Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ցուցարարների ծեծ. ինչպե՞ս է անցել գիշերը Թբիլիսիում
Բողոքի ցրում Թբիլիսիում
Ապրիլի 30-ի՝ լույս մայիսի 1-ի գիշերը Թբիլիսիում շարունակվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ տասնյակ հազարավոր ցուցարարների առճակատումը ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի հետ։ Օգտագործվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Կան տուժածներ: Ձերբակալվել է 63 ցուցարար։
Ապրիլի 30-ին խորհրդարանի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց այս օրինագիծը, որը հանրությունն անվանում է «օտարերկրյա գործակալների մասին» կամ պարզապես «ռուսական օրենք»։ Ըստ կանոնակարգի՝ խորհրդարանի աշխատանքը թույլատրվում է միայն մինչև երեկոյան ժամը ինը։ Պատգամավորները համաձայնության չեն եկել, քննարկումը տեղափոխվել է մայիսի 1-ին։
Խաղաղ ցույցի ցրումը սկսվել է երեկոյան ժամը տասին հետո, երբ ցուցարարների շարքերն արդեն զգալիորեն կրճատվել էին։
Հատուկ ջոկատայինները ցուցարարների նկատմամբ կիրառել են առկա բոլոր հատուկ մեթոդները՝ ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, կրակել ռետինե փամփուշտներով և ֆիզիկական բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ։
«Հանրահավաքը դուրս է եկել ցույցերի՝ օրենքով սահմանված կանոններից և բռնի բնույթ ստացել։ Ուստի ՆԳՆ-ն անցում է կատարում հասարակական կարգի վերականգնման համար օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը»,- նման հաղորդագրություն էր տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Սկզբում հատուկ ջոկատայիններին հաջողվել է ցուցարարներից մաքրել խորհրդարանի շրջակայքը։ Բայց շատ շուտով Ռուսթավելի պողոտայում մարդկանց թիվը կտրուկ ավելացել է. նրանք, ովքեր նախապես որոշել էին տուն գնալ, վերադարձել են: Բացի այդ, դեպքի վայր են ժամանել հազարավոր մարդիկ, ովքեր ի սկզբանե մտադիր էին միայն հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերով հետևել իրադարձություններին:
«Ես այստեղ եմ ապրում, սա իմ երկիրն է։ Անկեղծ ասած, ես հանրահավաքի չեմ եղել 1989 թվականի ապրիլի 9-ից, երբ մենք պաշտպանում էինք մեր երկրի անկախությունը։ Բայց ինչպե՞ս կարող էի տանը մնալ, երբ տեսնում էի, թե ինչպես են վարվում երիտասարդների հետ։ Իմ տղան հիմա Վրաստանում չէ, և ես նրա փոխարեն եկել եմ այստեղ, որպեսզի տեր կանգնեմ նրա ընկերներին, այս սերնդին»,— JAMnews-ի հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը։
Ցույցը ցրելու ժամանակ ցուցարարները վանկարկել են «Վրաստան», «Դուք ստրուկներ եք», «Դուք ռուսների [ստրուկներն] եք», կատարել Վրաստանի օրհներգը, ինչպես նաև Մերաբ Սեպաշվիլիի «Ժպտա» երգը, որը դարձել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ոչ պաշտոնական հիմնը, իսկ հիմա՝ «օտարերկրյա գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերի հիմնը։
Ռուսթավելի պողոտայի մի քանի վայրերում ցուցարարները փորձել են հատուկ ջոկատայինների ճանապարհը փակել աղբամաններով, երկաթե պատնեշներով ու փողոցային նստարաններով:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջ գիշեր ակտիվ էր սոցցանցերում՝ մի քանի հայտարարություն անելով Facebook-ում և X-ում։
Զուրաբիշվիլին խստորեն դատապարտել է իրավապահների գործողությունները և ՆԳՆ-ին կոչ արել դադարեցնել ցուցարարներին ցրելու գործընթացը։ Նա գրել է, որ «Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվում է բացարձակապես չարդարացված, չհրահրված և անհամաչափ ուժ»։
«Ամոթ է, որ հակադրվում ես երիտասարդությանը, բայց հավակնում այս ազգին պատկանելուն: Ամոթ է, երբ դիմում ես հավատքի օգնությանը, բայց Ավագ շաբաթվա ընթացքում բռնություն ես իրականացնում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Մինչև առավոտյան ժամը հինգը ցուցարարների մի մասը մնացել է Ռուսթավելի պողոտայում՝ համառորեն վերադառնալով գազի հերթական չափաբաժնից և ջրցան մեքենաների ջրի հզոր շիթերից հետո։ Էլ ավելի մեծ մասն ուղևորվել է դեպի Արդարադատության տուն։
Այսպիսով, մեկ բողոքի վայրի փոխարեն քաղաքում հայտնվել են երկու թեժ կետեր։
Վրացական հեռուստաալիքներով հեռարձակված բազմաթիվ կադրերում երևում է, որ հատուկ ջոկատայինները անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ։ Օրինակ՝ ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է հատուկ ջոկատայինը մոտենում ցուցարարի և բռունցքով հարվածում նրա դեմքին, թեև նա պարզապես կանգնած էր այնտեղ, ձեռքին էլ ոչինչ չկար:
Տեսանյութում պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին, ով ձեռքերը վեր է բարձրացրել, մոտենում է հատուկ նշանակության ջոկատի զինծառայող, ծեծում ու տապալում նրան, դեմքին էլ պղպեղի գազ ցողում։
Դիմակավորված հատուկ ջոկատայինները դաժանաբար ծեծի են ենթարկել ցուցարարներին, այդ թվում՝ կանանց։
Եվս մեկ դրվագ, որտեղ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական խմբագրության, ենթադրաբար նույն հատուկ ջոկատայինը, ով ծաղրում է վերոնշյալ տեսանյութի աղջիկներին, մասնակցում է մեկ այլ դաժան դրվագի.
«Մտավարի արխի» հեռուստաալիքի կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը բռունցքով հարվածում ցուցարարներից մեկի դեմքին։
Բողոքի ցույցերի ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին: Նրան տեղափոխել են Ինգորոկվայի կլինիկա։ Նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք։
Մի քանի մարդ վիրավորվել է ոստիկանների կողմից պղպեղի սփրեյ կիրառելու և ծեծի արդյունքում: Տուժածների թվում է «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Անի Ցիտլիձեն, պղպեղի սփրեյ են ցողել ուղիղ նրա աչքերի մեջ։ Նրան օգնություն է ցուցաբերել շտապօգնության բրիգադը։
«Թաբուլա» ամսագրի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են երիտասարդները շտապօգնության մեքենա տեղափոխում անգիտակից վիճակում գտնվող մի երիտասարդի։
«Պուբլիկա» պարբերականի լրագրողներ Լիկա Զակաշվիլին և Բաստի Մգալոբլիշվիլին տուժել են պղպեղի սփրեյի կիրառման հետևանքով։
Այս պահին տուժածների հստակ թիվը հայտնի չէ։
Ինչպես հայտնում է «Պիրվելի» հեռուստաալիքը, հատուկ ջոկատայինների գործողություններից տուժել է Իլիայի համալսարանի դասախոս Ալիկա Կուպրավան։
Վրաստանում բնակվող ամերիկացի փաստաբան Թեդ Ջոնասը ձերբակալվել է «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիայի ցրման ժամանակ։ Նա ժամը 01:12-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գտնվում է ոստիկանական մեքենայում և իրեն դաժան ծեծի են ենթարկել։
My friend Theodore Jonas was severely assaulted by police tonight. This is a picture of him in a police van. This is the reality of Bidzina Ivanishvili’s government pic.twitter.com/vHwGJ31Q41
— William Dunbar (@undrawbill) April 30, 2024
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին պնդում է, որ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին՝ խախտելով «անհրաժեշտ և համաչափ միջամտության ստանդարտը»։ Օմբուդսմենը հիշեցնում է, որ խաղաղ հավաքների ազատությունը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ցույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում երեք իրավապահներ հոսպիտալացվել են։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են նախարարության մամուլի կենտրոնից, մի քանի ցուցարարների տեղում շտապ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։
Չնայած այն հանգամանքին, որ բողոքի ակցիան մի քանի անգամ ցրել են, իրավապահներին չի հաջողվել ամբողջությամբ դադարեցնել այն։ Ամբողջ գիշեր հարյուրավոր մարդիկ մնացել են Ռուսթավելի պողոտայում։
Առավոտյան ժամը 4-ից հետո հատուկ ջոկատայիններն իրենք են սկսել հեռանալ Ռուսթավելի պողոտայից։ Նրանք նախ նահանջել են, ապա ամբողջությամբ լքել տարածքը։
Տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները հատուկ ջոկատայիններին դուրս մղում ինքնաշեն բարիկադներով արգելափակված պողոտայից:
Anonymous-ի հայտարարությունը՝ ի պաշտպանություն ցուցարարների
Ապրիլի 30-ի ուշ երեկոյան Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային շարժումը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Վրաստանում «օտարերկրյա գործակալների օրենքի» դեմ շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցներին։ Anonymous-ը կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը սպառնացել է կիբերհարձակումներով, նրանց անձնական տվյալների բազաների և նամակագրության բացահայտմամբ:
«Դիմում ենք Վրաստանի ոստիկանությանը՝ դուք հարձակվել եք հանրահավաքի մասնակիցների վրա, դրան կհետևի ձեր կառավարության բոլոր պաշտոնյաների մասին տեղեկությունների հրապարակումը։ Մենք կվերցնենք ձեր տվյալների բազաները, ձեր էլ. նամակագրությունը և կտեղադրենք այն ամենը, ինչ հասանելի է համացանցում: Սա ձեր առաջին և վերջին նախազգուշացումն է։ Դիմում ենք Ռուսաստանի կողմից աջակցվող «Երազանք» կուսակցությանը՝ հիշե՛ք, Վրաստանը Ռուսաստան չէ և երբեք չի լինի։ Սպասեք մեզ»,— ասված է Anonymous-ի հաղորդագրության մեջ։
🚨Anonymous PR/#OpGeorgia
— Anonymous TV 🇺🇦 (@YourAnonTV) April 30, 2024
— To the protesters in Georgia, we have heard your plea for help. Take heart and take to your streets; you are not alone. Anonymous members stand with you and will help in your fight for democracy, freedom, and prosperity.
To the Georgia police:… pic.twitter.com/1kRqWfwV2q
Բողոքի մասնակիցների պլանները՝ շարունակել ակցիաները, օգնել շրջաններից միացողներին
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, խորհրդարանը կշարունակի երկրորդ ընթերցմամբ քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Միաժամանակ կվերսկսվի բողոքի ցույցը խորհրդարանի շենքի մոտ։
Արդեն հայտնի է, որ ընդդիմադիրները, քաղաքացիական ակտիվիստները և այս նախագծի այլ հակառակորդներ Բաթումիից և Վրաստանի այլ քաղաքներից պատրաստվում են երթ իրականացնել Թբիլիսիում և միանալ բողոքի ցույցին։
«Մենք Բաթումից դուրս կգանք ժամը 12-ին և մեծ շարասյունով ողջ Վրաստանով կշարժվենք դեպի Թբիլիսի՝ ինչպես Աջարիայի շրջանի, այնպես էլ ողջ երկրի բնակչության ուշադրությունը հրավիրելու այն փաստի վրա, որ իշխանությունները մեզ դրել են մեր եվրոպական ապագան կորցնելու վտանգի տակ»,- ասել է «Բաթումիի երթի» կազմակերպիչներից մեկը Բաթումիում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցի ընթացքում։
«Մտավարի արխի» հեռուստաալիքը հայտնում է, որ մայիսի 1-ին Վրաստանի 12 շրջանների բնակիչներ կժամանեն Թբիլիսի՝ մասնակցելու բողոքի ակցիային։
Այս նպատակով Facebook-ում ստեղծվել է «Կմնաս ինձ մոտ» (დაიტოვե) հատուկ խումբ: Այստեղ թբիլիսցիներն առաջարկում են անվճար կացարան իրենց տներում, նախաճաշ և ցանկացած օգնություն նրանց, ովքեր շրջաններից գալիս են «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար։
Նույն խմբում շատերն առաջարկում են օգնել դեպի Թբիլիսի ճանապարհածախսը հոգալու հարցում։ Մի քանի հոգի գրել են, որ ունեն միկրոավտոբուսներ և պատրաստ են ցանկացողներին անվճար տեղափոխել հանրահավաքի վայր։
Ահա մի քանի հաղորդագրություններ խմբից՝
● «Մենք պատրաստ ենք 4-5 հոգու բնակարանով ապահովել Թբիլիսիում։ 💕 Ես կկարողանամ մարդկանց ապահովել նաև սննդով: Պատրաստ եմ աջակցել ձեզ ամեն ինչում 🫶🏻»
● «Բարև ձեզ, ես և իմ ընկերները կարող ենք հովանավորել մինչև 100 հոգու, որպեսզի նրանք կարողանան գիշերել Թբիլիսիում։ Որտե՞ղ են գումար հավաքում»։
● «Ընկերներ, ես Բաթումից մեկնում եմ Թբիլիսի, մեքենայում տեղեր կան, և ես կարող եմ հետևել ավտոշարասյունին»:
● «Ասեք ինձ հաշվեհամար, ես բենզինի համար գումար կփոխանցեմ ցանկացած շրջանից Թբիլիսի մեկնելու և վերադառնալու համար»։
● «Ողջույն, ընկերներ։ Իմ ծննդյան օրը ապրիլի 30-ին էր, բայց հիմա հաստատ անձնական զվարճանքի ժամանակը չէ: Ուզում եմ հնարավորինս օգնել ձեզ սննդի հարցում և կփոխանցեմ այն սնունդը, որը գնել էի իմ տոնի համար։ Ասացեք՝ որտեղ և ինչպես փոխանցեմ»:
● «Ես պատրաստ եմ գումար փոխանցել Շվեդիայից, ասացեք, թե որտեղ»:
● «Ես ներգաղթյալ եմ, ապրում եմ Իտալիայում, ասացեք, թե որտեղ պետք է գումար ուղարկեմ աջակցության համար»:
● «Տեղեկացնում ենք նրանց, ովքեր ցանկանում են Քութայիսիից մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու բողոքի ակցիաներին։ Հանդիպում ենք քաղաքապետարանի դիմաց չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, ժամը 15:00-ին։ Տրանսպորտի և այլ մանրամասների հարցը կորոշենք՝ կախված նրանից, թե քանի մարդ կհավաքվի։ Ո՞վ կօգնի լուծել տրանսպորտի, սննդի հետ կապված հարցերը, ո՞վ հնարավորություն ունի մարդկանց գիշերելու տեղ տրամադրելու»։
● «Մենք ձեզ գրում ենք Գերմանիայից։ Ուզում ենք ձեզ հետ լինել: Ո՞ւր պետք է գումար ուղարկենք»։