Վրաստանի իշխանություններն ուզում են «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրենք ընդունել
ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենք Վրաստանում
Վրաստանի իշխող կուսակցությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, այն է՝ ընդունել օրենք, որը, ըստ կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի, կոչված է «պաշտպանելու հասարակությունը կեղծ-ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»։ Պարզ ասած՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ցանկանում է ընդունել օրենք, այսպես կոչված, «ԼԳԲՏ քարոզչության» դեմ։
Նման օրենք Ռուսաստանում ընդունվել է 2022 թվականին։
«Կեղծ-ազատական գաղափարախոսություն»
Օրինագիծը խորհրդարանում կներկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում։
«Վրացական հասարակությունը միշտ հանդուրժող է եղել, բայց չի կարող հանդուրժող լինել կեղծ-ազատական քարոզչության նկատմամբ։ Մենք ամբողջ աշխարհում կեղծ-ազատական գաղափարախոսության տարածման լուրջ միտումներ ենք տեսնում։ Այդ քարոզչությունը գնալով ավելի կոպիտ ձևեր է ստանում։ Ամենակարևորն այն է, որ քարոզչությունը լուրջ հետևանքներ է ունենում»,— ասում է Մամուկա Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը հաստատում են միջազգային ուսումնասիրությունները.
«Միջազգային ուսումնասիրությունները հաստատում են, որ մի շարք երկրներում, որտեղ հատկապես ակտիվորեն տարածվում է կեղծ-ազատական գաղափարախոսությունը, 18-25 տարեկանների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների թիվն արդեն մոտ 20 տոկոս է, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ ավելի։ Տագնապալի է, որ յոթ տարվա ընթացքում այս ցուցանիշը եռապատկվել է, և աճը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ այդ քարոզչությունը հատկապես ակտիվացել է»։
- Վրաստանի նախագահի հարցազրույցը BBC-ին. ռուսական սպառնալիքի մասին և ոչ միայն
- «Ինձ ասացին, որ ես թշնամի եմ». արգելվել է հերթական ռուս ակտիվիստի մուտքը Վրաստան
- «Վրացական երազանքը» միակ կեղծավոր կուսակցությունն է Եվրոպայում». վրացի քաղաքագետ
Մդինարաձեն հիշեցրել է, որ 2017 թվականին Վրաստանի խորհրդարանը կանխել է միասեռ ամուսնությունների օրինականացումը և սահմանադրության մեջ ուղղակիորեն ամրագրել է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է՝ ընտանիք ստեղծելու նպատակով։ Սակայն խորհրդարանի նախագահը մտավախություն ունի, որ Վրաստանին կարող են «խնդրել» ընդունել «քաղաքացիական զուգընկերության մասին» օրենք։
Մդինարաձեն նաև ասում է, որ Վրաստանում «կեղծ-ազատականները» ամեն տարի փորձում են հասարակությանը «պարտադրել» «Հպարտության շքերթ» (գեյ շքերթ) անցկացնել, մինչդեռ սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը դա ընկալում է որպես քարոզչություն։ Մդինարաձեի խոսքով՝ «նման ագրեսիվ քարոզչությունը, ընդհակառակը, բացասաբար է անդրադառնում տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության վրա։
Ընդհանրապես, ըստ Մդինարաձեի, «այս ամբողջ քարոզչությունը ոչ մի ընդհանրություն չունի մարդու իրավունքների պաշտպանության հետ, դրա նպատակը ոչ ավանդական ապրելակերպի հանրահռչակումն է»։
Ելնելով այս ամենից՝ «Վրացական երազանքը» որոշել է պատրաստել օրենսդրական նախաձեռնություն, որը «կպաշտպանի հասարակությանը կեղծ-ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»։
Սա Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենք նախաձեռնելու առաջին փորձը չէ։ 2023 թվականի մայիսին ռուսամետ հոմոֆոբ «Պահպանողական շարժում» կուսակցությունը ծայրահեղ աջակողմյան Alt-Info հեռուստաընկերության հետ միասին պատրաստել էր նմանատիպ բովանդակությամբ օրինագծերի փաթեթ։