ՀՀ խնդիրների և ԼՂ փախստականների հարցի քննարկում Բրիտանիայի խորհրդարանում
ՀՀ խնդիրները՝ բրիտանական խորհրդարանում
«Ուկրաինայի վերաբերյալ ասում ենք՝ ինքնորոշումը ճիշտ է, իսկ կործանումը՝ սխալ, ուրեմն ինչո՞ւ չենք կարող հետևողականորեն նույն սկզբունքները կիրառել նաև Լեռնային Ղարաբաղի պարագայում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը։
Շեշտել է՝ ԼՂ-ի ժողովուրդն ուզում է վերադառնալ իր հողը, այն վայրերը, որտեղ ապրել է հազարամյակներ շարունակ, թեև «տեսնում ենք Արցախի նման տարածքները քարտեզից ջնջելու փորձեր»։
Հաքը նման արձանագրումներ է արել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ Խորհրդարանականները 2023 թ․-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը համեմատել են Հայոց ցեղասպանության հետ, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր հնչեցրել։
«Մեր ձայնը պետք է ավելի ուժեղ լինի ՀՀ-ում»
Հայաստանն, ըստ Ռուպա Հաքի, մի երկիր է, որը երկար տարիներ ենթարկվել է ջարդերի և ցեղասպանությունների։ Ասում է՝ այսօր էլ իրավիճակը բարդ է․
«Մենք խոսում ենք եվրոպական մերձավոր հարևանի ժողովրդավարության մասին, որը թշնամական հարևան ունի ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով և հայերի դեմ էթնիկ դրդապատճառներ ունեցող հանցագործություններով»։
Հիշեցրել է՝ Բաքուն 10 ամիս շրջափակման մեջ պահեց Լեռնային Ղարաբաղը, ինչից հետո այնտեղ էթնիկ զտում տեղի ունեցավ, 100 հազար հայեր հարկադիր տեղահանվեցին։ Նրանց հետ անձամբ է հանդիպել, երբ այս տարվա փետրվարին պատգամավորական խմբի կազմում Հայաստան էր եկել։ Շեշտել է՝ լսել են «մարդկային տառապանքների մասին սարսափելի պատմություններ»։
«Այս երկրում մեր ձայնը պետք է ավելի ուժեղ լինի։ Այս պալատում 2020 թ․-ին մենք քննարկեցինք Լաչինի միջանցքի շրջափակումը, բայց մեր թույլ արձագանքը խրախուսեց այդ գործողությունները։ Սա կանխատեսելի էր տարիներ առաջ»,- նշել է պատգամավորը։
«Ադրբեջանը օկուպացված է պահում Հայաստանի տարածքները»
Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Ուիթինգդեյլը խոսել է Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Նրա կարծիքով՝ հասկանալի է Հայաստանի դիրքորոշումը՝ երկրի տարածքով անցնող ճանապարհները պետք է լինեն իր վերահսկողության տակ։
«Չնայած խաղաղ կարգավորման ձեռքբերման ակնհայտ հնարավորությանը, վերջին մի քանի ժամվա ընթացքում վարչապետը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանը կարող է պատերազմի մեջ լինել մինչև շաբաթվա վերջ, քանի որ հայերը կարծում են՝ Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնություններ ունենալ ՀՀ նկատմամբ: Այնպես որ, շատ փխրուն իրավիճակ է»,- հայտարարել է Ուիթինգդեյլը։
Որպես Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար՝ պատգամավորը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ: Նրանք նշել են, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունեն, և դա Հայաստանի կողմից իրականացվող քարոզչություն է»։ Սակայն դրանից հետո Ուիթինգդեյլը բախվել է այլ իրականության հետ, երբ ժամանել է Հայաստան․
«Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք Հայաստանում էինք, սահմանի շուրջ շարունակվող հակամարտության ընթացքում չորս հայ զինվոր էր զոհվել։ Մեզ տարան նաև տեսնելու տարածքը, որն անկասկած Հայաստան է, բայց դեռ օկուպացված է Ադրբեջանի կողմից»։
Նա նշել է, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների և լարվածության պատճառ ու հավելել, որ «այժմ, կարծես թե, կա կարգավորման հնարավորություն»:
«Եթե խաղաղություն լինի, այն փխրուն է»
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավորներից Քարոլ Մոնագանի կարծիքն է։ Ասում է՝ չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին՝ լարվածությունը մնում է բարձր։
Պատգամավորը քննադատել է ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործողությունները, որոնք, ըստ արցախցիների վկայությունների, ադրբեջանական հարձակման ժամանակ չեն միջամտել և չեն պաշտպանել բնակչությանը։ Խորհրդարանականն ասում է՝ ռուս խաղաղապահները լավագույն դեպքում դիտորդներ էին, իսկ վատագույն դեպքում՝ ակտիվորեն աջակցում էին տեղի հայ բնակչության նկատմամբ շարունակվող հալածանքներին։
Մոնագանի համոզմամբ՝ սա ստեղծում է «վտանգավոր նախադեպ, որ միջազգային մարդասիրական իրավունքը կարող է խախտվել առանց հետևանքների»։
«Ստեղծում է ապագա ադրբեջանական ներխուժման վտանգ Հայաստան, օրինակ՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհն ապահովելու համար»,- հավելել է նա։
Քարոլ Մոնագանի խոսքով՝ ԼՂ-ի հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտումը շատերին հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիան, ըստ նրա, չի կարողացել ճանաչել այն և «հերքելով պատմական ոճրագործության պաշտոնական ճանաչումը՝ շարունակում է ապալեգիտիմացնել հայ համայնքի կրած հավաքական ցավը»։
«Պետք է լինեն պատժամիջոցներ Բաքվի նկատմամբ»
Պահպանողական կուսակցության մեկ այլ անդամ՝ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընը նույնպես արձանագրել է՝ Ադրբեջանը լայնամասշտաբ էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Նա Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Լոութընի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է ԼՂ տարածքում դարեր շարունակ:
Պատգամավորը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին ու հարցրել «կառավարությունը հետաքննելո՞ւ է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով»։
«Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյո՞ք կառավարությունը կպահանջի հետաքննել, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալներին և ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- հարցրել է Լոութընը։
Թիմ Լոութընի փոխանցմամբ՝ կա ահազանգ, որ առաջիկայում հնարավոր են «ռազմական ոտնձգություններ ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ»։
«Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ խնդիրները՝ բրիտանական խորհրդարանում