շահն այնպես համադրել ԱՄՆ շահի հետ, որ ԱՄՆ-ն այդ անհրաժեշտությունը տեսնի և ցանկություն ունենա այդ լծակները կիրառել։
Այստեղ միայն Ադրբեջանի խնդիրը չէ։ ՀՀ անվտանգային սպառնալիքների միայն մի մասն է Ադրբեջանից։ Սպառնալիքներ կան նաև Ռուսաստանից և որոշ չափով Թուրքիայից։
ՌԴ-ն չի ցանկանում, որ Հայաստանն իր զարգացման վեկտորը գոնե հավասարակշռի դեպի Արևմուտք, ցանկանում է ամբողջությամբ որոշումներ կայացնել Երևանի փոխարեն։ Բայց ՀՀ ներկա իշխանությունները չեն համաձայնում այդ մոտեցմանը և որոշակի աազատություններ են իրենց թույլ տալիս, օրինակ՝ Նահանգների հետ ռազմավարական երկխոսության հարցում։
ԱՄՆ-ն որոշակի դերակատարություն կարող է ունենալ բոլոր այն դեպքերում, երբ Ռուսաստանը «պատժիչ գործողություններ» իրականացնի ՀՀ նկատմամբ։ Վաշինգտոնը կարող է Հայաստանին տրամադրել այդ մարտահրավերներին դիմագրավելու գործիքներ։
Ինչ վերաբերում է Թուրքիային, այստեղ ևս Միացյալ Նահանգների դերը կարող է շատ մեծ լինել, օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում։ Տեսնում ենք, որ թեև Թուրքիան նախնական համաձայնություն տվել է որոշակի պայմաններով ՀՀ հետ սահմանը գործարկելու վերաբերյալ [բացել սահմնանը երրորդ երկրի քաղաքացիների համար], բայց չի շտապում իրականացնել այդ համաձայնությունը։ Այս դեպքում ևս ԱՄՆ-ն կարող է որոշ, օրինակ՝ տնտեսական լծակներ կիրառել։ Բացի այդ, Հայաստանի աշխատանքի շատ մեծ տեղ կա։ Երևանը պետք է կարողանա Վաշինգտոնին համոզել, ապացուցել կամ ցույց տալ, որ այս հարցում ևս ՀՀ և ԱՄՆ շահերը համընկնում են»։
Վաշինգտոնը կարող է տրամադրել երաշխիքներ, այդ թվում՝ անվտանգային
«Այսօր ԱՄՆ-ն փաստացի երկրագնդի վրա միակ պետությունն է, որը կարող է հստակ երաշխիքներ տալ և դրանք իրացնել։ Նման ծավալի երաշխիքներ տվող և դրանք պաշտպանելու ունակ այլ պետություն կամ ուժային կենտրոն կարծես թե գոյություն չունի։
Երաշխիք ասելով, առաջին հերթին, հասկանում ենք անվտանգություն, քանի որ այս պահին էլ նման խնդիր ունենք, բայց կան բազմաթիվ ուղղություններ։ Դրանցից է, օրինակ՝ ՀՀ-ն տնտեսական տարանցիկ ճանապարհի վերածելը, մասնավորապես՝
- Միջին միջանցքի գաղափարը, որը կարող է Հայաստանով անցնել, որում մեծ շահագրգռվածություն ունի ԱՄՆ-ն։
- ԱՄՆ մասնակցությունը Հյուսիս-Հարավ ճանապարհի Իրան-Վրաստան-Եվրոպա և հակառակ ուղղությամբ ճանապարհի կառուցման կամ գործարկման աշխատանքներին։
- Արաբական երկրների՝ ՀՀ-ում ներդրումներ կատարելու և Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա տարանցիկ փոխադրումներ իրականացնելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը։
Այս և բազմաթիվ այլ հարցերում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն այս պահին ունեն համադրվող շահեր։ Ճիշտ աշխատելու դեպքում Հայաստանը կարող է իրացնել դրանք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Օ’Բրայեն-Միրզոյան հայտարարություններ